Երրորդ անգամ չեն սխալվի
Երբ Հայաստանում նոր էր ներմուծվում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որը Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու պահանջներից մեկն էր, շատերը մտածում էին, որ դա հերթական իմիտացիան է, եւ օմբուդսմենը ավելի շուտ պաշտպանելու է իշխանավորներին՝ հասարակ մարդկանց ոտնձգություններից, քան հակառակը: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ օմբուդսմենը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից, այլ ոչ թե նշանակվի նախագահի հրամանագրով՝ դա էլ առանձին խանդավառության տեղիք չէր տալիս, քանի որ բոլորը գիտեն, որ ԱԺ-ն «սխալ մարդու» չի ընտրի:
Տեսականորեն այդպես էլ պետք է լիներ, բայց այս անգամ սովորական եւ բազմիցս կիրառված մեխանիզմը չաշխատեց: Դժվար է ասել՝ գուցե պաշտոնն ի՞նքն է տրամադրում խղճի գոնե նվազագույն դրսեւորումների, թե՞ համապատասխան թեկնածություն ընտրելիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարզապես սխալվել էր՝ ենթադրելով, որ առաջ է քաշում հերթական պնակալեզի, բայց փաստը մնում է փաստ. թե՛ Լարիսա Ալավերդյանը, թե՛ Արմեն Հարությունյանը, հնարավորությունների սահմաններում, փորձում էին կատարել օրենքով նախատեսված իրենց պարտականությունները:
Հետաքրքիր է, որ ընտրվելուց առաջ Արմեն Հարությունյանը ազնվորեն զգուշացրել էր պատգամավորներին՝ «եթե կարծում եք, որ ես կամակատար եմ լինելու, խնդրում եմ «դեմ» քվեարկել»: Պատգամավորները չհավատացին՝ հավանաբար ընկալելով դա որպես հերթական երեսպաշտություն, եւ սուսուփուս կատարեցին «վերեւների» հրահանգը՝ ընտրելով ներկայիս օմբուդսմենին: Հիմա կրակն են ընկել, եւ հաստատ նույն «վերեւները» հիմա brain sturm են անում՝ գտնելու համար որեւէ «իրավական հիմք»՝ Արմեն Հարությունյանից ազատվելու համար, որպեսզի պահպանվի օրինականության ինչ-որ պատրանք: Բանն այն է, որ օրենքն այդ առումով ճիշտ է գրված. ընտրել կարող ես, պաշտոնանկ անել (առանց դատարանի որոշման)՝ ոչ: Իրավունքի այս նորմը տեսականորեն իսկապես ապահովում է պաշտոնյայի հարաբերական անկախությունը: Կարելի է, իհարկե, օրենքը փոխել կամ պարոն Հարությունյանի գրպանը մի քանի գրամ թմրանյութ գցել եւ հետո դատել: Բայց նման պարզունակ «մենթական հնարքները», ըստ երեւույթին, կիրառվելու են Ստրասբուրգում մեր խնդիրը քննարկելուց հետո:
Հաջորդ օմբուդսմենի ամենահարմար թեկնածուն, անշուշտ, Գրիգոր Ամալյանն է (որպեսզի ՀՌԱՀ-ը «բարեփոխելուց» հետո նա առանց գործի չմնա): Նման «իրավունքների պաշտպանի» պարագայում «մարտի 1-ից» հետո զեկույց կգրվեր մոտավորապես հետեւյալ բովանդակության. «Ճիշտ են արել, որ 10 հոգի են սպանել, պիտի 20-ին սպանեին, ճիշտ են արել, որ մարդկանց ծեծել-ջարդել են, ճիշտ են արել, որ մարտի 1-20-ը գրաքննություն են մտցրել, պետք է ընդմիշտ մտցնեին»: Այդ դեպքում դատախազն ու արդարադատության նախարարը գուցե հանդես գային առարկություններով՝ նշելով, որ իրավապահների գործողությունների մեջ էլ թերեւս տեղ էին գտել որոշակի թերություններ:
ԱՌԱՎՈՏ
Էջանիշներ