Բաց նամակ Ստաֆիլակոկուս Աուրեուսին
Հարգելի պարոն Ստաֆիլակոկուս:
Դուք արդեն 12 տարի է, ինչ գտնվում եք իմ մարմնում և օգտվում եք իմ կենսական հյութերից` բազմանալով ու բարգավաճելով լիակատար ազատության մեջ: Ես, լինելով հանդուրժողականության անփոփոխ ջատագով և բացառելով ցանկացաց անտիբիոտիկային կամ այլ մեդիկոմենտալ միջամտության հնարավորություն, տարիներ շարունակ հանդուրժել եմ Ձեր գոյությունն իմ օրգանիզմում: Ձեր ներկայության առաջին իսկ շաբաթից իմ մաշկը սկսեց այլանդակվել` պզուկոտվելով ու ճարպոտելով, սակայն լավատեսությամբ լի հույսն ապագայի հանդեպ ինձ չէր լքում: Այն բանից հետո, երբ ես դարձա կրիչն այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են իմպետիգոն, ֆուրունկուլը, ֆլեգմոնան, կարբունկուլը և աբսցեսը, ընտանիքիս անդամները թախանձում էին ինձ` դիմել բժշկի: Սակայն ես գերադասեցի հանդուրժողականություն ցուցաբերել, քանի որ վստահ էի, որ Դուք երբեւէ չեք կարող վերջնականապես ոչնչացնել այն օրգանիզմը, որտեղ բնակվում եք Դուք, Ձեր սերունդները, ուր նետել եք Ձեր արմատները, ծխեցրել եք Ձեր օջախը:
Երկու տարի առաջ` գարնանը, երբ ես ծանր հիվանդացա միաժամանակ թոքաբորբով ու մենինգիտով, եւ երբ ինձ այցելած բժիշկն ասաց, որ այդ հիվանդությունների պատճառը Ձեր ներկայությունն է իմ օրգանիզմում, ես սկսեցի կասկածել` գուցե սխալական են իմ պատկերացումները Ձեր նպատակների ու մտադրությունների մասին: Բայց ես ընդդիմացա անտիբիոտիկների ներարկմանը, քանի որ ատում եմ բռնությունը, և վստահ եմ` որ արյան գնով չի կարելի որևէ հարց լուծել: Այսօր ես հիվանդ եմ օստիոմելիտով և էնդոկարդիտով, իմ օրգանիզմը սպառում է իրեն, ինձ շատ քիչ կյանք է մնացել ապրելու: Այս էր պատճառը, որ որոշեցի Ձեզ գրել այս նամակը:
Հարգելի պարոն Աուրեուս:
Դանակն այլեւս հասել է ոսկորին: Դուք պետք է հեռանաք! Կենդանի մնացած ոչ մի նյարդային բջիջ, ոչ մի լեյկոցիտ կամ տրոմբոցիտ Ձեզ այլևս չի ների Ձեր արարքների համար: Անշուշտ ես շարունակում եմ դեմ մնալ անտիբիոտիկային ոչ հումանիստական միջամտությանը, սակայն պետք չէ թերագնահատել իմ իմունային համակարգը: Այն դեռ շատ ուժեղ է և հարկ եղած ժամանակ կարող է արժանի հակահարված հասցնել ձեր բակտերիալ ռեժիմին: Հեռացեք! Մի արժանացեք սերունդների անեծքին!
Ձեզ սիրով կերակրող` Հոմո Սապիենս
Էջանիշներ