ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Հայկական դրամը վերանվանվել է տիկո: Ընդ որում, թղթադրամի մի երեսին պատկերված է Տիգրան Սարգսյանը, մյուս երեսին` Իսպանիայում գտնվող նրա վիլլան: Տիկոյի փոխարժեքը դոլարի եւ եվրոյի նկատմամբ կես ժամը մեկ աճում է, եւ խնդրեմ` որպես հետեւանք, շրջանառության մեջ հայտնվել են կեղծ տիկոներ: Կեղծ թղթադրամների վրայի Տիգրան Սարգսյանը սափրված է: Մյուս կողմից էլ` բյուջեն 50 միլիարդ տիկո ճեղքվածք ունի: Ի՞նչ անել: Ուրիշ ճար չկա, պետք է կառավարության արտահերթ նիստ հրավիրել: Բայց այս ուշ ժամին որտեղի՞ց հավաքի կառավարության անդամներին: Հո չի՞ կարող հերթով բոլոր սաունաները մտնել: Բայց ինչ արած, այլ ելք չկա...
Ուշ երեկո: Կառավարության արտահերթ նիստ: Ինքը սկսում է ելույթը. "Պարոնա՛յք, ուրախ լո՛ւր: Տիկոյի փոխարժեքը աճո՛ւմ է (ծափահարություններ): Երկրի տնտեսությունը քայքայվո՛ւմ է (բուռն ծափահարություններ): Բայց... բայց... էն որ Կենտրոնական բանկի ոսկին բիրիքով ծախել էինք ու տեղը թղթադրամ վերցրել... մի խոսքով` ԿԲ պահուստները մուկ ա մտել... Իրար երեսի մի՛ նայեք, խոսքը իսկական մկան մասին է... Մի խոսքով` ՀՀ պահուստները կռծված են... Ի՞նչ անենք...":
Թարսի պես էլ, կողքի սենյակի աղմուկը խանգարում է: Վարդան Օսկանյանն է լսափողի մեջ գոռգոռում. "Ալո՛,ալո՛... Իլհա՛մ Հեյդարիչ, կներեք, որ ուշ ժամի եմ զանգում... ալո՛, բա՛ռըշնյա... ալո՛... ասում եմ` էն 97-ի պայմանագիրը բերեմ` ստորագրեք... ալո՛... ուր գնա՞մ... երեք տա՛ռ... երեւի ՄԱԿ-ը նկատի ունեք... ալո՛, ալո՛...":
"Էն Վարդանին ասեք` սուս մնա, դրա վախտը չի, նյարդայնանում է Սերժ Սարգսյանն ու շարունակում. ես առաջարկում եմ ԿԲ պահուստները կուտակենք պատրոնով": "Բենզինո՛վ, բենզինո՛վ", տեղից գոռում է Միշա Բաղդասարովը: "Պոնչիկը ավելի՛ կայուն տարադրամ է, գոռում է Հրանտ Վարդանյանը, ես նույնսկ փոխարժեքը կասեմ` մեկ տիկոն հավասար է երկու պոնչիկի":
"Պարոնա՛յք, դուք ինձ ճիշտ չհասկացաք, առարկում է ինքը: Ճեղքվա՛ծքը պետք է փակել... ի՞նչ եք անում... խոսքը բյուջեի՛ մասին է...":
Արթնանում է Արմենչիկի ընդունարանում:
Էջանիշներ