Շնորհավոր Ամանոր Եվ Սուրբ Ծնունդ
Սերժ Սարգսյանի Ուղերձը
Հարգելի ժողովուրդ։ Նախքան ուղերձիս բուն տեքստին անցնելը նախ մի հատ ուզում եմ ճշտել՝ էսքան օպերատորները ստեղ ի՞նչ գործ ունեն, էս ի՞նչ բան ա։ Ոնց որ օլիգարխների թիկնապահներ լինեն, ես իմաստը չեմ հասկանում։ Թող մի օպերատոր ձայնագրի, ձայնագրությունը բաժանի մյուս հեռուստաընկերություններին, եղա՞վ։ Այլեւս չեմ հանդուրժելու։
Հիմա անցնենք բուն ուղերձին։ Անցնող տարին, անշուշտ, Հայաստանի համար դժվարին մաքառումների... էս ո՞վ ա գրել էս տեքստը, էս ի՞նչ բառեր են... այլեւս չեմ հանդուրժելու։ Ուրեմն՝ դժվարին մաքառումների եւ ձեռքբերումների տարի էր։ Մեզ հաջողվեց պատվով դուրս գալ ճգնաժամից եւ բռնել կայուն զարգացման ուղին։ Անցնող տարում Հայաստանի ժողովրդի կենսամակարդակն էապես բարձրացավ... Էս ո՞վ ա գրել էս ախմախ տեքստը... բարձրացավ շուրջ 4 տոկոսով։ Իհարկե, այս ոլորտում դեռեւս անելիքներ կան, եւ մենք չպետք է սահմանափակվենք ձեռք բերածով։ Այժմ անդրադառնամ արցախյան հիմնախնդրին։ Անցնող տարում մենք վերահաստատեցինք մեր այն դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական բանակցություններին, բայց կան սկզբունքներ, որոնցից ետ չենք կանգնելու ոչ մի դեպքում։ Մասնավորապես, Հայաստանը երբեք չի համաձայնվի կարգավորման այնպիսի տարբերակի, որով նախատեսվում է վերադարձնել յոթ շրջաններից ավելին։ Հայ ժողովրդի ութհազարամյա պատմության ընթացքում չի եղել մի դեպք, որ մենք յոթ շրջանից ավելի վերադարձնենք։ Իսկ եթե այլընտրանքը պատերազմն է, մենք պատրաստ ենք դրան։
Հիմա՝ ներքաղաքական իրավիճակի մասին։ Անշուշտ, մենք շարունակելու ենք կադրային բարեփոխումները։ Ես ձեզ հավատացնում եմ, որ 2011-ին եւս 7-8 նախարարներ չափալախելու են իմ աշխատակազմի ներկայացուցչին։ Մենք մեր կոալիցիոն գործընկերներին արդեն առաջարկել ենք ներկայացնել չափալախողների ցուցակը։ Համոզված եղեք՝ ոչ մեկն անպատիժ չի մնալու։
Հարգելի ժողովուրդ։ Անցնող տարին, անշուշտ, ծանր էր նաեւ աշխարհասփյուռ հայության ֆինանսական ներուժի արդյունավետ օգտագործման առումով. Պզոյի գործը ծանրագույն հարված հասցրեց հայկական աշխարհի ձեւավորման գաղափարին։ Բայց մենք լիահույս ենք եւ հավատով ենք նայում ապագային։ Այնպես որ՝ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Զապիս էղա՞վ, այ համբալ։
Լեվոն Տեր-պետրոսյանի Ուղերձը
Մեծարգո ժողովուրդ, պատվարժան հայրենակիցներ։ Իմ այս ամանորյա ուղերձով ես կփորձեմ ամփոփել անցնող տարին եւ ներկայացնել Հայ Ազգային Կոնգրեսի անուրանալի նվաճումները, բայց նախ թույլ տվեք փոքրիկ վերլուծություն կատարել քաղաքական դաշտում շրջանառվող վերլուծությունների վերաբերյալ։
«Ուղերձ» եզրույթն ինքնին ենթադրում է որեւէ ծանրակշիռ քաղաքական ուժի կամ վերջինիս անվիճելի առաջնորդի պատգամը տվյալ աշխարհաքաղաքական միավորի ազգաբնակչությանը, ինչն իր հերթին նշանակում է, որ որպես ամանորյա ուղերձ՝ արժեվորման ենթակա է բացառապես ի՛մ ուղերձը։ Սա, ի դեպ, ոչ թե վերլուծություն է, այլ ընդամենը ներքաղաքական իրավիճակի պարզ կոնստատացիա։ Արդ, ի՞նչ ունեցանք մենք անցնող տարում։ Ավազակապետական բուրգն, անշուշտ, փլուզվեց ¥չորս անգամ¤ եւ այսօր էլ շարունակում է փլուզվել։ Սա է, մնացածը սովորական էվֆեմիզմ է։ Եվ քանի որ այսօրվա հանրահավաքը ոչ միայն հուժկու է, այլեւ ¥ինչպես եւ ես կանխատեսել էի մեկուկես տարի առաջ¤ վճռական, թույլ տվեք Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ որեւէ նոր բան չավելացնել, այլապես մեր քաղաքական ընդդիմախոսները կարող են օգտվել առիթից եւ կիրառել մարտավարական այն հնարքը, որը միջազգային դիվանագիտական լեզվով կոչվում է պրոֆանացիա։ Եվ ուրեմն՝ մեր ամանորյա ուղերձը մնում է նույնը. պայքար, պայքար մինչեւ վերջ։ Շնորհավոր Ամանոր, եւ բարի երթ։ Երթի վերաբերյալ մանրամասները կներկայացնի Լեւոն Զուրաբյանը։
Ռոբերտ Քոչարյանի Ուղերձը
Հարգելի ժողովուրդ։ Վերջին շրջանում ես մի թեթեւ բացակայել եմ հանրապետությունից, բայց դա չի նշընակում, թե չեմ հետեւել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Ինչպես նշել է Մաքիավելին, դու պիտի հետեւես, թե չէ իրե՛նք քեզ կհետեւեն։ Հի-հի-հի... Ուրեմըս՝ Լուժկովի մասին։ Սաղ սուտ ա։ Ուրեմըս՝ չորս միլիարդի մասին։ Սաղ սուտ ա։ Բայց Պուտինի հետ հանդիպել եմ։
Հարգելի ժողովուրդ։ Անցնող տարին անձամբ ինձ եւ իմ չափազանց առաքինի ընտանիքի համար ֆինանսական տեսանկյունից բարեհաջող էր։ Դատի ենք տվել չորս թերթերի, որոնց արդյունքում վաստակել ենք զգալի գումար, ինչի շնորհիվ էլ կարողացել ենք Աֆրիկայում որսով զբաղվել։ Բայց եթե ձեզ հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք պատրաստվում եմ վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա ասեմ ձեզ, որ էս ազիզ օրով չարժի վատ բաների մասին խոսել։ Դե հիմա պատահեց՝ պատահեց, հայ ժողովուրդը շատ ավելի ծանր փորձությունների միջով է անցել։ Մի խոսքով, ձեր թազա տարին շնորհավոր։
Տիգրան Սարգսյանի Ուղերձը
Բարեւ ձեզ, սիրելի հայրենակցիներ։ Ես այսօր պիտի ուղերձով հանդես գամ, եւ, որպես հանրապետության վարչապետ ¥գեղեցիկ է հնչում, չէ՞¤, պիտի ամփոփեմ անցնող տարին։ Եվ քանի որ Հայաստանում տնտեսության զարգացման գերակա ուղղություն է հռչակված բարձր տեխնոլոգիաների կիրառումը, ես իմ ամանորյա ուղերձը կառուցել եմ այդ տրամաբանությամբ։ Ուրեմն այսպես։ Լավատեսական ամփոփում լսելու համար սեղմեք մեկ։ Տնտեսության իրական վիճակին ծանոթանալու համար սեղմեք երկու։ Օպերատորին միանալու համար սեղմեք երեք։ Իսկապես սեղմելու ցակության դեպքում զանգահարեք կոնտակտային հեռախոսահամարներով։ Եթե հեռախոսահամարը զբաղված լինի՝ մի անհանգստացեք։ Նշանակում է՝ ցանկացողների թիվը չափազանց մեծ է, ինչն իր հերթին նշանակում է, որ այս ասպարեզում անցնող տարում Հայաստանում երկնիշ աճ է արձանագրվել։
Իսկ ինչպիսի՞ն էր Հայաստանի տնտեսական վիճակն անցնող տարում։ 2010-ին մենք կարողացանք թոթափել ոչ միայն տնտեսական ճգնաժամը, այլեւ այդ ճգնաժամի հաղթահարման մասին ավել-պակաս խոսողներին։ Անցնող տարում հայկական դրամն ամենակայունն էր, Տաթեւի ճոպանուղին՝ ամենաերկարը։ Եվ քանի որ մենք միշտ ձգտել ենք երկար եւ կայուն բաներին, թույլ տվեք այս լավատեսական նոտայի վրա էլ ավարտել ¥լավ իմաստով¤ իմ ամանորյա ուղերձը։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը
Թույլ տվեք իմ հայրապետական մաղթանքը հղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետնորդներին եւ նվիրյալներին։ Պրիվե՛տ։ Աստծո օրհնությամբ, անցնող տարին բարեհաճ էր Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա համեստ սպասավորների հանդեպ, զի զորացավ հավատքը ազգիս, եւ թանկացավ մոմը ճգնաժամի մոմենտով։ Եվ ամենայն բիզնեսներ, որ իրենց համեստ ունեցվածքից տասանորդը տվեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, երիցս օրհնյալ պիտի լինեն, զի կատարեցին իրենց պարտքը Աստծո եւ մարդկանց առաջին։ Ինչ վերաբերում է ֆինանսատնտեսական գործունեությանը, ապա այստեղ մենք զրոյի վրա ենք, զի որքան նվազեցին ամենայն հարսանիքներ եւ կնունքներ, այնքան ավելացան թաղումներ եւ հոգեհանգիստներ, եւ իտոգում զրո կայնանք։ 2011-ը, վստահ ենք, մխիթարություն պիտի բերի համայն հայությանը՝ Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս աշխարհի։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Բարին ընդ ձեզ։
ՉԻ
Էջանիշներ