ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Անկախ ամեն ինչից
«Հաշվի առնելով ԵԽԽՎ 1609 բանաձեւի նկատմամբ իշխանությունների ցինիկ արհամարհանքը, ինչպես նաեւ դրանց կատարման համար բանաձեւում նշված ժամկետի լրացումը, Համաժողովրդական շարժումը որոշել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել համահանրապետական հանրահավաք, որի ընթացքում կամփոփվի վերոհիշյալ պահանջների կատարման ընթացքը եւ կքննարկվեն ժողովրդի անելիքները երկրում հիմնարար ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ: Հունիսի 20-ին, հասարակական կարգը պահպանելու, առճակատման խորացումը եւ ծայրահեղական դրսեւորումները կանխելու, գործընթացը օրինականության եւ հանրահավաքի ներկայացվելիք հայտի սահմաններում պահելու նպատակով, առաջարկում ենք իշխանություններին նշանակել ոստիկանության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք շարժման ներկայացուցիչների հետ միասին գտնվելով մշտական շփման մեջ, կկարգավորեն հանրահավաքի բնականոն ընթացքը»: Համաժողովրդական շարժման կենտրոնի այս հայտարարությունը օրերս «Փաստարկ» ակումբում ներկայացրեց այնտեղ հյուրընկալված շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ նախաձեռնած հանրահավաքին, ի թիվս ընդդիմադիր մի շարք գործիչների, մասնակցելու է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շարունակելով ընթերցել հայտարարությունը` Զուրաբյանը փաստեց, որ իշխանությունը չի կատարում ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջները, չի ստեղծում մարտի 1-ի իրադարձությունների, այդ օրը ոստիկանության գործողությունների օրինականության եւ իրավիճակին համարժեքության խնդրի ուսումնասիրության անկախ մարմին, չի ազատում քաղբանտարկյալներին, այլ շարունակում է մարդկանց քաղաքական հետապնդումը, ահաբեկումը, նույնիսկ նրանց, ովքեր օրինական հիմունքով փող են փոխանցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամին: Բացի այս, ըստ Զուրաբյանի` իշխանությունը չի ապահովում նաեւ երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ազատ իրավունքը, ինչը դարձյալ ամրագրված է ԵԽԽՎ բանաձեւի մեջ:
Իսկ ի՞նչ է լինելու, եթե իշխանությունները չարտոնեն հունիսի 20-ի հանրահավաքը եւ կրկին դիմեն ուժային գործողությունների. ի պատասխան լրագրողներից մեկի այս հարցադրմանը` Զուրաբյանը նշեց, որ ինքը չի ցանկանում մտածել հոռետեսական զարգացման հնարավորության մասին եւ չի կարծում, թե իշխանությունը կգտնվի այդքան անմիտ եւ կգնա Հայաստանում իրավիճակը հերթական անգամ լարելու, երկրի միջազգային հեղինակությանը հերթական հարվածը հասցնելու ճանապարհով: Եվ այնուամենայնիվ, Լեւոն Զուրաբյանը ընդգծեց, որ հունիսի 20-ի հանրահավաքի` ընդդիմության որոշումն անփոփոխ է, եթե նույնիսկ իշխանությունը մինչ այդ մնացյալ ժամանակում կատարի ԵԽԽՎ պահանջները: Իսկ եթե մինչ այդ կատարվեն ԵԽԽՎ պահանջները, ապա Զուրաբյանի դիտարկմամբ, ընդդիմությունը հանրահավաքի ընթացքում կողջունի դա եւ պատրաստ կլինի բանակցել իշխանության հետ, բայց հանրահավաքը կկայանա, քանի որ այն ամփոփելու է համաժողովրդական շարժման անցած ճանապարհը, քաղաքական իրավիճակը եւ նախանշելու է շարժման ռազմավարությունը:
Լրագրողները նորից հետաքրքրվեցին, թե ինչ է անելու համաժողովրդական շարժման կենտրոնը, եթե ոստիկանությունը կրկին շրջապատի Ազատության հրապարակը եւ թույլ չտա մուտք գործել այնտեղ: Եթե տեղի ունենա բախում, կրկին լինեն զոհեր, արդյոք ո՞վ է կրելու դրա պատասխանատվությունը: Պատասխանելով այս հարցադրումներին` Զուրաբյանը նախ խորհուրդ տվեց ոստիկանությանը հարցնել, թե իրենք ի՞նչ օրինական հիմքով են գտնվում Ազատության հրապարակում: Հնարավոր բախումներին էլ անդրադառնալիս «Փաստարկի» հյուրը դարձյալ ընդգծեց, որ չի ցանկանում մտածել իրադարձության հոռետեսական զարգացման մասին, բայց նաեւ ավելացրեց, որ եթե իշխանությունը խոչընդոտում, սահմանափակում է ցույցեր եւ երթեր անցկացնելու քաղաքացու սահմանադրական իրավունքը, ապա իրադարձությունների հետագա զարգացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա: «Արդյո՞ք հայ ժողովրդի հանրահավաքների իրավունքը վերջնականապես մերժված է: Արդյո՞ք այլեւս հայ ժողովուրդը իրավունք չունի հանրահավաքներ անցկացնելու». հռետորական հարցադրմամբ եզրակացրեց Լեւոն Զուրաբյանը:
Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունները քննելու հանձնաժողովի կազմին` Զուրաբյանը առաջարկեց հետեւյալը. եթե իշխանություններն իսկապես շահագրգռված են եւ ցանկանում են, որ այդ հանձնաժողովը վայելի հասարակության վստահությունը, ապա պետք է ստեղծվելիք խորհրդարանական հանձնաժողովի կազմի մեկ երրորդը ձեւավորել համաժողովրդական շարժման կենտրոնի առաջարկած գործիչներով, իսկ մեկ երրորդն էլ միջազգային փորձագետներով: Նա նաեւ նկատեց, որ Համաժողովրդական շարժումը իշխանության հանդեպ ավելի ճկուն է իր պահանջների մեջ, քան Եվրոպայի Խորհուրդը: Ըստ Զուրաբյանի` ի տարբերություն ԵԽԽՎ 1609 բանաձեւի, որով Հայաստանի իշխանությունից պահանջվում է մինչեւ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջան ազատ արձակել քաղբանտարկյալներին, քաղաքացիների համար ապահովել ցույցերի եւ երթերի ազատ իրավունքն ու ստեղծել մարտյան իրադարձությունների անկախ ուսումնասիրություն իրականացնող մարմին, Համաժողովրդական շարժումը պատրաստ է անգամ մի կետի` քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում իշխանության հետ, հաջորդ օրն իսկ, հաջորդ րոպեին իսկ նստել բանակցության սեղանին եւ քննարկել քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները:
Շարունակելով երկխոսության թեման` Զուրաբյանն ընդգծեց, որ երկխոսությունն այն է, երբ բանակցության սեղանին են նստում իշխանության ու համաժողովրդական շարժման կենտրոնի լիազոր ներկայացուցիչները եւ քննարկում են իրավիճակից ելքը: Իսկ ելքը, Զուրաբյանի կարծիքով մեկն է` նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Նա արձանագրեց, որ այսօրվա խորհրդարանն ընդամենը ութ ընդդիմադիր պատգամավորով չի համապատասխանում քաղաքական առկա իրողություններին եւ քաղաքական հարաբերակցությանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ չի հաղթել ընտրությունների արդյունքում, հետեւաբար` լեգիտիմ չէ: Նույնիսկ այս պարագայում, բանակցության ընթացքում, Համաժողովրդական շարժումը, ըստ Լեւոն Զուրաբյանի, պատրաստ է լսել եւ քննարկել նաեւ իշխանության առաջարկները` կապված քաղաքական ճգնաժամի ելքի հետ: Դրանց թվին կարող է պատկանել նաեւ հանրային Խորհուրդը, եթե իշխանությունը դրա վերաբերյալ պաշտոնական առաջարկ ներկայացնի ընդդիմությանը եւ կատարի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը: Մինչդեռ մինչեւ հիմա, ըստ Լեւոն Զուրաբյանի, իշխանությունը ոչ միայն քայլ չի արել քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ, այլ այս ընթացքում ազատ արձակելով նրանցից ութին, եւ այն էլ փոխելով ընդամենը նրանց խափանման միջոց ընտրված կալանքը, կալանավորել է տասը նոր անձանց: Այդպիսով, ներկայում 96 քաղբանտարկյալ կա. արձանագրեց Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ավելի լավ չէր լինի, եթե համաժողովրդական շարժումն ընդուներ դեռեւս հետընտրական ցույցերի ընթացքում հնչած երկխոսության առաջարկը, Լեւոն Զուրաբյանն ասաց, թե այդ առաջարկը իրականում ընդամենը անհասկանալի կոչ էր, որ Սերժ Սարգսյանն արել էր փետրվարի 26-ին իշխանության կազմակերպած հանրահավաքի ընթացքում: Լեւոն Զուրաբյանի կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը ցանկանում էր իրական երկխոսություն, ապա պետք է իր լիազոր ներկայացուցչի միջոցով կապ հաստատեր ընդդիմության հետ եւ հրավիրեր երկխոսության սեղանի շուրջ: Եթե այդպես լիներ, ապա ընդդիմությունը, ըստ նրա, կընդուներ փետրվարին արված երկխոսության առաջարկը, առավել եւս, որ այն ժամանակ դեռ չկար մարտյան ողբերգություն եւ քաղբանտարկյալների խնդիր: Իսկ հանրահավաքին հնչած երկխոսության կոչն ընդամենը իմիտացիա է, նկատեց Լեւոն Զուրաբյանը` իմիտացիա համարելով նաեւ երկխոսության մասին իշխանության ներկայումս հնչող կոչերը:
Գոհար Վեզիրյան
Էջանիշներ