Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Վերջին երեք ամիսները ցույց տվեցին, որ իշխանական այրերի եւ ժողովրդի հոգին այդպես էլ չմերձեցավ: Նախագահը(Սերժ Սարգսյանը-խմբ) որպես մայր մեղու հասարակական փեթակի կողմից չընդունվեց: Ավելի լակոնիկ ասեմ` «դուշի վիկինգով ի նարոդա նյե պոռադնիլիս»,- այսօր ցավով ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Լրագրողներից մեկն անմիջապես գտավ հայտնի երգը եւ ասուլիսն ընդհատվեց Ալեգրովայի երաժշտութամբ: Երաժշտական ընդմիջումից հետո Հայաստանի թիվ մեկ մարքսիստը շարունակեց անդրադառնալ հայ ազգի առաջ ծառացած խնդիրներին եւ հատուկ իշխանական լրատվամիջոցների համար պարզաբանեց.
«Իշխանական ճամբարը ժողովրդին անվանում է ՀՀՇ-ական, իսկ մենք այն անվանում ենք` ժողովրդահայրենասիրական այլանս»:
Նա խոսք ուղղեց նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցներին, որոնց իշխանություններն անվանում են «ՀՀՇ-ական».
«Ոչ թե Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա, այլ` ժողովրդահայրենասիրական միացյալ ուժերին: Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը կայանում է նրանում, որ նա երկրորդ անգամ ազգը հանեց ոտքի իր ազգային արժանապատվությունը պահպանելու համար` հանուն կենսաբանական անվտանգության: ՀՀՇ-ն եղել է եւ մնում է քաղաքական այն կատալիզատորը, որը 1988-89թթ.-ին դարձավ ազգային զարթոնքի կատալիզատոր»: Նա գտնում է, որ այսօր Տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրը գաղափական, նոր, հզոր ուղեղներին քաղաքական ուղեծիր հանելն է, որը նա սրբությամբ կկատարի.
«Որքան էլ իշխանական ճամբարի վիկինգների քաղաքական լակեյներն զուռնա փչեն, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը անցյալն է վերադարձնում կամ անցյալի ռեւանշն է. դա կատարյալ խաբեություն է»:
Խոսելով ազգի առաջ ծառացած խնդիրներից` նա նշեց.
«Ամենակարեւորը ազգի քաղաքական միասնության եւ գաղափարական միաբանության գերխնդիրն է: Այսօր ԱԺ պատգամավորներին հարցնես, թե ինչ է պետությունն ու պետականությունը` չեն կարողանա պատասխանել: 15 տարի է` նույն մորդաներն(դեմքերն են-խմբ) են ԱԺ-ում եւ նույն երգն են երգում»:
Նա կարծում է, որ առաջին հերթին պետք է լուծարել ԱԺ-ն եւ վստահեցնում է, որ իշխանություններն այլընտրանք չունեն: «Մեզ անհրաժեշտ է նոր տնտեսական քաղաքականություն: Մենք տեսնում ենք մեր իշխանությունների տկարամտության արդյունքը:
Այն, ինչ ասում է նախագահը, վարչապետը` ողբերգություն է: Ողբերգություն է, երբ պետությունը արտաքին գնագոյացման պրոցեսների դեմ մնացել է անպատրաստ»:
Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի` սփյուռքի բոլոր գործարարներին Ծաղկաձոր հրավիրելու փաստին` Դավիթ Հակոբյանն ասաց.«Վարչապետը հրավիրում է դալնիյ ախպարիկներին, թե ով ինչ ողորմություն կտա: Կատարյալ հիմարություն եւ խաբեբություն: Երկիրը արտադրողական ուժերը պահանջում են սկզբունքային նոր մեքենա»:
Այստեղ Դավիթ Հակոբյանը հարկ համարեց ներկայացնել գործող իշխանություններին տված Տեր-Պետրոսյանի «ավազակապետություն» գնահատականը.
«Քաղաքական լեկսիկոնների բառարանում «ավազակապետություն» հասկացողության տակ գրված է.«Պետական մեքենա, որը չի մասնակցում նյութական բարիքների վերարտադրման պրոցեսներին, այլ տզրուկային ձեւով զբաղվում է ավարությամբ եւ ավարավաճառությամբ: Այսինքն` Սովետական Հայաստանից ավար վերցրած ողջ արտադրական պետենցիալը` շենքերը, հողը, բնական հարստությունների առք ու վաճառքով: Իսկ գանձարանը նստած է 100 տոկոսանոց հարկահանության վրա»: Նրա հաշվարկներով` անհրաժեշտ է 10 միլիոն դոլար` նոր տնտեսական քաղաքականություն սկսելու համար.«Եթե նույնիսկ Ռոբերտն ու Ազատիչը հեռանան` միեւնույն է պետական մեքենան մնում է ավազակապետական»:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԼԻՆԻ
Երկխոսության մասին եվրոպական կառույցների առաջարկները Դավիթ Հակոբյանը համարում է հոխորտանք եւ ասում.
«Ես ձեզ հարց եմ տալիս` աշխարհում 5 հազար տարվա քաղաքակրթության մեջ կա՞ իրավաբանական որեւէ կետ, որտեղ կոչ է արվում նստել երկխոսության կամ բանակցությունների գողի հետ: Իշխանագողությունը որպես պետական հանցագործություն համարվում է ավելի ծանր հանցագործություն, քան սոված մարդու կողմից մի պատառ հացի գողությունը»: Մարքսիստը գտնում է, որ Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում տեղի են ունեցել ոչ թե ընտրություններ, այլ իշխանագողություն. «Բոնապետարիզմի, խունտիզմի, քաղաքական ավանտյուրիզմի եւ տեռորիզմի ճանապարհով»: Այսօր ներողություն խնդրելով Լեւոն Տեր-Պետրոսյանից` Դավիթ Հակոբյանը նշեց, որ այդ գործընթացը սկսվել է նրա պաշտոնավարության ընթացքից. «Հատկապես դավալվեցի տղան: Այո, մեր ազգային հերոս Վազգենը, որը երեք պետական հեղաշրջումների հեղինակն է»:
Այսօր Դավիթ Հակոբյանը խուսափեց «ժողովրդավարություն» բառի օգտագործումից` նշելով. «Այդ բառն արդեն բռնաբարվել է Հայաստանում: Պետք է ձեւավորել նոր սահմանդրական եւ ընտրական իրավունք: Ես վստահ եմ, որ երկու կողմերի երկխոսություն այսօր չի լինելու»: Նա վստահեցրեց, որ գործող իշխանությունները չեն կարող գոյատեւել մեկ տարուց ավել.
«Քաղաքական, տնտեսական, գաղափարական ռեսուրս այս իշխանությունները չունեն: Վիկինգների դիկտատուրան մեկ տարուց ավել չի ձգի»: Անդրադառնալով Քոչարյանի վարած քաղաքականությանը` մարքսիստն ասաց. «Ասում են Քոչարյանը շատ է ուզում քաղաքապետ կամ վարչապետ դառնալ: Նրանից ամեն ինչ սպասելի է : Ինչպես ասում է Մարքսը` տգետները չափից ավելի համարձակ են ու վտանգավոր»:
Իսկ Քոչարյանին Դուք համարո՞ւմ եք տգետ` «Ա1+»-ի հարցին` Հակոբյանը պատասխանեց.«Ես այդ մարդու տգիտության մասին վաղուց եմ ասել: Իվան Գրոզնին մի լավ խոսք ունի. «Տոտ, կոտորիյ պոդնիմայետ ռուկու նա նարոդ, էտո նյե վերնիյ պյոս: Այդպիսին է դաժան պատմությունը»:
ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՌՈՐԻ ԶՈՀ
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր ցավակցեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի հարազատներին եւ մտերիմներին ` նրա վաղաժամ մահվան կապակցությամբ եւ ասաց.«Ողբում եմ եւ ցավում: Անդրանիկ Հովակիմյանը իշխանությունների բարոյահոգեբանական տեռորի զոհ դարձավ: Զոհերը միայն մարտի 1-ի 10 զոհերը չեն կամ 300 ֆիզիկապես ջարդվածները, ազգի կեսն այսօր գտնվում է բարոյահոգեբանական տեռորի ազդեցության տակ: Ազգը նորմալ աշխատել, գործել այսօր չի կարող»: Բարոյահոգեբանական տեռորը դադարեցնելու համար Դավիթ Հակոբյանը իշխանություններին կոչ արեց վեհություն ցուցաբերել.
«Իսկ իշխանություններմ այսօր անում են ստորություն, ստորություն, ստորություն: Հեռուստեսությամբ անընդհատ մատ թափ տալ` պատժելու եմ, պատժելու եմ, պատժելու եմ, չի կարելի: Ես սա ասում եմ, որ Ազատիչի խորհրդատուները խելքները գլուխները հավաքեն: Բոլոր քաղաքական բանտարկյալներին ազատություն տալուց հետո, նոր կարելի է երկխոսություն սկսել»:
Էջանիշներ