Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղն ավարտվեց, հեռուստացույցի ալիքը փոխեցի: «Հ2»-ով մի կին էր խոսում, տիտրերում գրած էր` հոգեբան: Ասածն էն էր, որ ցյուրիխյան հայտնի արարողության ժամանակ Էդիկ Նալբանդյանի` էշից ընկած վիճակը հոգեբանական առավելության վկայություն է, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ճնշվածությունից էր ինքնագոհ ժպտում: Զուգահեռ` Ցյուրիխի կադրերն էին ցուցադրում. նայում եմ` Նալբանդյանը` մեր քութիկի օրին է, հոգեբանի ձայնը ասում է` դա հոգեբանական առավելության նշան է: Հետո ցույց են տալիս ժպտացող Դավութօղլուին ու խնդացող Նիկուլինին` «Կովկասի գերուհին» ֆիլմից: Իբր Դավութօղլուի ժպիտն ու Նիկուլինի հերոսի խինդը նույն հոգեբանական վիճակն են արտահայտում: Ժպիտն ու «բարձր տրամադրությունը», ըստ նեոհայկական հոգեբանության, անվստահության նշան են, համարյա` խուճապ: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, ցանցառության վկայություն: Էս նոր տեսությանն էլ կհարմարվեինք, բայց ընդամենը քիչ առաջ ազգս տեսավ, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը ծափ զարկում ու հրճվալից ծիծաղում` Թուրքիայի խփած ամեն գոլից հետո: Էս արարքը ոչ հին հոգեբանությամբ է լավ բան նշանակում, ոչ էլ` նոր: Մեկ էլ հիշեցի, թե ինչպես էին հուլիստասնյոթյան հանդիպումից հետո հայկական հեռուստաալիքները տարփողում, թե Սերժ Սարգսյանի տրամադրությունը շատ բարձր է եղել, իսկ Իլհամ Ալիեւը` Նալբանդյանի օրի:
Ինքս կադրերը չեմ տեսել, այդպես փոխանցում էին պատասխանատու լրագրողները: Ու հիմա, new հայկական հոգեբանական գիտությամբ հարստացած, ետ նայելով Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո առաջինի բարձր տրամադրության մասին պաշտոնական հաղորդագրություններին` սկսում ես մտածել, որ բարձր տրամադրության մասին նոր հիպոթեզը առաջացել է հուլիսի 17-ին Սերժ Սարգսյանի ունեցած բարձր տրամադրությունից հետո: Բայց գիտական այս նոր թեզը շատ հարցերի պատասխան է տալիս. օրինակ` ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները գոլ խփելուց հետո ուրախանում, տոնում, շնորհավորում էին իրար, որովհետեւ ահավոր անվստահ էին զգում իրենց, ահավոր ճնշված էին, համարյա` խուճապահար: Դրա համար էլ երկրորդ գոլը խփեցին` ի նշան իրենց հոգեբանական անվստահության: Իսկ մեր ֆուտբոլի հավաքականի տղերքը դաշտում ոչ թե կզել էին, այլ պպզել` ի նշան իրենց վստահության, հոգեբանական վստահության

: Իրենք վաբշե հարց չունեն, որովհետեւ Նեմեցի նման մեծ ախպեր ունեն: Ու էս պատճառով էնքան վստահ են` հոգեբանորեն, որ պալոժ չեն համարում ֆուտբոլ խաղալ. թող լոխ թուրքերը խաղան ֆուտբոլ: Իսկ իրենք հազիվ Թուրքիա են հասել` գործ-մործ կկպցնեն: Ի դեպ, շատ հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես է ՀՖՖ նախագահը իր գործող շեֆին համարյա մի կողմ բրդելով` սեղմում Աբդուլլահ Գյուլի ձեռքը: Որ պրոցեսները այսպես գնան, Գյուլը կարող է դառնալ հայ օլիգարխների նոր շեֆը. այնպես որ, հիմիկվանից հարաբերություններ սադավորելը վատ բան չի

:
ՀԳ. Նյութի սկզբում հիշատակված հոգեվերլուծության ընթացքում մեր new հոգեբանը այդպես էլ չանդրադարձավ Նալբանդյանի թշերի հետ կապված հռչակավոր դրվագին: Նեոհայկական հոգեբանությունը առայժմ չի գտել այս ֆենոմենի բացատրությունը: Իսկ դիվանագիտական շրջանակներում այլեւս չի հիշատակվում Էդվարդ Նալբանդյան երկարաշունչ արտահայտությունը: Երբ խոսք է գնում ՀՀ ԱԳ նախարարից, խոսողը ասում է` «Պոնչը», եւ բոլորը հասկանում են, թե ում մասին է խոսքը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikol.am
Խմբ. կողմից - Նեոհայկական հոգեբանության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում իրականացված դատահոգեբանալինգվիստիկական փորձաքննությունն է, որից բխում է, որ Փաշինյանը մարդկանց հոգեխանգարմունքի մեջ գցելու ընդունակություն ունի: Թերեւս սա է պատճառը, որ սպասվող դատավարության ժամանակ իշխանությունները որոշել են Փաշինյանին եւ նիստերի դահլիճը իրարից բաժանող զրահապատ ապակի ունենալ: Մտահոգության տեղիք է տալիս միայն այն, որ դատավոր Մացոն եւ դատախազ Փիլոյանը անպաշտպան են մնալու Նիկոլի առաջ: Չի բացառվում, սակայն, որ նրանք կասկաներով ներկայանան դատական նիստին

:
Էջանիշներ