«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՄԱՍՏՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴ Է»



«Քանի դեռ մենք չենք դավաճանել մեր սկզբունքներին, մենք անպարտելի ենք: Իսկ դուք` վանատուրցիներդ, առաջինն ապացուցեցիք, որ պատրաստ եք շարունակել պայքարը նույնիսկ ծայրահեղ միջոցներով` հացադուլի միջոցով»,- այսօր Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Վանատուրցիները Սեֆիլյանից պահանջում էին կոնկրետ օր նշել, թե երբ է հեռանալու գործող վարչախումբը:

«Դա կախված է մեզանից յուրաքանչյուրիցս: Ամենակարեւորն այն է, որ մեր առաջնորդը` Տեր-Պետրոսյանը, իմաստուն մարդ է, եւ մենք պարտավոր ենք նրա կողքին լինել եւ նրան սատարել` հանուն մեր երեխաների ապագայի»,- ասաց Սեֆիլյանը: Վանատուրցի հադուլավորները Սեֆիլյանին հայտնեցին, որ 5 օր առաջ սկսած հացադուլն այսօր դադարեցրել են եւ հունիսի 15-ին պատրաստվում են հացադուլը շարունակել Երեւանում կամ Եռաբլուրում, կամ Հյուսիսային պողոտայում կամ էլ Ազատության հրապարակում. «Տեղը դեռ չենք որոշել: Բայց մի բան հստակ է` մենք հացադուլը կսկսենք հունիսի 15-ին եւ կշարունակենք մինչեւ հունիսի 20-ը, իսկ հունիսի 20-ին առաջինը մենք կմտնենք Ազատության հրապարակ: Տեսնենք, թե ի՞նչ են անելու իշխանությունները, այս անգամ ի՞նչ զենք եւ զինամթերք են մեր դեմ կիրառելու»,- ասաց հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը:

Հաշմանդամ ազատամարտիկը համաձայն է Սեֆիլյանի այն տեսակետի հետ, որ հացադուլը, որպես պայքարի միջոց իրեն չի արդարացնում, սակայն նշեց. «Մեր հացադուլը մի բան ապացուցեց, որ մենք արդեն 3 ամիս է` ապրում ենք առանց երկրի նախագահի եւ այլ պետական մարմինների ղեկավարների: Մեր հացադուլը ապացուցեց նրանց չգոյությունը, եւ մեր սփյուռքն էլ համոզվեց դրանում»:

Արշավիր Բոզինյանի կարծիքով` եթե երկրի ներսում գործող վարչախումբը բռնանում է սեփական ժողովրդի նկատմամբ, ապա սփյուռքին խաբում է. «Մեր պատմությունը ցույց տվեց, որ Տիգրան Մեծից հետո միակ ղեկավարը, որի ընթացքում մենք կարողացել ենք հող ազատել, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այսօր ես միայն նրան եմ վստահում եւ գտնում եմ, որ միայն նա կարող է մեզ վերադարձնել մեր անկախությունն ու ազատությունը: Պատահական չէ, որ այսօր մենք` բոլոր ազատամարտիկներս, այդ թվում Ժիրայր Սեֆիլյանը, համխմբվել ենք Տեր-Պետրոսյանի շուրջ: Դա նշանակում է, որ մեր երկրի ապագան մեզ համար վեր է ամեն ինչից»:

Ժիրայր Սեֆիլյանն այսօր այցելեց նաեւ անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի տուն, զրուցեց նրա ընտանիքի անդամների հետ: Սասուն Միքայելյանի ընտանիքի անդամներին մտահոգում էր, թե ինչ կարգավիճակում է Սեֆիլյանը պատրաստվում ապրել Հայաստանում` չունենալով ՀՀ քաղաքացու անձնագիր: «Իմ ժողովուրդն ինձ իր վերաբերմունքով շնորհել է ՀՀ քաղաքացիություն: Ես իշխանությունների կողմից տրվող անձնագրի կարիք չունեմ»,- ասաց Սեֆիլյանը: «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումներով վանատուրցիները ճանապարհեցին Սեֆիլյանին` հույս հայտնելով, որ հաջորդ անգամ Վանատուրում նրան անձամբ կընդունի Սասուն Միքայելյանը:

Ի դեպ, վանատուրցիներին այսօր խիստ զայրացրել էր Աժ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին բարձր թոշակ սահմանելը: «Ինչի՞ համար են նրան բարձր թոշակ տալիս, ժողովրդին թալանելո՞ւ, ծեծելու ու ջարդելո՞ւ, թե՞ սպանելու համար: Թող այնքան թոշակ տան, որքան սովորական տարեց թոշակառուն է ստանում, որ հասկանա, թե ինչ երկիր է ստեղծել: Քոչարյանի տեղը ուշ թե շուտ բանտում է»,- ասաց վանատուրցի Անահիտ Սահակյանը:


ԿԱ ՄԵԿ ՆՊԱՏԱԿ ԵՎ ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ


«Այսօր մեր բոլորիս նպատակը մեկն է` հաստատել մեր պետականությունը, մեր անկախությունը: Ես վստահ եմ, որ եթե մեր առաջնորդը Տեր-Պետրոսյանը չլիներ, մեր կորուստներն ու վնասները ավելի մեծ կլինեին: Իշխանությունների նման քաղաքականության դեպքում` Տեր-Պետրոսյանի շնորհիվ մեր վնասները նվազագույն են եղել: Այդ հարցում մեր բախտը բերել է»,- այսօր ՀՀՇ վարչության մոտ հացադուլավորներին այցելության ընթացում ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա կարծիքով երկրում ստեղծված իրավիճակը իսկապես շատ բարդ է, քանի որ Համազգային շարժման անդամները գործում են օրենքի դաշտում, իսկ իշխանությունները այդ դաշտից դուրս են: «Մենք հետաքրքիր օրեր ենք ապրում նաեւ գաղափարական դաշտում: Այսօր մեր նպատակները մեզ մերձեցնում են: Այսօր միայն մեր նպատակների շուրջ համախմբումը մեզ հնարավորություն կտա երկիրը դուրս բերել այս իրավիճակից եւ ազատվել վարչախմբից»: ՀՀՇ վարչությունում ներկա Համազգային շարժման անդամները Սեֆիլյանի հետ զրույցում նշեցին, որ ամենակարեւորն այն է, որ այսօր փոխադարձ վստահություն կա Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվածների միջեւ:

Ա1+