18. Բյուրոկրատական քաշքշուկ
Այդ շաբաթ օրը ինձ պետք է ազատ արձակում տային: Համենայն դեպս որոշեցի ճշտել, տալու՞ են, թե՞ ոչ: Գործով պետի տեղակալներից մեկի մոտ էի մտել, խոսակցությունը ավարտվեց «Արտակ ջան, ապրես, լավ ես սարքել...» խոսքերով ու այդ ջերմ վերաբերմունքից ոգևորված որոշեցի հարցնել.
- Պարոն գնդապետ, այս շաբաթ-կիրակի օրերին ինձ ազատ արձակում տալու՞ եք:
- Հա՛, Արտակ ջան, իհարկե:
- Պարոն գնդապետ, իսկ հնարավոր է, որ ես այդ օրը սովորական ժամից շուտ դուրս գամ: Այս շաբաթ օրը պապիկիս քառասունքն է ու ժամը 12-ի կողմերը պետք է գերեզմանոց գնանք, որպեսզի հարցնեմ:
- Հա, Արտակ, իհարկե, խնդիր չկա, - պատասխանեց:
Շնորհակալություն հայտնեցի: Ապա պատիվ տալով և ասելով «Թույլ կտաք գնալ, պարոն գնդապետ» ուզում էի դուրս գալ սենյակից, երբ հետևիցս ձայնեց.
- Պետի անունով զեկուցագիր գրիր, Արտակ, որ կարողանաս այդ օրը շուտ գնալ:
Շփոթված կանգնեցի:
- Պարոն գնդապետ, ինձ ազատ արձակում տալու համար արդեն զեկուցագիր գրվել է՝ դասակիս մյուս զինվորների հետ միասին...
- Մի հատ էլ առանձին զեկուցագիր գրիր, նշիր որ այսինչ պատճառով ուզում ես ավելի շուտ դուրս գալ:
- Պարոն գնդապետ, զեկուցագրի մեջ նշե՞մ, որ քառասունքի համար եմ ուզում շուտ գնալ, - զարմացա ես, ախր եղածը 1-2 ժամ շուտ դուրս գալն է:
- Այո՛, Հարությունյան: Հետո կբերես զեկուցագիրը մոտս, որ միջնորդեմ:
- Լսում եմ, պարոն գնդապետ, - ասացի ու վրդովված դուրս եկա սենյակից:
Վերցրի թուղթն ու գրիչը, ու չգիտեմ ինչու դողդողացող ձեռքերով հրամանատարի անունով զեկուցագիր գրեցի, «Խնդրում եմ պապիկիս քառասունքի արարողության մասնակցելու համար թույլատրել այսինչ օրը ազատ արձակում գնալ նախատեսված ժամից այսքան ժամ շուտ», ապա տակը, ինչպես միշտ մակագրեցի. «Այսինչ ստորաբաժանման հրամանատար, ավագ Ա. Հարությունյան», ստորագրեցի, նշեցի ամսաթիվը ու տարա պետի տեղակալի մոտ:
- Թույլ կտա՞ք, պարոն գնդապետ, - հարցրի՝ ծեծելուց հետո դուռը բացելով:
- Մտի՛ր Արտակ: Զեկուցագի՞րն է:
- Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, - ասացի՝ դեռ դողացող ձեռքով թուղթը սեղանին դնելով:
Կարդաց:
- Լավ ես գրել, ապրես, - գովեց, չգիտեմ՝ ինչու, - բայց տակը պետք չի նշել ստորաբաժանման ղեկավար լինելը, նշիր թե որ բաժնում ինչ հաստիքով ես:
- Պարոն գնդապետ, բայց միշտ դասակիս զինվորների համար ազատ արձակում խնդրող զեկուցագրերում այսպես եմ գրում...
- Արա այն, ինչ ասում եմ:
- Լսում եմ, պարոն գնդապետ, - վրդովված վերցրի թուղթն ու դուրս եկա սենյակից:
Ավելի շատ դողացող ձեռքերով արտագրեցի զեկուցագիրը, վերջում փոխելով «Այսինչ բաժնի տեխնիկ-լաբորանտ, ավագ Ա. Հարությունյան», ստորագրեցի, նշեցի ամսաթիվն ու գնացի պետի տեղակալի մոտ:
Կարդաց:
- Այսպես նորմալ է, - ասաց, - դե հիմա տար, թող անմիջական պետդ մակագրի, որի միջնորդում է...
- Բայց դրա կարիքը կա՞, պարոն գնդապետ: Ձեր մակագրությունը բավարա՞ր չէ:
- Ո՛չ:
- Լսում եմ, պարոն գնդապետ:
Գնացի անմիջական պետիս որոնելու: Որոնումը բավական երկար տևեց: Ի վերջո պարզվեց, որ օրվա վերջում է գալու՝ արտահերթ վերակարգն ընդունելու համար: Այդքա՞ն պետք է սպասեմ, ի՞նչ է:
Գնացի պետի տեղակալի մոտ:
- Թույլ կտա՞ք, պարոն գնդապետ:
- Մտի՛ր, Արտակ, մակագրե՞ց:
- Ոչ մի կերպ պարոն գնդապետ: Այսօր ուշ է գալու, քանի որ վերակարգ է...
- Հա, ճիշտ է... լա՛վ, բեր ես մակագրեմ:
Վերցրեց թուղթն ու մակագրեց. «Միջնորդում եմ ըստ զեկուցագրի, գնդապետ Այսինչյան», ստորագրեց, գրեց ամսաթիվն ու թուղթը տվեց ինձ: «Փաստորեն անմիջական պետիս մակագրությունն անհրաժեշտ չէր, ինչի՞ համար էր այս ամենը», - մտածեցի ակամա:
- Տար պետի մյուս տեղակալի մոտ, թող ինքն էլ մակագրի, ապա տար կադրերի բաժին, որպեսզի մտցնեն հրամանատարի մոտ՝ հաստատելու:
- Լսում եմ, պարոն գնդապետ:
Տարակուսած դուրս եկա սենյակից: Թակեցի պետի մյուս տեղակալի դուռը:
- Թույլ կտա՞ք, պարոն փոխգնդապետ, - հարցրի:
- Մտիր:
- Պարոն փոխգնդապետ, կմիջնորդե՞ք զեկուցագրիս, - հարցրի:
- Տուր նայեմ՝ ի՞նչ է:
Վերցրեց, կարդաց, ապա.
- Էս ի՞նչ է...
- Պարոն փոխգնդապետ, վաղը պապիկիս...
- Դա չեմ ասում, ինչու՞ ես սև գրիչով գրում:
Աչքերս հայտնվեցին ճակատիս շրջակայքում:
- Պարոն փոխգնդապետ, իսկ ի՞նչ ա, որ...
- Զեկուցագրերը միայն կապույտ գրիչով պետք է գրվեն:
- Բայց պարոն փոխգնդապետ, ես բազմիցս սևով եմ գրել ու ոչ մի անգամ...
- Հարությունյան, արտագրիր կապույտ գրիչով, բեր:
- Բայց պարոն փոխգնդապետ, գնդապետ Այսինչյանն արդեն ստորագրել է...
- Ոչինչ, կխնդրես, որ նորից ստորագրի:
Հուսահատված դուրս եկա սենյակից:
Արտագրում եմ երրորդ անգամ: Այս անգամ կապույտ գրիչով: Ստորագրում եմ, նշում ամսաթիվն ու թակում պետի տեղալի դուռը:
- Թույլ կտա՞ք, պարոն գնդապետ:
- Մտի՛ր:
- Պարոն գնդապետ, փոխգնդապետ Այսինչյանն ասեց, որ կապույտ գրիչով գրեմ...
- Սևո՞վ էիր գրել, ճիշտ է արել: Կապույտով արտագրի, բեր:
- Արդեն արտագրել եմ:
- Տուր:
Գրում է. «Միջնորդում եմ ըստ զեկուցագրի, գնդապետ Այսինչյան», ստորագրում է, նշում ամսաթիվը:
- Թույլ կտա՞ք գնալ:
- Հա՛:
Թակում եմ դուռը:
- Թույլ կտա՞ք, պարոն փոխգնդապետ:
- Մտի՛ր:
- Բերեցի:
- Այ սա ուրիշ հարց:
Մակագրում է. «Միջնորդում եմ ըստ զեկուցագրի, փոխգնդապետ Այսինչյան», ստորագրում է, նշում ամսաթիվը:
- Մյուս անգամ հանկարծ սև գրիչով զեկուցագիր չգրես:
- Լսում եմ, պարոն փոխգնդապետ: Թույլ կտա՞ք գնալ:
- Ազատ ես:
Գնում եմ կադրերի բաժին:
- Պարոն կապիտան, այս զեկուցագիրն այսօր մտցրեք հրամանատարի մոտ, պետի տեղակալները միջնորդել են:
Կարդում է զեկուցագիրը, զգում եմ ապշած է, բայց բան չի ասում:
- Ե՞րբ կմտցնեք:
- Օրվա վերջում:
- Ես կգամ, իմանամ, թե ի՞նչ եղավ:
- Լավ:
Ավելի քանի մեկ ժամ, փաստորեն կորցրի այդ զեկուցագրի վրա: Այդ ընթացքում կարելի էր բավական շատ գործեր հասցնել անել: Օրվա վերջում մտնում եմ կադրերի բաժին.
- Արդեն տարե՞լ եք:
- Դեռ չէ, Արտակ, շուտով կտանեմ:
- Կարո՞ղ եմ այստեղ սպասել:
- Իհարկե:
Նստում եմ: Քիչ անց ներս է մտնում պետի տեղակալներից մեկը, հանձնարարություն է տալիս ինձ, ուղարկում: Այդ օրն այդպես էլ չեմ տեսնում կադրերի բաժնի պետին:
Հաջորդ օրն առավոտը շուտ գտնում եմ:
- Մտցրի՞ք, պարոն կապիտան:
- Հա:
- Ստորագրեց:
- Չէ:
Գլխիս կարծես դույլով սառը ջուր են լցնում:
- Ինչու՞:
- Ասեց, որ ոչ մեկին ազատ արձակում այս օրը չեն տալու՝ ելնելով ընդհանուր կարգապահությունից:
- Բայց կարդաց, թե ինչի՞ համար է ինձ պետք:
- Հա՛:
Նախ ես կարգապահ եմ եղել: Երկրորդ, թեկուզ անկարգապահ լինեի, միթե՞ հնարավոր չէ հարգել մարդուն... Ակամա հիշում եմ նույն պապիս մահվան օրը: Դողացող ձեռքերով երեքօրյա արձակուրդ խնդրելու զեկուցագիրը ձեռքիս անձամբ մտել եմ հրամանատարի մոտ:
- Ինչու՞ ես եկել, - հարցնում է:
- Պարոն գնդապետ, պապիս է մահացել ու ես դեռ իմ հնարավոր ողջ արձակուրդը չեմ օգտագործել, խնդրում եմ երեք օրով արձակուրդ տաք, ահա զեկուցագիրը: Ինձ ասացին, որ անձամբ մտնեմ Ձեր մոտ:
Այն ժամանակ հասկանում էի, որ արձակուրդ կարող է և չտան: Երկրում հայտարարված արտակարգ դրությունից հետո զորամասերում դեռևս խստացված ռեժիմ էր և օրենքով արձակուրդ տալու իրավունք, կարծեմ, չունեին: Թերևս հենց դրա համար էլ անձամբ ինձ էին ուղարկել հրամանատարի մոտ: Սակայն հրամանատարի տված պատասխանը ինձ հասցրեց ակամա կատաղության.
- Իսկ դու գիտե՞ս, որ զինծառայողի համար պապին հարազատ չի, - հարցրեց հրամանատարը:
Այդ պահին չկողմնորոշվեցի, թե իրականում ինչ նկատի ուներ: Թերևս նկատի ուներ, որ ըստ կանոնադրական սահմանման արձակուրդ տրամադրվում է միայն ծնողների, քույր-եղբայրների մահվան դեպքում, համենայն դեպս այդպես բացատրեց սպաներից մեկը: Իսկ պապին, փաստորեն, զինծառայողի համար հարազատ չէ: Համենայն դեպս նրա ասած նախադասությունը այդ էր ասում:
- Պարո՛ն գնդապետ, - այն ժամանակ պատասխանեցի զայրացած, - չգիտեմ զինծառայողի համար ինչպե՞ս, իսկ իմ համար հարազատ է:
- Լա՛վ, լա՛վ, - ասաց հաշտվողական տոնով, երևի նկատելով զայրույթս ու հոգեվիճակս: - Արձակուրդ տալու իրավունք չունեմ, բայց կփորձեմ հուղարկավորության օրը մի քանի ժամով ազատ արձակում տալ:
Բան չունեմ ասելու, խոսքի տերն եղավ: Իսկ ես հենց այդ օրը ինքնակամ լքեցի զորամասն ու շտապեցի տուն: Արտակարգ դրության հետևանքները եղան հոգեհանգստին, ինքնահողին և յոթին մասնակցել չկարողանալս: Ու հրամանատարը պետք է որ դա լավ իմանար, հիմա էլ չի թույլատրում, փաստորեն, քառասունքի արարողությանը գնալ:
Էջանիշներ