ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ Է «ԿՈՂՔԻ ՍՐՃԱՐԱՆԻՑ»

Հանդիպման վայրը` «Մեղեդի» սրճարան


Ներկայացնում ենք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկումները` կապված վերջին շրջանի հայաստանյան քաղաքական զարգացումների հետ:

- Վերջին օրերին խոսակցություններ կան այն մասին, որ Դուք դիմում եք ներկայացրել Սերժ Սարգսյանին, որտեղ նշել եք, թե այլեւս չեք ցանկանում շարունակել պատգամավորական գործունեությունը, եւ որեւէ երկրում ՀՀ դեսպան նշանակվելու ցանկություն եք հայտնել:

- Այդ լուրերը նման ձեւակերպմամբ չեն համապատասխանում իրականությանը: Նաեւ չեմ ժխտում իմ ցանկությունը հնարավորության դեպքում աշխատել արտաքին քաղաքական գերատեսչությունում, մասնավորապես` արտերկրում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը: Նման տեսակի ցանկության հիմք է հանդիսանում անցած տարի Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտում իմ ստացած վերապատրաստման որակավորումը, ինչպես նաեւ օտար լեզուների իմացությունը` մասնավորապես անգլերենի եւ ֆրանսերենի: Սակայն օբյեկտիվ այս կոմպոնենտը դնում ենք մի կողմ. կա մեկ այլ ավելի կարեւոր եւ օբյեկտիվ պատճառ` քաղաքական իրավիճակ եւ քաղաքական որոշում կուսակցության ղեկավարության կողմից: Այսինքն` ես դիմում չեմ գրել եւ ինքնուրույն գործողություն ծավալելու հավակնություն չունեմ այս առումով: Իմ բոլոր ցանկություններն ու քայլերը ես համահունչ եմ դարձնում իմ կուսակցության հայտարարություններին, այդ թվում եւ` իմ քաղաքական կարիերայի հետ կապված:

- Այնուամենայնիվ, ո՞ր երկրում կուզենայիք դեսպան աշխատել:

-Եթե նման հնարավորություն տրվի կամ տրվեր, ես ավելի շուտ ինձ թույլ կտայի աշխատել միջին կալիբրի եվրոպական որեւէ երկրում, բայց ոչ եվրոպական գերտերություններում, կամ ԱՊՀ երկրներում` բացի Ռուսաստանից:

- Անկեղծորեն ասեք. չե՞ք հոգնել պատգամավոր աշխատելուց: Հատկապես վերջին շրջանում Դուք Ձեր աշխատանքից հաճույք ստանում ե՞ք:

- Ես հասկացա, որ Դուք սեւեռվել եք իմ համեստ կերպարի եւ իմ համեստ ցանկությունների վրա: Ինչեւէ. պատասխանեմ Ձեր հարցին: Այն աշխատանքը, որը դու չես կատարում ելնելով քո սկզբունքներից եւ նաեւ էմոցիոնալ դաշտից` չի կարող քեզ գոհունակություն պարգեւել: Քաղաքական ասպարեզում աշխատանքը ենթադրում է նախեւառաջ ամենօրյա ինքնակատարելագործում, հսկայական ծավալի գրականություն, հսկայական ծավալի էմոցիոնալ սթրես: Բացի այս, շատ քիչ ժամանակ է մնում անձնական հարաբերությունների եւ ընտանիքի համար: Այս առումով մենք բոլորս մի քիչ հոգնած ենք, մանավանդ, եթե հիշենք, ինչքան բուռն էր վերջին մեկ տարին` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահը, դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունները, մի քիչ շունչ քաշելուց հետո ամբողջ հասարակությունը եւ քաղաքական վերնախավը գլխիվայր մտավ քաղաքական պայքարի մեջ, նախագահական ընտրություններին հաջորդած ողբերգական իրադարձություններ, մարտի մեկի արտակարգ իրավիճակ, հասարակական ճգնաժամ, միջազգային որոշակի ճնշումներ եւ դիտողություններ: Այս ամենը, բնականաբար հոգնեցնում է բոլորին, եւ ես էլ բացառություն չեմ:

- Ինչպես արդեն տեղյակ եք, Համաժողովրդական շարժումը վերահաստատեց հունիսի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի նախաձեռնությունը` հայտարարելով, որ հանրահավաքը կայանալու է բոլոր դեպքերում: Դուք որպես ժողովրդի մի մասնիկ մասնակցելո՞ւ եք այդ հանրահավաքին:

- Չեմ կարծում, որ նորից պետք է վերադառնանք կոտրած տաշտակին եւ փորձենք հանրահավաքի անգամ հարյուր հազարավոր մասնակիցներին բնորոշել ժողովուրդ: Գուցե ես պատահաբար անցնեմ կամ դիտավորյալ անցնեմ հանրահավաքի կողքով, բնականաբար բուն հանրահավաքին չեմ գնա: Իհարկե, ինձ հետաքրքիր է, թե ինչ են մտածում մեր արտախորհրդարանական ընդդիմության ղեկավարները, մասնավորապես` նախկին նախագահ եւ թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինձ սա հետաքրքիր է ե°ւ որպես քաղաքացի« ե°ւ քաղաքական գործիչ: Գուցե սրճարաններից մեկում, որտեղ կենդանի լսողություն կա, փորձեմ լսել հանրահավաքը: Հուսով եմ, որ ինքնազսպման մեխանիզմները կաշխատեն, եւ ընդդիմության հանրահավաքը կտեղավորվի ՀՀ հասարակաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Ես վստահ եմ, որ ընդդիմությունը կանի այնպես, ինչպես հայտարարել է, եւ օրինազանցությունների խնդիր չի առաջանա: Ես հուսով եմ նաեւ, որ ԱԺ-ն մոտակա քառօրյայում կընդունի ժողովների, երթերի եւ ցույցերի մասին օրինագծի փոփոխությունների 2-րդ ընթերցումը, եւ սա կարող է լինել իշխանությունների կողմից կամքի դրսեւորում` մինչեւ ամսի 20-ը ստեղծել համապատասխան օրինական դաշտ: Ընդդիմությունը մայիսի 2-ին իր առջեւ դրեց նոր նշաձող, այն է` ունենալ միասնական, վերկուսակցական, իսկ հետո նաեւ կուսակցական նոր համակարգ` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի: Իշխանությունները շահագրգռված են, որ երկրում լինի ինստիտուցիոնալ ընդդիմություն, բայց այստեղ խնդիրներ կան: Լեւոն Տեր-Պետրոսյանի դրոշի ներքո հավաքվել են իրարամերժ քաղաքական հոսանքների եւ հայացքների ներկայացուցիչներ` մարքսիստներից մինչեւ ծայրահեղ լիբերալներ, սոցիալիստ հնչակներից մինչեւ անհասկանալի գաղափարախոսությամբ անգամ չվերագրանցված կուսակցություններ: Բացի այդ, այսօրվա ընդդիմությանը ես ուզում եմ հիշեցնել 2003 թ. ընդդիմության ճակատագիրը, այն է` ընտրությունները հերքելու ու չճանաչելու եւ տարիներ շարունակ նոր ընտրությունների անցկացման վրա պնդելու ռազմավարությունը ապահովում է, այո, մի երկու տարվա քաղաքական ակտիվություն: Բայց դա այն ճանապարհը չէր, որը թույլ տվեց այն ժամանակվա ընդդիմության առաջնորդներին` Ստեփան Դեմիրճյանին եւ Արտաշես Գեղամյանին վերարտադրվել 2007 թ.:

-Պատմական հոլովույթի շրջանակներում Ձեր մտքի թռիչքը շատ հեռուն գնաց: Բայց վերադառնանք. երբ Դուք խոսում եք Համաժողովրդական շարժման դրոշի ներքո հավաքված ուժերի ընդհանուր գաղափարախոսության բացակայության մասին, մի պահ հայացք գցո՞ւմ եք Ձեր կուսակցության վրա: Կարո՞ղ եք ասել` ի՞նչ գաղափարախոսությամբ են միմյանց հետ կապված ցեղակրոն նժդեհականներն ու կրիմինալ օլիգարխները:

- Ձեր հարցադրումը, չնեղանաք, շատ ժամկետանց է: Այդպիսի հարցադրումներ մամուլում եղել են 2006 թ. ՀՀԿ արտահերթ համագումարից հետո, երբ պարոն Սարգսյանն ընտրվեց կուսակցության նախագահ« եւ իր հետ ՀՀԿ մտան մի շարք բիզնես էլիտայի ներկայացուցիչներ, որոնց Դուք փորձում եք կոչել ինչ-որ ուրիշ անունով: Ես կարծում եմ, որ Դուք մի քիչ ծանոթ չեք Հանրապետականի ծրագրային դրույթներին: ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է:

- Իսկ մեզ թվում էր, թե ՀՀԿ-ն «մարդասիրական» կուսակցություն է:

- Շարունակեմ. ինչպես այլ երկրներում, պահպանողական կուսակցությունները, որպես կանոն, լինում են խոշոր բիզնեսի շահերը արտահայտող կուսակցություն:

- Այսինքն` Դուք խոստովանում եք, որ էլիտար բիզնես խավերի շահերն արտահայտող եւ այդ շրջանակին սպասարկող կառույց եք, հետեւաբար` այդ գաղափարախոսության կրողն եք:

- Ես զարմանում եմ Ձեր լրագրողական տաղանդի վրա` ներքաղաքական զարգացումները տեսնել քաղաքագիտական ճշմարտություններով:

-Շնորհակալություն մեր ժամկետանց հարցերին մոդեռն պատասխաններ տալու համար: Իսկ ի՞նչ կասեք քաղբանտարկյալների մասին:

- Եկեք խուսափենք քաղբանտարկյալ եզրույթից:

- Խուսափեք:

-Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. կան քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդիկ, ովքեր կասկածյալ են ինչ-որ քրեական եւ վարչական բնույթի իրավախախտումների մեջ:

- Աստվածատուր շնորհքի թե համապատասխան գեների արդյունքում է, որ Դուք տեսնում եք մի բան, բայց կարողանում եք տրամագծորեն հակառակ բանի մասին բարձրաձայն արտահայտվել:

- Մի քիչ ավելի պարզ կձեւակերպե՞ք: Այդ խայթոցի մեջ ես չհասկացա հարցը:

- Հաշվի առնելով Ձեր ինտելեկտուալ հնարավորությունները` կփորձեմ. ես վստահ եմ, որ Դուք ներքին համոզմունք ունեք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, բայց բարձրաձայն ժխտում եք` միայն Ձեր քաղաքական շահը հետապնդելով: Ինքնախաբեությունից չե՞ք հոգնել:

-Իմ քաղաքական շահը, ինչպես յուրաքանչյուրինս, իմ երկրի կայունությունն ու զարգացումն է: Եթե Ձեզ թվում է, որ լինել պատգամավոր, լինել իշխանության կուսակցության անդամ կամ լինել առհասարակ իշխանության մեջ, իմ քաղաքական շահն է, ներեցեք իհարկե, բայց Դուք չարաչար սխալվում եք: Եվ ոչ իշխանության մաս կազմելը, ոչ էլ պատգամավոր լինելը ինքնանպատակ չէ:

- Իսկ դարձե՞լ է:

-Չի եղել եւ չի էլ դարձել: Ինչ վերաբերում է Ձեր այդ վստահությանը, թե ես իրականում այլ կարծիք ունեմ, բայց այլ կարծիք եմ հնչեցնում, ապա տպավորություն եմ ստանում, որ Դուք իմ երկրորդ «ես»-ն եք: Իհարկե, մարդկային շփումների ընկալումները, քաղաքացիական ընկալումները եւ քաղաքական ընկալումները մի քիչ տարբեր են լինում իրենց արտահայտչամիջոցների մեջ: Բնականաբար, որպես քաղաքական կերպար դու արտահայտում ես քո մոտեցումները այլ բառային ձեւաչափով, հասարակ զրույցներում` մեկ այլ ձեւաչափում: Ավելի անկեղծ, ավելի բաց, եւ գուցե բացում ես նաեւ ենթատեքստեր:

- Ես հասկացա, որ Դուք շտապում եք նախագահական նստավայր: Կարո՞ղ ենք իմանալ` ի՞նչ նպատակներով եք գնում այնտեղ:

- Ո՞վ ասաց:

- Հասկացա Ձեր հեռախոսազրույցից:

- Դա կատակ էր: Ես մնում եմ կուսակցության գրասենյակում աշխատելու. չէ՞ որ սա էլ նախագահական կուսակցություն է:

Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանին երեկ սպասում էին նախագահականում. հարցազրույցից անմիջապես հետո նա ուղեւորվեց Բաղրամյան փողոց: Ի դեպ` Աշոտյանի դիմումը Սերժ Սարգսյանը մերժել է: Այնպես որ, այս պատգամավորը ստիպված է առաջիկայում եւս մի կերպ յոլա գնալ Ազգային ժողովում:



Գոհար Վեզիրյան