User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: 18. Բյուրոկրատական քաշքշուկ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 18. Բյուրոկրատական քաշքշուկ

    Առաջին ցանկությունս էր անձամբ նրա մոտ մտնելը՝ կոնկրետ իմ հարցով: Բայց հետո հիշեցի, որ այնուամենայնիվ իմ վրա դրել են դասակի հրամանատարի պարտականությունները ու որ իմ դասակի զինվորները կարգապահ են եղել: Փաստորեն այլոց մեղքով նրանք էլ են զրկվելու ազատ արձակման գնալու հնարավորությունից:
    Մտա հրամանատարի մոտ: Փոխանակ կոնկրետ իմ խնդիրը ներկայացնելու՝ փորձեցի ներկայացնել դասակիս զինվորներին ազատ արձակում տրամադրելու խնդրի անհրաժեշտությունը և անմիջապես, բավական չոր կերպով, դուրս հրավիրվեցի սենյակից:
    - Բանակում սուբորդինացիա կա, դիմիր անմիջական պետիդ:
    Փաստորեն նորից մի ողջ շղթա պետք է անցնենք, այս անգամ ավելի բարդ մոդելով: Տեսնե՞ս մի բան դուրս կգա: Ամեն դեպքում շտապում եմ գումարտակի հրամանատարի մոտ, խնդիրը շարադրելու ու լուծման ելք գտնելու ակնկալիքով:
    Մի ողջ օրվա վազվզոց, պետի տեղակալներ, գումարտակի հրամանատար, բաժինների պետեր... ի վերջո որոշվում է, որ մեր դասակի զինվորներին կարելի է ազատ արձակում տալ: Արդեն ժամը 11-ն է: Մնում է իմ խնդիրը, ես պետք է շուտ մեկնեմ, որպեսզի մյուս հարազատներիս հետ միասին գերեզմանոց գնամ:
    Մտնում եմ պետի տեղակալի մոտ.
    - Պարոն գնդապետ, մեր ազատ արձակման հարցը լուծվեց, բայց հիշեցնեմ, որ ինձ շուտ էր պետք գնալ: Կթույլատրե՞ք հիմա կամ մեկ ժամվա ընթացքում դուրս գալ զորամասից:
    - Հարությունյան, առանց հրամանատարի թույլտվության չի կարելի: Զեկուցագիր գրիր:
    - Պարոն գնդապետ, երեկվա զեկուցագիրս դեռ կա ու մերժվել էր բանավոր, վրան մերժման մակագրություն չկա, ի՞նչ անենք:
    - Այս անգամ ազատ արձակմամբ պետի մյուս տեղակալն է զբաղվում, տուր իրան, թող իջեցնի հրամանատարի մոտ:
    - Լսում եմ, պարոն գնդապետ:
    Դուրս եմ գալիս ու թակում պետի մյուս տեղակալի դուռը:
    - Պարոն փոխնգդապետ, իմ շուտ դուրս գալու համար դուք կարո՞ղ եք իմ այս զեկուցագիրը տանել հրամանատարի մոտ:
    - Հարությունյան, թեև Ձեր գնալու թույլտվությունը տրված է, բայց զեկուցագիրն ու ազատ արձակման թերթիկները դեռևս ստորագրված չեն: Մի քանի րոպեից իջնելու եմ հրամանատարի մոտ, դա էլ կտանեմ:
    - Ես Ձեզ դռան մոտ սպասե՞մ, - հարցնում եմ:
    - Այո:
    Սպասում եմ դռան մոտ: Անցնում է ոչ միայն մի քանի րոպեն, այլև մի քանի տասնյակ րոպեն: Կես ժամ անց վերջապես դուրս է գալիս սենյակից, որտեղ մի քանի սպաների հետ ինչ-որ խորհրդակցություն էր սկսել ու գնում է հրամանատարի մոտ, նախապես ասելով. «Արդեն տանում եմ, Հարությունյան»:
    Վերադառնում է տաս րոպե անց:
    - Եղա՞վ, պարոն փոխգնդապետ, - հարցնում եմ:
    - Չէ, մտածեցի որ կարելի է առանց հրամանատարին ասելու քեզ շուտ թողնել, զեկուցագիրդ իզուր ցույց չտվի: Հիմա մտնեմ հրամանատարի մյուս տեղակալի մոտ, կորոշենք:
    Մտնում է, դուրս է գալիս 5 րոպե անց.
    - Չէ, Հարությունյան, գնդապետ Այսինչյանն ասեց, որ առանց հրամնատարի թույլտվության չի կարելի:
    - Բա հիմա ի՞նչ, պարոն փոխգնդապետ:
    - Ինքը շուտով մտնելու է հրամանատարի հետ այլ փաստաթղթերի քննարկման հարցով, զեկուցագիրդ էլ կմտցնի:
    Սպասում եմ ևս հինգ րոպե: Դուրս է գալիս հրամանատարի տեղակալն ու ուղևորվում հրամանատարի մոտ, նախապես ասելով. «Շուտով կլինի, Արտակ ջան, չե՞ս ուշացել, չէ՞»:
    Սպասում եմ տաս րոպե: Վերադառնում է:
    - Վա՛յ, Հարությունյան, գործով տարվեցի զեկուցագիրդ մոռացա:
    - Բա հետո՞, պարոն գնդապետ...
    - Չգիտեմ: Մի քիչ հետո էլի եմ մոտը գնալու, կտանեմ:
    - Դուք ում մոտ ուզում եք, գնացեք, պարոն գնդապետ, իսկ ես գնում եմ պապիկիս քառասունքին մասնակցելու: Եթե ցանկանում եք, կարող արձանագրել, որ զորամասն ինքնակամ լքել եմ:
    - Մի քիչ սպասիր, Արտակ:
    - Էլ չեմ կարող սպասել, պարոն գնդապետ, - ասում եմ, հեռանալով:
    Հետևիցս ձայնում է.
    - Լավ, Հարությունյան, սպասիր, ներքին կարգով թույլատրում եմ գնաս, մտիր հրամանատարի մյուս տեղակալի մոտ ազատ արձակման թերթիկը վերցնելու:
    Թակում եմ դուռը.
    - Թույլ կտաք, պարոն փոխգնդապետ, արդեն համաձայնեցրել եմ գնալս, ազատ արձակման թերթիկը տվեք:
    - Պետք է ճշտեմ, Հարությունյան, - ասում է՝ ցանկանալով սենյակից դուրս գալ:
    Կանգնում եմ դռան առջև.
    - Պարոն փոխգնդապետ, գուցե՞ կհասցնեք ճշտել գնալուցս հետո: Իսկ հիմա ես ուշանում եմ ու խնդրում եմ իմ ազատ արձակման թերթիկը տալ, - աչքերումս արդեն կայծեր էին խաղում ու ես չգիտեմ թե այս պատմությունն ինչով կվերջանար:
    Ինձ արդեն համբերությունից հանել էին: 12-ն անց էր արդեն: Առավոտյան 9-ից ես այս հարցով վազվզում եմ: Ինձ այդ ընթացքում այնքան ստորացումներով անցկացրին, որ կար պահ նույնիսկ, որ առաջնային դարձել էր ոչ թե հարազատ պապիկի քառասունքին հասնելն, այլ սկզբունքային պայքարում հաղթելը: Ցույց տալը, որ մարդ ես, որ զգացում ունես: Ցույց տալը, որ զինվորը մարդ է: Իրավիճակի լարումը փրկվեց ակամա, երբ ներս մտավ պետի առաջին տեղակալն ու այս մեկին ասաց, որ թույլատրել է ինձ գնալ: Ստացա ազատ արձակման թերթիկս ու շտապ դուրս եկա սենյակից, ապա զորամասից, տաքսի բռնեցի ու շտապեցի տուն:
    Աչքերս արտասովոր չոր էին, սառած: Ողջ ճանապարհին հիշում էի, թե ինչպես էի երեք շաբաթ առաջ թակել հրամանատարի տեղակալի դուռը.
    - Կանչե՞լ եք, պարոն գնդապետ:
    - Հա՛, Արտակ ջան: Խանութներից մի քանի սարքերի գներ է պետք ճշտել: Քանի որ այսօր խանութները շուտ են փակվելու, դու հենց հիմա գնա ազատ արձակում, կճշտես գները, կգաս, ինձ կասես:
    Ինձ տվեց ազատ արձակման թերթիկն ու ուղարկեց խանութներում գները ճշտելու: Զեկուցագիր չէի գրել: Հրամանատարին չէր հարցրել, կարծեմ: Ուրեմն ինչի՞ համար էր այս ամբողջ բյուրոկրատական քաշքշուկը: Ստորացնելու՞: Թե այն դեպքում այլ շահ կար՝ պետական շահ, այս անգամ, չկա:
    Ես ծառայության անցնելիս երդվել եմ, անվերապահ ծառայել հայրենիքիս... Հայրենիքից ավելին ինձ համար ընտանիքն է եղել՝ միշտ: Բոլոր ընտանիքների համագումարը նոր համարել եմ հայրենիք: Հայրենիքին ծառայել ասելով հասկացել եմ, որ դա առաջնահերթ անում եմ, իմ հարազատների համար, նրանց բարեկեցության ու խաղաղ ապրելու իրավունքը ապահովելու ինձ հասանելիք պարտականությունը կատարելու համար: Այդ օրն ընտանեկանը ստիպեցին համարել երրորդական ինչ-որ բան: Խարխլվեց հայրենիքի պատկերացումը մի պահ: Մի պահ մտածեցի, որ իզուր եմ երդում տվել: Հետո ինձ հավաքեցի: Այս միջադեպով չի կարելի փոխել սկզբունքները, պատկերացումները, վճիռները... բայց արդյո՞ք այդ մի միջադեպով...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (23.08.2009), Rammstein (11.12.2010), Արևածագ (09.11.2010), Ուլուանա (14.08.2009), Ֆոտոն (14.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •