ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Պատերազմը սկսվել է: Ինքը միաժամանակ Վարդան Մամիկոնյանն է, Ռեմբոն եւ Շտիռլիցը: Բայց, չգիտես ինչու, ոչ թե նժույգի վրա է նստած, այլ մարտական էշի: Միջուկային «չամադանչիկն» օդում ճոճելով` սլանում է դեպի ռազմաճակատ: Առջեւից եւ հետեւից սլանում են թիկնապահների ավանակները` «միգալկաներով», իսկ կողքից, ձյունաճերմակ ավանակի վրա նստած, սլանում է քարտուղարուհին` սուրճի պարագաներով (ջազվե, գազի բալոն եւ այլն): Շուրջը անընդհատ ռումբեր են պայթում, ահավոր ծուխ է, բայց իրենք առաջ են սլանում...
Վերջապես հասնում են առաջին գիծ ու նետվում խրամատի մեջ: Հովիկ Աբրահամյանն իսկույն ուսապարկից հանում է պանիրը, հաշվում ներկաներին ու ըստ դրա` հավասար մասերի բաժանում: Այդ պահին մոտերքում ռումբ է պայթում: Հովիկ Աբրահամյանը ուշադիր նայում է պայթյունի հետեւանքներին ու թաքուն երկու կտոր պանիր գցում բերանը... Իսկ ռադիստն Արմենչիկն է. սպասում է Բաղդասարով Միշայի հետախուզական տվյալներին:
Բայց արդեն ժամանակ չկա, պետք է անցնել հարձակման ու հասնել Քուռ գետը: Հարկայինի գունդը հրաժարվում է. «Հասնում ենք Քուռ ի՞նչ անենք, ուրիշ բան, եթե ջրաչափ տեղադրեինք», հայտարարում են սրանք ու մի կողմ քաշվում: Ոստիկանության սպեցնազը նույնպես տեղից չի շարժվում: «Լավ, մեզ ոչ մի գունդ օգնության չի գալո՞ւ», գոռում է ինքը: «Այստեղ եմ, շեֆ», առաջ է գալիս էդուարդ Նալբանդյանը` ճակատին չինարեն հիերոգլիֆներով կարմիր ժապավեն կապած ու թշերին ցեխ քսած: «Հազար եմ ասել` ամեն կլոր բան գունդ չի՛», գոռում է ինքը ու ճարահատյալ` բացում միջուկային ճամպրուկը... Ներսում ինչ ասես կա. երկու կապ խաղաթղթեր, մինի-ռուլետկա, յոթ-ութ հատ զառ, ինչ-որ անհասկանալի սպիտակ փոշի... Բայց զենք չկա: Ինքը խոր հոգոց է քաշում, խանչալը վերցնում, վերնաշապիկը պատռում (որ Ռեմբոյի նման լինի) ու առաջ սողում դեպի Բաքու-Ջեյհան նավթամուղ... Այնտեղ Ֆլեշ Բարսեղն արդեն դռելով ծակում է խողովակը, որ լեւի գիծ քաշի...
Նահանջի ճանապարհ չկա, շրջապատման մեջ են: Մի կերպ ռադիոկապի մեջ է մտնում Արմենչիկի հետ ու հրամայում, որ անցնեն հարձակման ու իրենց հանեն շրջապատումից, բայց Արմենչիկը, չգիտես ինչու, ծիծաղում է ու ձեւացնում, թե չի հասկանում հրամանը... Հանկարծ գլխում հանճարեղ միտք է ծնվում: Գլուխը խրամատից հանում է ու գոռում. «Սեր-ժի՛կ, հեռացի՛ր»: Ոստիկանության սպեցնազը միանգամից անցնում է հարձակման ու գրոհում ձայնի ուղղությամբ: Ինքը, ոգեւորված, շարունակում է գոռալ: Սպեցնազը տեղ է հասնում: Ինքը ծոծրակին միանգամից մի քանի հարված է զգում, ու աչքերի առաջ մթնում է...
Արթնանում է ՀՀԿ համագումարում:
Էջանիշներ