ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
…Եվ եղաւ, որ Երուսաղեմում քաղաքապէտի ընտրութիւններ էին, եւ եկան ամէնայն թեկնածույք, եւ երկրպագութիւն արեցին Սէրժի առաջին, եւ ընծաներ մատուցանեցին նորան` եւ ոսկի, եւ արծաթ, եւ գօհարեղեն: Եվ սորանցից մէկը հաբեշացու պէս սեւ էր, եւ միւսը առաջներում հալածեալ էր իր ժողօւրդի կօղմից, զի տաճարների ճրագի ձէթը գողացել էր, որ յեբրայերեն մազութ կոչուի, Երուսաղեմի ձիթենեաց այգիները հատում էր, եւ պանդոկներ ու անառականոցներ էր սարքում իր օրերումը: Եվ միւսը Մեռեալ ծովի կօղմերից էր, որին յունարեն ձեռագրերում Թոխմախ են ասում, զի այնտեղ ծով կար, եւ մեռեալները նորա ափերին էին յանգրուանում: Ամէն
…Եվ եղաւ, որ սորանցից մէկը խօսեց եւ ասաց. "Տէր, մի՞թե օրէն է քեզ, որ ճրագի ձեթի գողը Երուսաղեմի քաղաքապէտ դառնայ, որ ահա հանրային կարիքների զօհերը նորան տեսնելիս հայհօյում են եւ բնաւ մխիթարութիւն չեն գտնում, եւ նորանց աղաղակները երկինք են բարձրանում: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` յոթ տարուայ մէջ նա իր վարձքն առած է: Թող տուր, որ իր ճամփով գնա, որ կատարուի մարգարեների ասածը, թե Շամխօրից եկածը Շամխօր էլ կգնա": Սա էլ խօսեց եւ ասաց. "Տէր, ահա հաւատարմութեամբ ծառայեցի քեզ, եւ մէկ դահեկանի օգուտ չունեցայ առանց քո գիտութեան: Ապա ինչո՞ւ լքում ես ինձ իմ նեղութեան ժամին, մի՞թե քո փայը քիչ էր, եւ իմ փայը` շատ": Եվ Մեռեալ ծովի կօղմերից եկածը բնաւ չէր խօսում, զի խօսելու տեղ չուներ իր օրերումը
…Եվ եղաւ, որ երբ սորանք խօսում էին, բարկացաւ (Սէրժը) եւ ասաց. "Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` լաւ է ձեզ, որ գեհենի բաժին դառնաք: Այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտոցը: Անհաւատներ, մի՞թե չեք տեսնում, որ գլուխս խառն է, զի Ազատի որդին Հրեաստանում տեղ չունի, եւ ամէնքը նորա հրաժարականն են պահանջում, եւ փրկութիւն չունեմ իմ օրերումը: Մի՞թե տարբերութիւն կայ, թե ով կլինի Երուսաղեմի քաղաքապէտը, որ ահա իմ օրերը հաշվուած են, եւ ինչ դատով որ դատուեմ, նորանով էլ դուք եք դատուելու" Ամէն:
Էջանիշներ