Ֆիկտիվ պաշտոններն ավելանում են
Հայաստանի խորհրդարանը, մեղմ ասած, մեր ամենահեղինակավոր պետական կառույցներից չէ՝ սրա հետ, հավանաբար, ոչ ոք չի վիճի: Պատճառները բազմապիսի են: Դրանցից մեկը ԱԺ-ի գործառույթների երկվությունն է: Մի կողմից՝ խորհրդարանը պետք է հիմնականում մշակի երկրի օրենսդրությունը. այդ աշխատանքը կարող են կատարել միայն օրենսդրության մեջ խորացած մարդիկ՝ անկախ իրենց հիմնական մասնագիտությունից: Մյուս կողմից՝ տեսականորեն ճիշտ է նշվում, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է եւ այնտեղ պետք է բանավիճեն ընտրողների վստահությունը ստացած կուսակցությունները: Դասական ժողովրդավարության պայմաններում այդ երկվությունը հաղթահարվում է հետեւյալ կերպ. քաղաքացիների մի մասը ձայն է տալիս, ասենք, ազատական ուղղվածության կուսակցություններին, մյուսը՝ սոցիալիստներին (դիտմամբ ներկայացնում ենք փոքր-ինչ պարզեցված տարբերակը), եւ խորհրդարանում օրենսդրություն մշակելիս «բալանսի են բերվում» քաղաքացիների տարբեր խմբերի շահերը:
Ավելորդ է նշել, որ Հայաստանի խորհրդարանը չափազանց հեռու է ներկայացված սխեմայից: Նախ՝ սկսած 1995 թվականից մեր Ազգային ժողովը ոչ մի օրենսդրություն էլ չի մշակում, այլ միայն «դակում է» գործադիրի ուղարկած տեքստերը (որովհետեւ ճնշող մեծամասնություն են կազմում գործադիրի «դաբրոյով» անցած պատգամավորները): Երկրորդ՝ ներկայիս խորհրդարանի ուժերը որեւէ գաղափարախոսություն չեն ներկայացնում եւ, հետեւաբար, գաղափարական խնդիրների շուրջ չեն կարող բանավիճել: Երրորդ՝ այս Ազգային ժողովը սարսափելի հեռու է ժողովրդից, քանի որ ընդդիմությունն այնտեղ զուտ խորհրդանշական ներկայություն ունի:
Այսքանից հետո ասել, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ի հասցնելով՝ ԱԺ-ի արդյունավետությունը կբարձրանա, կնշանակի պարզապես ծաղրի ենթարկել ողջ հասարակությանը: Հասկանալի է, որ դա արվում է, որպեսզի կոալիցիոն բոլոր կուսակցություններն իրենց լավ զգան, հպարտանան, որ խորհրդարանում պաշտոններ ունեն, ստանան չինովնիկներին հասանելի բոլոր հաճույքները: Բայց զուտ գործնական առումով այդ «կոալիցիոն պայմանավորվածությունները» որեւէ իմաստ չունեն: Ֆիկտիվ խորհրդարանում ֆիկտիվ պաշտոններ բաժանելը նման է ինքնանպատակ մի խաղի, ընդ որում՝ հարկատուների հաշվին, որովհետեւ նոր առանձնասենյակները, քարտուղարուհիները եւ ծառայողական մեքենաները սպասարկվելու են, բնականաբար, բյուջեի հաշվից:
Իսկ գործնականում, մեր խորհրդարանում այդքան պատգամավորներ չկան, որոնք իրենց մտավոր մակարդակով կարողանան աշխատել 12 մշտական հանձնաժողովներում, ուստի դրանց արդյունավետությունը զրոյական է լինելու:
ԱՌԱՎՈՏ.am
Էջանիշներ