Շեֆ, ցնցող էր
Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀԿ Խորհրդում բարձր տրամադրություն է, բոլորն իրար շնորհավորում են ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հերթական փայլուն ելույթի եւ հանդուրժողության կապակցությամբ:
“Շեֆ, ցնցող էր”, երկխոսության մասին ելույթից հետո նրան է մոտենում Գալուստ Սահակյանն ու հարցնում` “հիմա մենք տունն ե՞նք, թե տունիկը”:
“Ինչ տուն, ինչ տունիկ, Գրիգորիչ”, հարցնում է Սերժ Սարգսյանը, ճակատից սրբելով հանդուրժողության քրտինքը:
“Դե, շեֆ, նրանք տուն-տունիկ սկսեցին, մենք էլ փաստորեն ընդունում ու շարունակում ենք, ուզեցի հիմանալ մենք ենք տունը իրանք տունիկ, թե իրանք են տունը, մենք տունիկ”, խոսելու իր գործառույթն է իրականացնում Գալուստ Գրիգորիչը:
“Ոչ մեկն էլ տունը չի, նոր եմ զանգել”, ասում է կողքից անցնող Ռուբեն Հայրապետյանը:
“Ռուբեն, հիշի, դու չես զանգելու, քեզ պետք ա զանգեն: Դու պետք ա զանգողին հայհոյես”, հանդուրժողության քրտինքը շարունակում է սրբել Սերժ Սարգսյանը:
“Կներես շեֆ, շփոթվել եմ”, ասում է Ռուբեն Հայրապետյանը:
“Ռուբեն ջան, ընկեր ջան, քանի անգամ ասեմ, դու ոչ պետք ա զանգես, ոչ էլ շփոթվես, դու պետք ա հայհոյես: Իսկ շփոթված ուժերին ես ասեցի, որ հանկարծ չշփոթեք, էս երկխոսությունը ես եմ նախաձեռնել, եւ սա իմ համոզումն է”, հանդուրժողության քրտինքով անձեռոցիկներն աղբամանը նետելով ասում է Սերժ Սարգսյանը:
“Շեֆ, բա էսքան ժամանակ դու քեզ էիր համոզու՞մ, որ լռություն էիր պահպանում, մեզ էիր հանել ընդդիմության դեմ”, ասում է Գալուստ Սահակյանը:
“Ոչ, ուղղակի ուզում էի համոզվել, որ դուք դրան ընդունակ եք”, ասում է նա դեմքին թեթեւ ժպիտով: Կուսակիցները չեն հասկանում, բայց շեֆի ժպիտը շեղում է նրանց հասկանալու գործընթացից: Կարեւորը, որ շեֆն արդեն սկսել է ժպտալ, ուրեմն հոգնածությունն անցել է, ուրեմն շուտով կգնան մի տեղ երկխոսության ծնունդը նշելու:
Բայց համը հանում են Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանն ու Տիգրան Սարգսյանը: Սերժ Սարգսյանը նրանց անուններ է տվել եւ ընդդիմությանն ասել է, որ հարց ունենան` դիմեն նրանց:
“Այ մարդ, որ գան, ինչ եմ ասելու”, մտածում է Հովիկ Աբրահամյանը:
“Ասելու համար էլ հո խելք պետք չէ”, խայթելու առիթը չի կորցնում Տիգրան Սարգսյանը:
“Է, որ գան, համբալ ասա”, գյուտ արած երիտասարդ գիտնականի դեմքով ասում է Կարեն Կարապետյանը:
“Համբալը դու ես, արա, հեյ, ես քո…”, սենյակի մյուս ծայրից բղավում է Ռուբեն Հայրապետյանը:
“Քեզ ինչ եղավ, արա”, ասում է Կարեն Կարապետյանը:
“Հայհոյում եմ”, ասում է Ռուբեն Հայրապետյանը:
“Ռուբեն, սպասի քեզ զանգեն, նոր հայհոյի”, այս անգամ ժպիտով եւ արդեն առանց հանդուրժողության քրտինքի ասում է Սերժ Սարգսյանը:
“Հովիկ, երբ որ գան, առաջինը ոչ թե իրենց, այլ քարտուղարուհուդ կդիմես, կասես` թեյ բերեք մեր ընդդիմությանը”, Հովիկ Աբրահամյանին ընդդիմության հետ երկխոսություն է սովորեցնում Սերժ Սարգսյանը:
“Բա որ թեյ չուզեն, շեֆ”, ասում է Հովիկ Աբրահամյանը:
“Բա իհարկե չեն ուզի: Իրենք կասեն ոչ, մենք արտահերթ ընտրություն ենք ուզում: Դու կասես` հիմա, մի րոպե նստեք, ես հիմա կպատվիրեմ: Իրենք կնստեն, Աղվան Գառնիկիչ, սենյակում նստելու մասին է խոսքը, մի շուրջպար բռնեք այստեղ”, խոսքը կտրուկ փոխում է Սերժ Սարգսյանն ու ձեռքով մի կողմ հրում գլխավոր դատախազին:
“Շեֆ, ես է՞լ եմ թեյ առաջարկելու”, հարցնում է Կարեն Կարապետյանը:
“Բոլորդ, դու էլ, Տիգրան”, ասում է Սերժ Սարգսյանը վարչապետին:
“Տիգրան, դու անգլիական թեյ կառաջարկես, Կարենը թող Կալուգայի թեյ առաջարկի, իսկ Հովիկ Արգամիչը թող ծիրանի թեյ առաջարկի”, ասում է Սերժ Սարգսյանը: “Հիշեք, ընդդիմությունը կմերժի բոլորիդ, ու կպատվիրի արտահերթ ընտրություն: Դուք դա չեք մերժում, պարզապես ասում եք, որ հիմա կպատվիրեք ու կբերեն”, ասում է Սերժ Սարգսյանը:
“Ոնց, ուրեմն արտահերթ ընտրությո՞ւն է լինելու, շեֆ”, հարցնում են բոլորը միասին:
“Իհարկե ոչ: Դրա համար էլ պետք է պատվիրել, Չինաստանից: Մինչեւ հասնի տեղ, ահագին ժամանակ կանցնի: Երբ հասնի ու բացեն, կտեսնեն որ բանի պետք չէ: Ստիպված կլինեն տեղական ընտրություններով յոլա գնալ: Միթե այդ պարզ բաները պետք է բացատրեմ”, ասում է Սերժ Սարգսյանը:
Բոլորի դեմքին թեթեւություն է իջնում: Հովիկ Աբրահամյանը վերցնում է հեռախոսը, որ զանգի: “Ում ես զանգում”, հարցնում է Սերժ Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանը շփոթվում է` “դեեե.. ըը… …Չինաստան”:
“Չինաստան ինչի՞ ես զանգում”, հարցնում է Սերժ Սարգսյանը: “Բա ո՞ւր զանգեմ”, ասում է Հովիկ Աբրահամյանը շարունակելով մնալ շփոթված: “Իյա, Հովիկ, էս ինչի՞ տենց շփոթվեցիր: Այ տղա, Չինաստան կզանգես, երբ որ ընդդիմության հետ լինես, երբ որ իմ հետ ես` զանգի Ռուբին”, ասում է Սերժ Սարգսյանը:
“Հուդի՞ն”,- զարմացած հարցնում է Հովիկ Աբրահամյանը:
“Հա”, ծիծաղելով ասում է Սերժ Սարգսյանը. “Սա էլ համարը”, շարունակում է ծիծաղել նա, Հովիկ Աբրահամյանին տալով մի հեռախոսահամար:
“Բայց ես ունեմ նրանը”, ասում է Հովիկ Աբրահամյանը մի փոքր հանգստացած:
“Չէ, փոխել ա, էն մեկով շատ էին զանգում, դատի տալիս, բան”, ասում է Սերժ Սարգսյանը:
“Ալո, Ռոբերտ Սեդրակիչ”, ասում է Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի տված նոր համարով զանգելով:
“Արա, էդ ում հետ ես տենց խոսում, արա դու գիտե՞ս ում ես զանգել…”, հայհոյանքների տարափ է սկսում Ռուբեն Հայրապետյանը:
Հովիկ Աբրահամյանն ապշած նայում է Սերժ Սարգսյանին: Վերջինս քահ-քահ ծիծաղում է. “Այ, տեսնում ես, Ռուբիկ, երբ ուզում ես, կարողանում ես տեղին հայհոյել”:
Lragir.am-ի ֆուտուրիստական դիտարկումների բաժին
Էջանիշներ