Հայաստանը եւ հայությունը` ուրույն քաղաքակրթություն
Հաշվի առնելով գլոբալացման գործընթացների տրամաբանությունը, դժվար չէ տեսնել, որ նման հիմնախնդիրների առջեւ այսօր կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլեւ մի շարք մեծ եւ փոքր պետություններ (նախկին ԽՍՀՄ-ից` Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան), որոնք քաղաքակրթական կողմնորոշումների առումով հայտնվել են երկընտրանքային իրավիճակում։ Նման անբարենապաստ վիճակում դիմակայելու համար պահանջվում են քաղաքակրթական բնույթի բնական ռեսուրսներ, որոնց, ինչպես հայտնի է, բոլորը չէ, որ տիրապետում են։ Այս առումով հայության դիրքերը անհամեմատ ավելի շահեկան են։ Կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանը եւ հայությունը հանդիսանում են ուրույն, կամ` օգտվելով Առնոլդ Թոյնբիի եզրաբանությունից` լոկալ քաղաքակրթություն, որին բնորոշ են ինքնատիպ հոգեւոր-մշակութային արժեքներ։ Թվարկենք դրանցից մի քանիսը.
• Հայերի ծագումնաբանությունը եւ հայոց լեզուն յուրահատուկ տեղ են գրավում հնդեվրոպական ազգերի խմբում;
• Քրիստոնեությունն առաջինը ընդունած պետության գաղափարի համատեքստում` Հայ եկեղեցին ունի իր ուրույն ուղղվածությունը;
• Ինքնատիպ երեւույթ է Մեսրոպյան այբուբենը եւ դրանով պայմանավորված հայկական բազմադարյա գրական ժառանգությունը;
• Ուրույնությունը հաստատող բոլոր հատկանիշներն ունի հայկական մշակույթը;
Հավելենք նաեւ, որ հայությունն անցել է յուրահատուկ պատմական ուղի, կուտակելով նաեւ բազմադարյա քաղաքական մշակույթ եւ այսօր էլ հանդիսանում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ քաղաքականության (հաշվի առնելով, մասնավորապես, Ցեղասպանության եւ ԼՂՀ հիմնախնդրին առանչվող հարցերը) սուբյեկտ։
Սակայն մեր ուրույնությունը սոսկ պատմական երեւույթ չէ, դա նաեւ արմատացած է մեր ժողովրդի գիտակցությունում։ Դրա մասին են վկայում, մասնավորապես, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ-ի անցկացրած «Հայաստանի երիտասարդության վերաբերմունքը եվրոպական արժեքներին եւ Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային» թեմայով իրագործած սոցհարցման արդյունքները։ «Ձեր կարծիքով, ո՞ր մշակույթին եւ մտածելակերպին է մոտ հայկական մշակույթը եւ մտածելակերպը» հարցին հարցվողների 70,5% պատասխանել է «Ոչ մեկին, հայկական մշակույթը եւ մենթալիտետը եզակի են»։
Քաղաքական-քաղաքագիտական ընտրանու շրջանակներում այս թեմայի շուրջ կատարվել է ֆոկուսային սոցհարցում նաեւ «Նորավանք» հիմնադրամի կողմից։ Արդյունքները վկայում են, որ հարցվողների գերակշռող մասը նույնպես համոզված է, որ Հայաստանը եւ հայությունը ուրույն քաղաքակրթության կրողներ են հանդիսանում։ Ստորեւ ներկայացնում ենք մի քանի բնորոշ պատասխաններ այդ հարցումից։
«Հայաստանը լոկալ քաղքակրթության կրող է. մեր ժողովրդին հատուկ է բաց, ընկալունակ լինելը, տեղայնացնելու կարողությունը. սա մեր ազգի գլխավոր առավելությունն է»: «Հայերի պատմական առաքելությունը քաղաքակրթություների կամրջողի դերակատարությունն է. ավելի կայուն պատվար` ընդդեմ գլոբալիզացիայի կամ ծայրահեղ մահմեդակնության հաղթարշավների, քան այս է, թերեւս անիմաստ է փնտրել»։ «Արեւմտյան արժեքներից` կենտրոնանալ քաղաքական եւ տնտեսական մրցակցության վրա` միջանձնային հարաբերություններում մնալով պահպանողական. այս է պահանջվում, եւ սա հնարավոր է»։ Նման պատասխանների շարքը կարելի է ավելացնել։
Այսպիսով ՀՀ-ում կարեւոր դերակատարում ունեցող սոցիալական խմբերի` երիտասարդության եւ քաղաքական ընտրանու գերակշռող մասը ընկալում է հայությունը որպես ուրույն քաղաքակրթություն։ Այդ իրողությունը լուրջ նախապայման է, որպեսզի այդ թեզը տեղափոխվի ՀՀ քաղաքական դաշտ։
Միեւնույն ժամանակ համաշխարհային մրցակցային դաշտում հաջողության հասնելու համար քաղաքակրթական ուրույնությունը հանդիսանում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման։ Անհրաժեշտ է, որպեսզի այս կամ այն քաղաքակրթության կրողը կարողանա համապատասխան եւ համարժեք լինել ժամանակակից աշխարհակարգի տրամաբանությանը, տիրապետի ինքնակազմակերպման մեխանիզմներին, կարողանա օգտվել հոգեւոր, մտավոր ու տնտեսական զարգացման համար ընձեռնված հնարավորություններից։
Հայկական քաղաքակրթությունը եւ գլոբալացվող աշխարհը
Հայկական քաղաքակրթությունը լինելով ինքնատիպ, միեւնույն ժամանակ պարունակում է ունիվերսալ բնույթի բաղադրիչներ, որոնց էությունը համահունչ է արդի համամարդկային արժեքներին։ Համառոտ թվարկենք դրանցից մի քանիսը.
• Հայությանը բնորոշ են քրիստոնեական, մարդասիրական մոտեցումներ, որոնք արտահայտվում են բազմաթիվ պատմագրություններում, էպոսում, գործարարական եւ ռազմական վարքականոններում;
• Հայությունը ազատության եւ արդարության գաղափարների նկատմամբ մշտապես ունեցել է հատուկ դրական վերաբերմունք եւ դրա մասնավոր արտահայտությունն է ճորտատիրության բացակայությունը հայ հասարակությունում;
• Հայությունում արմատավորված է հարգանքը կնոջ հանդեպ, ինչը փաստում է կնոջ եւ տղամարդու միջեւ խտրականության բացակայության սկզբունքը, որը նույնպես հաստատվում է բազմաթիվ պատմագրական, ազգագրական փաստերով։
Ներկայումս Արեւմուտքը փորձում է ներդնել մեզանում համամարդկային արժեքներ, որոնք, խորքային առումով, մենք վաղուց կրում ենք եւ ներմուծման կարիք չունենք, ու ակնհայտ է, որ հասարակությունը գրեթե անտարբեր է դրսի քարոզչության նկատմամբ։ Դա պայմանավորված է ոչ թե այդ արժեքների բովանդակությունով, այլ այն մեթոդներով, որոնց միջոցով իրականացվում են «ժողովրդավարացման» ամենազանազան նախագծերը։ Այդ իրողությունն են արտահայտում, մասնավորապես, «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Օրինակ, «իմաստ չեմ տեսնում հակադրել հայկական եւ եվրոպական մշակույթները. մենք հեշտությամբ կարող ենք ինտեգրվել Եվրոպային՝ պահպանելով ե՛ւ մեր ավանդույթները, ե՛ւ մշակույթային արժեքները» պնդմանը դրական են պատասխանել հարցվողների 59.4%: «Քաղաքակրթական արժեքների առումով մենք հարում ենք...» հարցադրմանը հարցվողների 20.6% պատասխանել են «Միանգամայն տարբերվող եւ ինքնատիպ քաղաքակրթություն ենք», իսկ «Բոլորի համադրումն (սինթեզն) ենք»` հարցվողների 22.7%։ Հարցախույզի նման արդյունքները փաստորեն արտահայտում են մեր հանրության մեծամասնության վերաբերմունքը քաղաքակրթական խնդրին. հայութունը ուրույն է եւ պահպանողական ու միեւնույն ժամանակ «բաց է» համաշխարհային զարգացումների համատեքստում։ Այս առիթով հարկ է շեշտել, որ նման, իր ձեւի մեջ թվում է թե երկակի, բայց իրականում` ամբողջական մոտեցումը բնորոշ է ներկայիս չափանիշներով ամենահաջողակ քաղաքակրթություններին` անգլո-սաքսոնյանին եւ չինականին։
Ամփոփելով կարելի է փաստել, որ ի տարբերություն շատ երկրների ու ազգերի, ՀՀ-ն եւ հայությունը ունեն անհրաժեշտ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս որակել հայկական քաղաքակրթությունը որպես ուրույն։ Միեւնույն ժամանակ հայությանը խորթ չեն են այսօրվա քաղաքական-հասարակական կյանքում գերակայող սկզբունքները։ Նման իրողության ներդրումը եւ «կուլտիվացիան» քաղաքական-հասարակական դաշտում թույլ կտա հայությանը անհամեմատ ավելի արդյունավետ գործել ե՛ւ ՀՀ-Սփյուռք շրջանակներում, ե՛ւ ներկայի քաղաքակրթական բախումների քաղաքական հարթությունում։
Էջանիշներ