Միայն հիմա, մեր բաժանման վերջում եմ հիշում, որ գիտակցական կյանքիս լավագույն տարիները, որ անց եմ կացրել Սան Ֆրանցիսկոյում, անմոռանալի են ու անփոխարինելի, քո աչքերի փայլի պես: Այն ժամանակ մենք միայն 20 տարեկան էինք, հեռու ծնողներից ու բոլորովին մենակ անծանոթ քաղաքում, սրտներս բերնեբերան լցված միմյանց նկատմամբ անսահման սիրով ու քնքշանքով, և պատրաստ էինք հաղթահարել ցանկացած դժվարություն: Չեմ էլ կարողանում հասկանալ, թե այդ երբ կորցրինք ինքներս մեզ ու չնկատեցինք, որ Ջազ համերգին մասնակցելու համար մի քանի մերանոց պատից ցատկող երկու խենթերը երբ դարձան այսքան «ճիշտ» ու դժբախտ: Կար ժամանակ և դա վաղուց չէր, երբ քայլում էինք համար 27 փողոցով մինչև համար 73 փողոցի այգին, ուր նստարանի մի անկյունում փորագրված էին մեր անունների սկզբնատառերը և պառկած այդ նստարանին` նայում էինք այգում թռչկոտող կեռնեխներին : Հիմա այգին այդ այլևս մերը չէ, ինչպես նաև նստարանը, որի ներկի հաստ շերտում թաքնված է մեզ համար մի ժամանակ աշխարհիս ամենաթանկ T.D. փորագրությունը:
Ես միշտ կհիշեմ մեր պսակադրությունը oրը, կյանքիս լավագույն մի քանի ժամն էր, երբ Սբ. Ստեֆանի եկեղեցում սպասում էի քեզ, ու այն պահին, երբ մի փոքրիկ բղավեց .-Գալիս է, հարսնացուն գալիս է;-սիրտս այնքան ուժեղ սկսեց բաբախել, որ թվում էր, թե ուր որ է դուրս կթռչի կրծքիցս ու կնետվի դեպի ձյունափայն զգեստով օրիորդի գիրկը: Դու այնքան գեղեցիկ էիր, այնքան նուրբ ու քնքուշ, որ վախենում էի ձեռքդ ամուր բռնել, կարծես թե պիտի կոտրեի իմ ճենապակե արքայադստեր ձեռքը: Այդ ժամանակ ես պատրաստ էի խեղդել բոլոր նրանց, ովքեր իրենց ամենազարգացած երևակայության մեջ նույնիսկ կհամարձակվեին ենթադրել, որ ես կարող եմ չնկատել գրչից առաջացած կոշտուկն այդ փխրուն ձեռքին, մոռանալ այդ վարդ-շուրթերը, այն պարանոցը, որ բանաստեղծները մարմարե աշտարակ կկոչեին: Այդ ժամանակ դա կնշանկեր մոռանալ ինքս ինձ ու վերանալ երկրի երեսից: Այդ ժամանկ ոչ ես, ոչ էլ մեկ ուրիշը չէինք կարող հավատալ, որ կարող եմ անծանոթ քաղաքում թողնել մենակ կյանքիս միակ արժանավոր մարդուն ու ժամանակ անցկացնել մի ծեր տիկնոջ հետ, ում շողոքորթելը կարող էր օգտակար լինել իմ աշխատանքին: Դե իհարկե դա աներևակայելի ու անընդունելի էր այն ժամանակ, սակայն արդյոք այդ ժամանակն այդքան հեռու է, և արդյոք այդքան շատ բան է փոխվել այդ ժամանակից ի վեր: Ոչ, կասեմ ես քեզ հիմա, սակայն այս տասը տարիների ընթացքում մենք հասցրեցինք փոխվել ու դառնալ նրանցից, ովքեր առավոտյան միշտ նույն ժամին նախաճաշում են, դուրս գալիս տանից ճիշտ ութն անց քարասուն, ամբողջ աշխատանքային օրն անցկացնում քթները խոթած թղթերի մեծ կույտի մեջ, իսկ երեկոյան վերադառնում այնքան ուշ, որ միմյանց բարի գիշեր մաղթելը եզակի երևույթ դառնա: Իհարկե դա չէր վերաբերվում «Շնորհակալության օրվան»: Այդ օրը մենք միասին այցելում էինք մեր ծնողներին ու փորձում մեղմել նրանց ճերմակ արահետներով լի կյանքի ավարտը: Մենք մեզ այնքան ենք կորցրել, որ նույնիսկ ծնողների ներկայությամբ վիճում ենք կենցաղային թեմաներով: Ու մի օր էլ մեզ կզանգահերն ու կասեն, որ ծնողներն արդեն չկան ու այդ ժամանակ մենք կզգանք, որ աշխատանքային թղթերում երբեք չենք գտնի մեր քնքուշ մայրերին ու բարի հայրերին:
Չեմ ուզում հիշել նաև իմ իրար հերթափոխող գեր ու տգեղ սիրուհիներին, որոնցից յուրաքանչյուրն ինձ օգնում էր աշխատանքային ինչ-որ չնչին աճ ունենալ և մի քանի ճղճիմ գրոշ ավելին ստանալ: Սակայն այս ամենը ոչ միայն կոտրեց քո սիրտն ու իսպառ վերացրեց իմ խիղճը, այլ մեզանից տարիներով ու կիլոմետրերով հեռու շպրտեց մեր կատարյալ երջանկությունն ու այն մեծ սերը, որ հիմա դարձել է «սիսեռի հատիկ»:
Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս և ես ուզում եմ խնդրել քեզ, որ միշտ հիշես մեր այն երջանիկ օրերը, երբ Ֆրանսիայի հարավային ծովափերից մեկում կարող էինք մի քանի օր պառկած մնալ տաք ավազին ու երկինք նայել, մինչև լրիվ առևայրուք ստանալը: ԵՎ միայն այդ ժամանակ մենք իսկապես մենք էինք: Ներիր, որ մոռացել էի այս ամենի մասին ու քեզ ցավ պատճառել: Ես մոռացել էի, որ քեզ իմ ապահովված բարեկեցությունն ամենևին էլ պետք չէր, այլ իմ սերն ու հոգատարությունն էր պետք, սակայն ես կործանվեցի հարստության ճանապարհին: Միայն մի բան, եթե կարող ես հիշիր, որ չնայած ես սրիկա եմ դառել, չեմ մոռացել մեր երջանիկ րոպեներն ու սիրում եմ քեզ:
Չկորցնես քեզ երբեք…
Ձեր դատին եմ հանձնում իմ վերջին պատմվածքիկներից մեկը։
Լիլ, շնորհակալ եմ...

Էջանիշներ