Բացառիկ հարցազրույց հոգևոր հովիվ Կճոյանի հետ
Ապրիլի 29–ին մեր ավագ թղթակցին հաջողվեց հարցազրույց վերցնել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից` հակասությունների թիրախ դարձած Բենթլիի և մի քանի այլ հարցերի շուրջ: Հարցազրույցը ներկայցնում ենք ամբողջությամբ:
Սերգեյ. Հարգելի Հովիվ, նախ շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը և հյուրընկալեցիք ինձ ձեր.. գեղեցիկ մեքենայի մեջ:
Հովիվ. Պետք չէ միանգամից նման տերմինների իջնել, Սերգեյ.. Սա ընդամենը Աստծո խոսքի տարածման շարժական միջոց է:
"Ես պարզապես գրավիչ եմ դարձնում մեր եկեղեցին երիտասարդների համար," Կճոյան
Սերգեյ. Այո, կներեք: Կարծում եմ վաղուց էր հասունացել պահը, որ ամփոփ պատասխան տանք վերջին շրջանում հասունացած հակասություններին` կապված ձեր… Աստծո խոսքի տարածման շարժական միջոցի հետ:
Հովիվ. Մեծ սիրով: Ես էդ հովիվը չեմ, որ դժվար հարցերից խուսափի:
Սերգեյ. Գիտեմ, որ մի քանի անգամ արդեն անդրադարձել եք այս հարցին, բայց եկեք առավել սպառիչ փորձենք հասկանալ` ինչպե՞ս է հոգևորական կյանքը համադրվում նման շռայլ մեքենա ունենալու հետ: Արդյո՞ք փրկության նպատակին ծառայելը ավելի արդյունավետ է դարձնում մոտ $200 հազարանոց Բենթլին:
Կճոյան. Նայիր, նախ, ինչպես ես նշել եմ ին նախորդ ճեպազրույցում, մեքենան ինձ նվիրել են: Ինչպես գիտեք, ամեն ինչում կա Աստծո կամքը, իսկ այս հարցում կար ինչպես Աստծո, այնպես էլ իմ սանիկի կամքը: Սա ընդամենը իմ սանիկի նվերն է, որով նա պարզապես շնորհակալություն է հայտնում Աստծուց բարեհաջող ԲՈՒՀ ընդունվելու կապակցությամբ: Ես նրան լիաթոք օրհնել էի քննություններից առաջ: Այդքանը:
Սերգեյ. Լավ, բայց ինչպես եք վերաբերում նրան, որ մեր ժողովրդի մեծ մասը ապրում է թշվառության մեջ, իսկ դուք…
Հովիվ. Սերգեյ, որքան կարելի է նման պրիմիտիվ հարցադրումներ անել… Նախ, թշվառությունը խրախուսվում է քրիստոնեության կողմից, և մեր թշվառ քաղաքացիները, փաստորեն, իրենց աղքատությամբ տոնում են քրիստոնեությունը, իսկ երկրորդ ու ամենակարևորը` ես այդ մեքենան բնականաբար արդեն նվիրաբերել եմ ավելի կարիքավոր.. մարդու:
Սերգեյ. Պարոն Կճոյան, եթե գաղտնիք կամ սրբապղծություն չէ, կարո՞ղ եք ասել, թե ում եք նվիրաբերել ձեր Բենտլին:
Հովիվ. Իհարկե, իմ սանիկից ստացված այդ Բենտլին ես նվիրել եմ իմ անվտանգության ծառայության պետին: Եթե տեսնեիք իր աչքերի մեջ այդ ուրախությունը, որ նա ապրեց… դա մի ուրիշ զգացում էր:
Սերգեյ. Իսկ.. իսկ ո՞վ է ձեզ նվիրաբերել… անվտանգության ծառայություն?
Հովիվ. Սիրելի Սերգեյ, փորձենք համը չհանել: Հազար ու մի չուզող ունի մեր եկեղեցին, անվտանգությունը կարևոր է ցանկացած հայ տերտիրոջ համար, որ ունի լուրջ բիզնեսներ:
Սերգեյ. Օքեյ… Կարելի է հետաքրքրվել այդ ի՞նչ…
Հովիվ. Ամեն:
Սերգեյ. Օքեյ, հաջորդ մեծ հակասությունը, որը այս օրերին շատ թեժ քննարկումների առարկա է.. նույնիսկ չգիտեմ ինչպես հարցնել…
Հովիվ. Այդ աղջիկներին ես պարզապես հոգևոր խորհրդակցություն եմ տվել, այլ ոչ թե…
Սերգեյ. Կներեք, ընդհատեմ… Ես ավելի շատ ուզում էի հարցնել, թե ինչպե՞ս եք վերաբերում Սայաթ-Նովա/Աբովյան խաչմերուկում նոր հոգևոր նստավայրի կառուցման հարցին:
Հովիվ. Հա, էդ պահը… Հայերը միշտ էլ կառուցել են եկեղեցիներ…
Սերգեյ, Կներեք, որ ընդհատում եմ, Հովիվ: Այդ վայրում առաջ բավական գեղեցիկ երևանյան շենք էր, և ամենակարևորը` գիտական հիմնարկ էր: Արդյո՞ք դրանով մենք սխալ ուղերձ չենք ուղարկում հասարակությանը, որ շարժվում ենք գիտությունից դեպի կրոն:
Հովիվ. Ամեն-ինչ բավական պարզ է այստեղ: Մեր Կաթողիկոսը չունի նստավայր Երևանում և ամեն այցելության ժամանակ ստիպված է գիշերել այս կամ այն բարեկամի տանը, ինչը, բնականաբար, ընդունելի չէ մեր տիպի լուրջ մշակույթ ունեցող ազգի համար: Այդ պատճառով հիմա կառուցում ենք այդ համալիրը իր ստորգետնյա կայանատեղիներով:
Սերգեյ. Իսկ Կինո-Մոսկվայի ամառային դահլիճի…
Հովիվ. Կարծում եմ մեր ժամանակն ավարտվեց: Հինգ րոպեից պետք է օրհնեմ Շանգրի-Լան` վերջերս ինչ-որ ծեծկռտուքներն են շատացել այդ տարածքում:
Սերգեյ. Շնորհակալություն, Հովիվ, հուսով եմ առաջիկայում էլի կհամաձայնվեք հարցազրույցներ տալ:
Հովիվ. Խնդիր չկա, մեկ ամսից համեցիր Սևանա լիճ` աշխատակազմիս ղեկավարի նավում զրուցենք էդ ամառային դահլիճից: Հա, դուռը կամաց փակի դուրս գալուց` ինքը հեշտ չխկում ա:
Սերգեյ. Շնորհակալություն: Բարևներ պարոն Ներսիսյանին:
Հովիվ. Մերսի, Ամեն:
armcomedy.com
Էջանիշներ