Բարև, ես եմ
Մանկությունս ու պատանեկությունս անցել է մի փոքրիկ, խաղաղ քաղաքում: Այդ քաղաքի մարդիկ ինձ դուր չէին գալիս. փոխանակ միավորվեն ու օգնեն միմյանց լուծել ընդհանուր խնդիրներն ու պրոբլեմները, ամբողջ օրը զբաղված էին բամբասելով: Իսկ երբ բամբասանքի թեմաները սպառվում էին՝ սկսում էին ստեր հորինել ու որոշ ժամանակ անց իրենք էլ սկսում էին հավատալ իրենց ստեղծած ստերին: Ահավոր ձանձրալի էր և մի օր էլ՝ վերջնականապես հոգնելով այդ միապաղաղ կյանքից, հեռացա քաղաքից…
Դեպի անհայտություն տանող ճանապարհին հանդիպեցի տարբեր ազգության մարդկանց, բայց նրանց միավորում էր ընդհանուր նպատակ՝ գողանալ, թալանել, սպանել և այդ ամենի միջոցով հարստանալ… Այդ ամենը տեսնելով՝ վերջնականապես որոշեցի՝ կգնամ հեռու մարդկանցից ու նրանց՝ իմ կողմից անընդունելի սկզբունքներից: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով հասա Աֆրիկա, Սահարա: Հույս ունեի հենց այնտեղ գտնել իմ հանգիստը, ապրել խաղաղ կյանքով՝ մարդկանցից հեռու: Բայց ժամանակը ցույց տվեց, որ իմ հույսերը չէին արդարանալու... Համարյա ամեն շաբաթ հորիզոնում երևում էին իրենց քարավան անվանող մարդկային խմբեր: Նրանք ուղտերով թանկարժեք իրեր ու ոսկեղեն էին տեղափոխում: Երբևէ միաժամանակ այդքան հարստություն չէի տեսել՝ մեր քաղաքի ամենահարուստ մարդն անգամ կզարմանար այդքան ոսկի միանգամից տեսնելով… Մի անգամ էլ պատահաբար լսեցի, թե ինչպես էր քարավաններից մեկի ղեկավարը ընկերոջը պատմում, որ ոսկեղենի մեծ մասը գողացել էր մի արաբ վաճառականից, որն էլ իր հերթին հարստությունը կուտակել էր ստրուկներ վաճառելու միջոցով: Հենց այդ գիշեր սպանվեց քարավանի ղեկավարը և ամբողջ հարստությունն անցավ նրա ընկերոջ տնօրինության տակ: Այդ դեպքից հետո ատելությունս մարդկանց հանդեպ ավելի խորացավ և քանի որ որոշակի զբաղմունք չունեի, մտադրվեցի կյանքս նվիրել մարդկանց դաստիարակելու դժվարին գործին:
Որոշեցի ինքս զբաղվել թալանով, որ մարդիկ միավորվեն ընդհանուր թշնամու՝ իմ դեմ: Իհարկե հիմա զղջում եմ այդ քայլիս համար, բայց այն ժամանակ դեռ երիտասարդ էի և շատ բաներ այլ կերպ էի ընկալում: Վեց քարավան թալանեցի մինչև հասկացա, որ դա հարցի լուծում չէ՝ մարդիկ շարունակում են գողանալ, թալանել, սպանել, ավելին՝ ես էլ նրանցից մեկն եմ դարձել… Քանի որ թալանված հարստությունն ինձ պետք չէր՝ այն պահեցի ավազի տակ և շարունակեցի ապրել իմ սովորական կյանքով՝ հանգիստ, խաղաղ…
Անցան տարիներ: Սահարայում սկսեցին հաճախակի երևալ ինչ-որ մարդիկ՝ գիտնականներ: Սկզբում նրանք զբաղվում էին մողեսների ու կարիճների որսով, հետո սկսեցին ոնչ-որ բան փնտրել: Մի օր նրանցից մեկը մի մեղադադրամ գտավ և դրա վրա հրավիրեց ընկերների ուշադրությունը: Նրանք միասին եկան այն եզրակացության, որ այդտեղ է թաղված Թութանհամոնի գանձերը: Նրանք հեռացան և շուտով վերադարձան իրենց հետ բեելով փղեր հիշեցնող կենդանիներ, որոնք փղերից տարբերվում էին միայն ավելի երկար կնճիթով, փայլփլուն ու գունավոր կաշվով և ահավոր բարձր ու տհաճ ձայնով: Այդ կենդանիները զարմանալի ճարպկությամբ փորում էի ավազները և շուտով հայտնաբերվեց իմ կողմից պահված հարստությունը: Որոշեցի չխանգարել նրանց՝ միևնույն է, այդ հարստությունն ինձ պետք չէր: Համարյա ամբողջ ոսկեղենը տեղավորել էին իրենց կենդանիների վրա, երբ հանկարծ ծեծկռտուք սկսվեց, շուտով լսվեցին նաև կրակոցներ, և մի քանիսը անշնչացած վայր ընկան:
Մի՞թե մարդիկ այնքան հիմար էին, որ չէին հասկանում՝ հարստությունն այնքան շատ էր, որ բոլորին էլ կհերիքեր ամբողջ կյանքում վայելելու համար: Ես ահավոր նյարդայնացա ու որոշեցի ոչնչացնել այդ անկուշտ սրիկաներին, մոռանալով, որ ինքս ինձ խոստացել էի այլևս երբեք մարդկանց նկատմամբ բռնություն չկիրառել: Բայց շուտով հասկացա, որ ես՝ զառամյալ ծերուկս, անզոր եմ փղանման հրեշների դեմ: Մարդիկ արագորեն հավաքեցին մնացած ոսկին ու հեռացան… Գիտակցեցի, որ անկարող եմ որևէ բան փոխել այս աշխարհում և որոշեցի գոնե մահվանից առաջ այցեցել ծննդավայրս: Տուն վերադառնալու ճանապարհին հանդիպեցի մանկության օրերիս ընկերոջը: Նա պատմեց, որ ծնողներս վաղուց մահացել են, իմ հեռանալուց մի քանի տարի անց հայրենի քաղաքը լքել է նաև եղբայրս, և խոսակցույթուններ են պտտվում, որ նրան տեսել են Լուսնի վրա: Մոտ ընկերներիցս մեկն էլ հարբեցող է դարձել և մի քանի տարի առաջ ինքնասպան է եղել Ինդոնեզիայի ափերի մոտ՝ դառնալով հազարավոր մարդկանց մահվան պատճառ… Այդ ամենն իմանալով՝ հետ կանգեցի ծննդավայրս վերադառնալու մտքից, և քանի որ վախճանս հեռու չէր՝ որոշեցի գրել կյանքիս պատմությունը... Այն կարելի է վերնագրել «Միայնակ քամու կյանքի պատմություն» կամ պարզապես «Բարև, ես եմ»:
Էջանիշներ