ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Մարտի 1-ի հանձնաժողովի հերթական նիստն է, բայց այն, չգիտես ինչու, անցկացվում է «Ծղոտներ» ռեստորանում: Ընդ որում, լավ չի հասկացվում` դա ռեստորա՞ն է, թե՞ սաունա: Համենայն դեպս` եւ սեղաններ կան, եւ նվագախմբի բեմ, եւ լողավազան, իսկ մատուցողուհիները կիսամերկ են եւ ժամանակ առ ժամանակ խոչընդոտում են հանձնաժողովի աշխատանքը:
Վերջապես ինքը պատառաքաղով զնգզնգացնում է գարեջրի դատարկ շշին (կողքից Ռազմիկ Զոհրաբյանը գոռում է «կամա՛ց, չջարդե») ու նիստը սկսում. «Ուրեմն, պարոն Հարությունյան, ասում եք, որ մարտի 1-ին նախագահականում շտաբ չի եղել»: «Հակառակը, ասում եմ, որ եղել է», արդեն որերորդ անգամ հուսահատ կրկնում է Հայկ Հարությունյանը: «Լավ, փաստորեն` չի եղել», արձանագրում է ինքը, անձեռոցիկի վրա գրառումներ անում ու դիմում օգնականներից մեկին. «Ալիկ Սերգեյիչին հրավիրեք, թող գա»: Անմիջապես դուռն աղմուկով բացվում է, ու ներս է մտնում սեւ դիմակը գլխին քաշած, ոստիկանական համազգեստով մի մարդ: Բայց ծանոթանալով օպերատիվ իրավիճակին, շատ արագ կողմնորոշվում է, հանում դիմակը, սուսուփուս մոտենում նվագախմբի բեմին ու ձեռքը մեկնում ակորդեոնին… «Ալիկ Սերգեյիչ, դրա վախտը չի, նվագողը կնվագի, դու էս կողմ արի», կանչում է ինքը… Հենց այդ խոսքերի վրա վարագույրի ետեւից բեմի վրա է հայտնվում Ահարոն Ադիբեկյանը, վերցնում միկրաֆոնը, ու տեսնելով ԲՀԿ-ի ներկայացուցիչներին` միանգամից սկսում. «միլիոն-միլիոն-միլիոն ալիխ ռոզ…»: «Տո Գելափո՛ւ աղվես, քեզի չըսի՞նք ազգային», գոռում է ՀՅԴ ներկայացուցիչը: Սա միանգամից երգը փոխում է. «պատրոնդաշըս կապել եմ…»: «Ստոր հերյուրանքնե՛ր», գոռում է դատախազության ներկայացուցիչը, «իրավապահները հրազեն չե՛ն կիրառել», ծղրտում է մատուցողուհիներից մեկը, «դրանք լուսաձայնայի՛ն պատրոններ են եղել», գոռում է երրորդը…
Մի խոսքով, նիստն ընդհատվում է: Օգտվելով առիթից, փաստահավաք խմբի անդամներից մեկը մատուցողուհիներից մեկի ականջին ինչ-որ բան է շշնջում, ապա դիմում իրեն. «շեֆ, ես երեւի մի քսան րոպեով արձակուրդ գնամ»: Ապա ցրված հայացքով գրպաններում ինչ-որ բան է փնտրում ու միաժամանակ դիմում ներկաներին. «Արթուրին էսօր չեք կանչե՞լ»: «Արի, արի, մոտըս կա», ժպտում է մատուցողուհին…
Արթնանում է արձակուրդային տրամադրությամբ:
chi.am
![]()
Էջանիշներ