Զոնծիիիիկ
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Ազգային ժողով: Ինքը, ինչպես միշտ, պատրաստվում է ասուլիսի: Դահլիճում նստած՝ բարձրաձայն մտքեր է հայտնում, գլխով անում, ժպտում... Ժամանակ չկա, կես ժամից լրագրողները գալու են:
Հանկարծ միջանցքից աղմուկ է լսվում: Ինքը զգուշորեն բացում է դուռը եւ ոտնածայրերի վրա դուրս գալիս միջանցք... Իսկ այնտեղ ահավոր տեսարան է. Զարուհի Փոստանջյանը, մետաղյա բռնակով երկար զոնտիկը ձեռքին վազում է Հովիկ Աբրահամյանի հետեւից ու փորձում հարվածներ հասցնել, բայց սա անսպասելի ճարպկությամբ հաջողացնում է խույս տալ հարվածներից, եւ ի վերջո մտնում է ինչ-որ սենյակ, Զարուհին էլ՝ հետեւից: «Վայ մամա ջան», շշնջում է ինքը եւ փակում աչքերը... Սենյակից ահավոր թմփոցներ են լսվում, աղմուկ, այնպիսի տպավորություն է, թե ներսից ինչ-որ ծանր բանով հարվածում են պատերին... «Շեֆ, զգույշ, էդ չկոտրվո՛ղ տեսակն ա», գոռում է ինքը: Զարուհին մի պահ գլուխը հանում է դռնից... «Ես զոնտի՛կը նկատի ունեի», կմկմում է ինքը ու ետ ցատկում... Ներսում աղմուկը շարունակվում է: Երբեմն-երբեմն ինչ-որ աղիողորմ ձայներ են լսվում. «Վա՛խ գլուխս... Ախր Ստրասբուրգն ինչիդ ա պետք.,.. վա՛խ թուշըս...»: «Թուշ» բառի վրա որտեղից որտեղ, ասես գետնի տակից, ծլում է Էդուարդ Նալբանդյանը ու գլխով դռան կողմը ցույց տալով՝ հարցնում. «Էս ի՞նչ հաշիվ ա»: «Հեչ, Զարուհին Հովիկ Արգամիչի նկատմամբ զանգվածային անկարգություն ա հրահրում», ասում է ինքը, ապա ականջը հպում դռանը ու շարունակում. «Բայց աչքիս՝ մի քիչ շատ տվեց...»: «Հովիկ Արգամիչը ներսն ա՞», ուրախացած վեր է ցատկում Էդուարդ Նալբանդյանը, դուռը բացում ու գլուխը ներս մտցնում. «Շեֆ, հեռախոսդ կտա՞ս զանգեմ էն Դավութօղլուին, իմով զանգում եմ՝ չի վերցնում»: Այդ պահին ինչ-որ դխկոց է լսվում, ու Նալբանդյանը գլուխը ետ է քաշում՝ ձեռքով ճակատը բռնած... «Այ հիմա հաստատ դառավ զանգվածային», շշնջում է Սամվել Նիկոյանը, որը, պարզվում է, մինչ այդ պոլին նստած՝ սուսուփուս զեկույց էր գրում: «Զեկույցդ կտա՞ս մի քիչ վառեմ», ասում է չգիտես որտեղից հայտնված Արմեն Ռուստամյանը՝ մոմը ձեռքին, ու տեսնելով Էդուարդ Նալբանդյանին՝ համենայն դեպս մի չորս անգամ պահանջում է նրա հրաժարականը...
Այդ պահին դուռն աղմուկով բացվում է, ու գնդակի պես դուրս է շպրտվում Հովիկ Աբրահամյանը՝ ծվեն-ծվեն եղած շորերով ու գզգզված մազերով: Դռան միջից երեւում է զոնտիկի դեֆորմացված բռնակը...
Արթնանում է ՀՀԿ նիստում:
Էջանիշներ