Սերժ Սարգսյանը հունիսի 20-ի հանրահավաքի հետ կապված տագնապելու բան չի տեսնում
20:29 • 13.06.08
«Ես հայտարարել եմ և մեկ անգամ եւս ասում եմ, որ պաշտպանելու եմ մեր քաղաքացիների բողոքի իրավունքը, սակայն դա չի ենթադրում ամենաթողության իրավունք։ Մեր երկրում հանրահավաքներ եղել են ու, համոզված եմ, լինելու են, դա ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է։ Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ։ Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է։ Այսինքն, դուք պետք է անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում։ Սա չի նշանակում, որ պետք է որևէ բան չձեռնարկեք, եթե մարդիկ խախտում են օրենքը։ Եթե զանգվածային միջոցառումը դուրս է գալիս օրենքի շրջանակներից, դուք արդեն հստակ պատասխանատվություն եք կրում։ Որևէ մեկը չպիտի կարողանա ժողովրդավարության անվան տակ քողարկել իր օրինազանցություններն ու հանցավոր գործողությունները», - այսօր ոստիկանության բարձրագույն ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Ոստիկանության հետ ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս երկրի ղեկավարն ասել է, որ ինքը տեղյակ է ընդդիմության հունիսի 20-ին նախանշած հանրահավաքի մասին և որևէ արտառոց երևույթ այդտեղ չի տեսնում։
«Քաղաքապետարանը հայտատուներին առաջարկել է մեկ այլ տեղում անցկացնել հանրահավաք, թող գնան, անցկացնեն։ Իսկ որ արդեն մի ամիս է, բոլորիս վախեցնում են, ողջ մամուլը հեղեղել են ինչ-որ այսպես գաղտնիության շղարշ կրող ակնարկներով, ինձ համար սա անհասկանալի է։ Ով ուզում է հանրահավաք անցկացնել, խնդրեմ, թող դիմեն և քաղաքապետարանն ու իրավապահ մարմինները անպայման կգնան նրանց ընդառաջ և հնարավորություն կտան հանրահավաք անցկացնելու։ Որևէ տագնապելու բան չկա, մի տագնապեք, ամեն ինչը հանգիստ է լինելու, նորմալ և լավ», - ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Tert.am
Էջանիշներ