հենց նոր կարդում էի երեկվա գրառումներս... բավական ծիծաղելի է ստացվում տրանսլիտով գրելու արդյունքը…
Երեկվա օրը վերջացավ… Հոյակապ օր էր, անմոռանալի ու հիասքանչ… Անչափ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին երեկվա օրվա իրականացմանը՝ թե գումար հանգանակողներին, թե անձամբ եկածներին… Նկարները կտեղադրեմ վաղը…
Մանկատանը արժանացանք ջերմ ընդունելության… Արտաքնապես շենքը բավական լավ վիճակում էր: Հետագայում, տնօրենի հետ խոսակցության ժամանակ պարզվեց, որ այդ ամենը կատարված է բարեգործների օժանդակությամբ, իսկ պետության կողմից մեկ երեխայի խնամքի, սնունդի, հագուստի ու մնացյալ ծախսերի համար ամսեկան նախատեսված գումարը հաստատ չէր բավականացնի նույնիսկ երեխային մեկ սեզոնի համար նախատեսված հագուստի ամբողջ կոմպլեկտ գնելու համար:
Տնօրենի հետ խոսելուց հետո կազմակերպեցինք շրջայց մանկատնով: Ասեմ, որ երեխաները ամեն հնարավորինս ձևերով ապահովված են նորմալ կյանքով ապրելու պայմաններով… Ունեն հեռուստացույց, հաճելի գիշերասենյակներ: Մեզ զարմացրեց նրանց ձեռքի աշխատանքների բազմազանությունն ու հմտությունն այդ գործում: Կեցցեն մանկատան ղեկավարությունը, որ նրանց այդպիսի արհեստներ.ի են սովորեցնում և մանկատան սաները հաստատ չեն կորչի կյանքում, քանի որ նրանք ունեն հմուտ ձեռքեր:
Շրջայցից հետո իջանք բակ, որտեղ երեխաները խաղում էին: Բակը հարմարեցված էր մանուկների համար խաղեր կազմակերպելու հարմարություններով: Այնտեղ հանդիպեցինք երեխաներին՝ 1.5-14 տարեկան երեխաների (երեխաների մի մասը գնացել էր տներով, իսկ մի քանի հոգի էլ՝ հանգստանալու Ծաղկաձորի ճամբարներում):
Երեխաների հետ հանդիպումն անցավ շատ բուռն ու հետաքրքիր: Ընթացքում Հովսեփն ու Վահագնը երեխաների հետ ֆուտբոլ խաղացին (արդեն մանկատնից դուրս գալու ժամանակ նրանց միացան Արշակն ու Նարեկը և ոչ մի կերպ չէին ուզում խաղը դադարեցնել), Հովսեփը փորձում էր երեխաներին "կյանքի փորձ" սովորեցնել` խաղաթղթեր խաղալ սովորեցնելով; Երեխաների հետ ակումբցիները խաղացին գործնագործ:
Երբ 3 տարեկան Մոնիկային հարցրեցի.- "Ո՞ւմ ես սիրում ամենաշատը" (նկատի ունենալով ընկերներին), նա պատասխանեց - "Մամայիս": Իսկ հետո 3 տարեկան Մոնիկան, Միլենան ու մեկ այլ աղջնակ (ում անունը չեմ հիշում), ինձ համար երգեցին, որ իրենց համար հայրենիքից ու թանկագին մայրիկից սիրելի ոչինչ չկա այս աշխարհում: Վերջում էլ, հրաժեշտի ժամանակ երեխաները խնդրեցին նորից վերադառնալ: Իմ կողմից նշեմ, որ այնքան կարոտ ու թախիծ կար նրանց աչքերում, ու այնքան սեր դեպի նրանց այցելող ցանկացած անձը:
Երկվա օրվա երկրորդ կեսը ևս հոյակապ անցավ: Գնացինք Սևանի Հարսնաքար լողափին կից ջրաշխարհը ու բավական հաճելի ու անմոռանալի ժամանց անց կացրեցինք: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան ու իրենց ներկայությամբ հագեցրեցին մեր օրը:
Հ.Գ. Նկարները կլինեն վաղը
Էջանիշներ