«Գորիկ Գուրգենիչ, ջոկել ա, կարող եք գնալ»
Թեեւ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն անցել է փակ, սակայն այդ հանդիպման լուսանկարներից եւ շատ փոքր տեսանյութից կարելի է դատել խոսակցության բուն ընթացքի մասին:
«Բարեւ Րաֆֆի, մենակ ե՞ս, թե՞ Սամվելն էլ ա հետդ», հարցնում է Սերժ Սարգսյանը նախագահական մտած Րաֆֆի Հովհաննիսյանին
«Բարեւ, պարոն նախագահ, Սամվելն իմս չէ, Սամվելը ձերն է», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սամվելը քոնը չի, դրա համար ես տխու՞ր», հարցնում է Սերժ Սարգսյանը:
«Ոչ մի տխուր, Սամվելը ձեզ, իսկ մեզ Քարֆուր», բացականչում է Րաֆֆի Հովհաննիսյանը, մտածելով, որ խոսքը ոչ թե Մամիկոնյանենց, այլ Ալեքսանյան Սամվելի մասին է:
«Այ մարդ, հեչ հումոր չունես, էն ժամանակ ինչ Քարֆուր», ասում է Սերժ Սարգսյանը, հետո մտածում ինքն իրեն. «Բայց մի րոպե, կարող ա՞ Սամվելը ոչ թե ուրացող, այլ քարֆուրացող մորն էր սպանել»:
«Լավ, լավ, արի չքաղաքականացնենք մեր հանդիպումը Րաֆֆի, նստի, խոսենք», ասում է Սերժ Սարգսյանը բարձրաձայն:
«Խոսելու բան չկա, պարոն նախագահ, իշխանությունը տվեք վերջանա գնա», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հիմա եկել իշխանություն ես ուզում, որ ի՞նչ անես», ասում է Սերժ Սարգսյանը:
«Բա ի՞նչ անեմ», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ինչ ուզում ես արա», ասում է Սերժ Սարգսյանը:
«Բայց ախր ես էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում, պարոն նախագահ», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Րաֆֆի, դու հո Պարույրը չես, հո քեզ էլ չեն խփել, որ չգիտես ինչ ես ուզում: Նրան էլ, որ խփեցին, խփելուց հետո ինքն էլ ահագին ժամանակ չգիտեր ինչ ա ուզում: Մինչեւ բացատրեցինք ինչ ա ուզում, կես մարդ դարձանք», ասում է Սերժ Սարգսյանը:
«Պարոն նախագահ, ինձ չեն խփել, ես եմ խփել», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոնց թե, ու՞մ ես խփել, Րաֆֆի, բա չէինք պայմանավորվե՞լ, որ էլ խփել-մփել չկա», ասում է Սերժ Սարգսյանը: Հետո տեսնում է, որ այդ խոսքերի վրա վարագույրը շարժվեց: «Դուրս գալ չկա, պետք չի, ժամանակը չի, ես կասեմ», անմիջապես բացականչում է Սերժ Սարգսյանը: Վարագույրն անշարժանում է:
Րաֆֆի Հովհաննիսյանը չի նկատում, որովհետեւ վարագույրին մեջքով է նստած: «Պարոն նախագահ, բայց ես դուրս չեմ գալիս, ես դեռ նոր եմ եկել», զարմացած ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Դե հիմա ասա, գալուց էդ ու՞մ ես խփել», ասում է Սերժ Սարգսյանը:
«Պարոն նախագահ, ես ոչ մեկին չեմ խփել, ես հաղթել եմ, ուղղակի ձեր լեզվով եմ ձեզ հետ խոսում, որ առավելագույնս պարզ, հասկանալի լինեմ ձեզ համար», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Րաֆֆի, էն վարդենիսցի պապիկները նույնիսկ գիտեն, թե իմ հետ ինչ լեզվով պետք ա խոսան, դու ամերիկաներում սովորած մարդ, չգիտես էդքան բանը: Բա ամոթ չի՞, բա էդքանից հետո ո՞նց ես երկիր ղեկավարելու», ասում է Սերժ Սարգսյանը:
«Պարոն նախագահ, երկիրը ժողովուրդն է ղեկավարելու», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Րաֆֆի, եկել ստեղ գլխիս հեքիաթ ես կարդում, որ ի՞նչ անես», ասում է Սերժ Սարգսյանը:
«Պարոն նախագահ, դա հեքիաթ չէ, դա վաղվա Հայաստանն է, դա նոր Հայաստանն է, դա բոլորիս Հայաստանն է, դա մեր պապերի երազած Հայաստանն է, դա Հայաստանի չորրորդ հանրապետությունն է», հայտարարում է Հովհաննիսյանը:
«Այ Րաֆֆի ջան, Հայաստանը հո ձմեռվա զակատի բանկա չի, որ հաշվում ես՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ: Տնաշեն, հետդ կալկուլյատորով պետք ա խոսանք սրանից հետո», ասում է Սերժ Սարգսյանը:
«Ես չեմ վաճառվում, պարոն նախագահ», կալկուլյատորի մասին լսելով հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Րաֆֆի, նոր ասում էիր չգիտես ինչ ես ուզում: Բա որ չգիտես ինչ ես ուզում, բա ինչ գիտես վաճառվել ուզում ես, թե չես ուզում», ծիծաղում է Սերժ Սարգսյանը: Մինչ Րաֆֆին կփորձի առարկել, Սերժ Սարգսյանը ասում է. «Լավ, լավ, կատակ էի անում, այ տղա, ինչի ես չգիտե՞մ, որ դու չես վաճառվում: Վաճառվես, որ ի՞նչ անես»:
«Բա հիմա ինչ պետք է անենք, պարոն նախագահ», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այ մարդ, դու էիր ձենդ գլուխդ գցել՝ հանդիպենք, հանդիպենք: Բա չէիր մտածու՞մ, հանդիպենք որ ի՞նչ անենք», ասում է Սերժ Սարգսյանը. «Կարող ա՞ ես եմ մեղավոր, որ հանդիպել ենք: Դե լավ, արի Ռիտային ասեմ մի քիչ բլինչիկ ժարիտ անի, մի կտոր հաց ուտենք, հետո մի քիչ նարդի-մարդի կխաղանք, մինչեւ ժամն անցնի դուրս գաս»:
«Պարոն նախագահ, ես Պարույրը չեմ, իմացեք, որ հաղթեք նարդին, մեկ է չեմ շնորհավորելու», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այ մարդ, եղածը նարդի ա, ինչի՞ չես շնորհավորելու, շնորհավորի էլի, քեզանից ինչ ա գնում», ասում է Սերժ Սարգսյանը:
«Շնորհավորեմ, որ հետո ձայնագրությունը հայտնվի համացանցում, թե ոնց եմ ես ձեզ ասում շնորհավոր, հա՞», խորամանկորեն ժպտում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Րաֆֆի բայց շատ խորամանկն ես, հա: Գորիկ Գուրգենիչ, ջոկել ա, կարող եք գնալ, այսօր էլ անելու բան չկա», ասում է Սերժ Սարգսյանը: Վարագույրի հետեւից դուրս է գալիս Գորիկ Գուրգենիչը ու անձայն հեռանում:
«Դե լավ, արի, արի մի հատ ջարդդ տամ, որ խոսալու տեղ էլ չունենաս», ասում է Սերժ Սարգսյանը, բացելով նարդին:
«Իսկ բլինչիկները, պարոն նախագահ», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ուզու՞մ ես, բլինչիկների վրա կխաղանք», ասում է Սերժ Սարգսյանը:
![]()
![]()
![]()
Էջանիշներ