ՍՐԱՆՔ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՏԵՍԱԿԻ ԴԵՄ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Հասարակության դեմ ռեժիմի իրականացրած տեռորն արտահայտվում է բոլոր ոլորտներում: Թիրախ են դառնում ե՛ւ շարժման քաղաքական լիդերները, ե՛ւ ազատ լրատվամիջոցները, ե՛ւ շարժման ակտիվիստները: Բայց տեռորի «կոնկրետ դրսեւորումները», որպես կանոն, կիրառվում են առաջին հերթին երկրապահների դեմ: Ռեժիմի «հատուկ ուշադրությանն են արժանանում» հատկապես նրանք, ովքեր մասնակցել են ղարաբաղյան ազատամարտին, եւ սա երեւում է հատկապես մարզերում, որտեղ ձերբակալվածների 90 տոկոսն ազատամարտիկներ են: Ո՞րն է պատճառը:![]()
Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս ամենը շատ պարզ բացատրություն ունի: Իբր` երկրապահները զինված են եւ անհրաժեշտության դեպքում կարող են «բռնությամբ տապալել» իշխանություններին: Իրականում այս բացատրությունը որեւէ քննության չի դիմանում: Նախ` երկրապահները զինված չեն: Եվ եթե նույնիսկ որեւէ երկրապահ նկուղում որսորդական ժանգոտ հրացան ունի, իշխանությունները դրա տեղն անգիր գիտեն: Երկրորդ` եթե նույնիսկ երկրապահները զինված լինեն, միեւնույն է` չեն կարող դիմակայել ոստիկանության եւ բանակի ուժերին: Մանավանդ որ նրանցից որեւէ մեկի մեջ երբեւէ նման ցանկություն չի էլ նկատվել (դրա համար էլ առ այսօր իշխանություններին չի հաջողվել մարտի 1-ին հրազեն օգտագործած որեւէ երկրապահի «բացահայտել»):
Ուրեմն ինչո՞ւ է ռեժիմը հենց երկրապահներին ընտրել որպես հիմնական թիրախ: Այս հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է փորձել հասկանալ, թե ովքե՞ր են երկրապահները: Մի կողմ դնենք բոլոր բարձրագոչ արտահայտություններն ու ռոմանտիկ ձեւակերպումները եւ արձանագրենք. նրանք այն մարդիկ են, ովքեր պատերազմ են հաղթել: Իհարկե` միայն նրանք չեն հաղթել: Հաղթանակը ձեռք է բերվել նաեւ կանոնավոր բանակի, կադրային սպաների, պետական արդյունավետ կառավարման, վերջին հաշվով` ողջ ժողովրդի շնորհիվ: Բայց բոլոր այս «օղակներում» երկրապահը միակն է, որն այդ պատերազմին կամավոր է մասնակցել: Այսինքն` երկրապահները նրանք են, ովքեր մի անգամ արդեն ապացուցել են, որ պատրաստ են զոհաբերել իրենց անձնականը` հանուն պետության (եւ վերջին հաշվով` հանուն ազատության):
Այսօրվա երկրապահը մի ուրիշ առանձնահատկություն էլ ունի: Պատերազմից 14 տարի է անցել, եւ այդ 14 տարիների ընթացքում երկրապահը կարգին մաղվել է: Նրանցից շատերը բիզնեսի տեր են դարձել, շատերն իրենց համար բիզնես են դարձրել ընտրությունից ընտրություն կեղծիքներ «կանոնակարգելը», շատերը տարբեր տրամաչափի պաշտոններ են ստացել, եւ «տակը մնացել են» միայն նրանք, ովքեր համառորեն այդպես էլ իրենք իրենց խղճի հետ գործարք չեն կնքել: Այո, ցավալի է, բայց ստիպված ենք արձանագրել. երկրապահները միայն պատերազմում չէ, որ զոհվել են: Մի այդքան էլ պատերազմից հետո են «զոհվել»: Իսկ ողջ մնացածներն այսօր ռեժիմի համար մահացու վտանգ են ներկայացնում, որովհետեւ ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղության փորձությանն են դիմացել: Ուշադիր նայեք Սերժ Սարգսյանի շրջապատին: Կա՞ մեկը, ով մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, հետագայում ռեժիմին որեւէ ծառայություն չի մատուցել, ու այսօր նրա կողքին է:
Խնդիրն ընդամենը այն է, որ ինչպես ղարաբաղյան պատերազմի տարիներին, այնպես էլ հիմա վտանգված է Հայաստանի անկախ պետականությունը, վտանգված է Ղարաբաղը, եւ վտանգված է ազատությունը: Ընդ որում, հիմա նույնպես պայքարը չափազանց վտանգավոր է եւ զրկանքներ է պահանջում: Զոհվելու հեռանկարը գուցե այնքան էլ առարկայական չէ, բայց ձերբակալությունները եւ հալածանքները «երաշխավորված են»: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ պայքարի առաջին շարքերում պիտի հայտնվեն նրանք, ովքեր մի անգամ արդեն կատարել են իրենց ընտրությունը, եւ քանի որ ռեժիմը նույնպես շատ լավ գիտակցում է սա, ոստիկանությունը Հայաստանով մեկ երկրապահներ է «որսում»: Նրանք գիտեն, թե ումից պետք է վախենալ: Ավելի ճիշտ` գիտեն, թե ում հնարավոր չէ վախեցնել: Եվ պատահական չէ, որ ռեժիմն այսօր ձգտում է ընդհանրապես վերացնել երկրապահը` որպես կառույց: Կառույցը նրանց չի հետաքրքրում, նրանց մարդկային այդ տեսակն է մտահոգում: Ու նրանք ձգտոււմ են հենց այդ տեսակը վերացնել:
Հենց սա է, որ չի կարելի թույլ տալ, որովհետեւ սա, ի վերջո, միայն ռեժիմի դեմ պայքարի հարց չէ: Դա փոքր հարց է, իսկ մարդու այդ տեսակը մեզ միշտ է անհրաժեշտ լինելու:
Մ. Նշանյան
Էջանիշներ