Ռիսկը մեծ է

Ինչպես երեկ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը, «Janes» հետազոտական կենտրոնի փորձագետների կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին իրադրությունն ու արտաքին գործոնները մեծացնում են Լեռնային Ղարաբաղի համար ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը: Կենտրոնի փորձագետների կարծիքով, հակամարտության վերսկսման ռիսկերի մեծացմանը նպաստող ներքին գործոններից են Հայաստանում եւ Ադրբեջանում գոյություն ունեցող կառավարման «կիսաավտորիտար» համակարգերը: Միաժամանակ, անդրադառնալով Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացներին` կենտրոնի փորձագետները նշել են, թե բանակի ազդեցությունը նոր նախագահին թույլ կտա վերահսկել իրավիճակը երկրում, սակայն հետընտրական բողոքի ակցիաների ճնշմանը հաջորդած տարաձայնությունների խորացումը հայաստանյան հասարակության ներսում շարունակական մարտահրավեր են հանդիսանալու Սերժ Սարգսյանի համար: «Jane�s»-ի փորձագետների կարծիքով, հակամարտության վերսկսման քաղաքական հիմնական ռիսկերից մեկն այն է, որ ուշադրություն շեղելու համար թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի իշխանությունները զարկ են տալու ազգային գաղափարների քարոզչությանն ու ռազմատենչ հռետորականությանը: Այնուամենայնիվ, «Jane�s»-ի փորձագետներն առավել հավանական են համարում ստատուս քվոյի պահպանումը: Դրա հետ մեկտեղ, նրանք ընդգծում են, որ եթե ստատուս քվոյի պահպանումը ավելի փոքր ռիսկեր է պարունակում կարճաժամկետ հեռանկարի համար, սակայն պոտենցիալ բարձր ռիսկեր է պարունակում ապագայի համար` նպաստելով սպառազինությունների մրցավազքին, արգելակելով այդ երկրների տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները:

Հանդիպելու են

Հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այն տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին երեկ Ազգային ժողովում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Դա կլինի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը: