ՆԺԿ առաջնորդը Մոսկվայում նամակ կփոխանցի Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ղեկավարությանը
17:02 • 09.01.09
ՙՆոր ժամանակներ՚ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Մոսկվայում նամակ կփոխանցի Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ղեկավարությանը:
Ինչպես հաղորդել է ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, դեկտեմբերի վերջից ՌԴ մայրաքաղաքում գտնվող Արամ Կարապետյանը մտադիր է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարությանը փոխանցել Մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանի նամակը:
Այդ նամակում Սամվել Նիկոյանը խնդրում է մանրամասն տեղեկատվություն հաղորդել ՙՉերյոմուխա-7՚ արցունքաբեր գազի մասին, քանի որ հատուկ միջոցների այդ տեսակը թողարկող գործարանը գտնվում է Ռուսաստանի ՆԳՆ վերահսկողության ներքո: Տեղեկատվության համաձայն, Արամ Կարապետյանը մտադիր է Երևան վերադառնալ հունվարի 14-15-ը, քանի որ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հենց այդ օրերին է պատրաստվում իր հերթական նիստը հրավիրել:
Չի բացառվում, որ հանձնաժողովի նիստում ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության առաջնորդը ներկայացնի Ռուսաստանի ՆԳՆ պատասխանը, նշել է Հրաչյա Սարգսյանը:
Էջանիշներ