ԵԿԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՊԱՀԸ
Արամ Կարապետյանը 82-օրյա կալանքի ընթացքում
3 անգամ է հարցաքննվել



Երեկ մենք այցելեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ստացիոնար բուժում է ստանում` սրտանոթային խնդիրների համար: Ինչպես գիտենք, նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին եւ նրան ազատ են արձակել:

Պարոն Կարապետյանին երեկ խնդրեցինք նախ մի փոքր պատմել կալանավորի հոգեբանության ու առօրյայի մաին:

- Առօրյան այսպես էր սկսվում. ամեն օր հերթափոխի պետը մտնում է խուց եւ հարցնում, թե ինչ պահանջներ կան: Կարող ես պահանջել քննիչ, խնդրել, որ կապվեն դատապաշտպանիդ հետ, քրեակատարողական հիմնարկի պետի հետ հանդիպում, բժիշկ եւ ամսական 3 անգամ քարտով զանգելու թույլտվություն պահանջել: Ասեմ, որ մարդիկ իդեալական աշխատանք էին տանում: 82-օրյա կալանքի ընթացքում ես որեւէ մեկին չտեսա իմ ընկերներից: Շատ խիստ սիստեմ է, բայց մարդկային ժողովուրդ են, հոգեբանական, ֆիզիկական կամ այլ ձեւով ճնշումներ չեն գործադրվում: Ասեմ, որ «նստելը» ծանր բան է: Ես բախտ ունեցել եմ նստելու, բայց ոչ այսքան երկար: Բայց ես խորին շնորհակալություն պիտի հայտնեմ մեկուսարանի ղեկավարությանը եւ անձնակազմին, որովհետեւ իդեալական ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծված այնտեղ:

- ՔԿՀ պետն հաճա՞խ էր ընդունում Ձեզ:

- Ասեմ, որ բոլորս էլ ուզում էինք պետի հետ հանդիպել, եւ նա արդեն մեր ձեռքը խելագարվել էր, որովհետեւ դա էր մեր համար ազատության մի մասնիկը: Ուղղակի ցանկանում ես մեկի հետ խցից դուրս խոսել: Պարզ է, լուրեր, նորություններ չես կարող իմանալ, բոլորն էլ հին, չեկիստական անցյալ ունեցող մարդիկ են եւ նրանցից մի բան հասկանալը շատ բարդ է:

- 82 օրվա ընթացքում քննիչի հետ քանի՞ անգամ եք հանդիպել:

- Ցավոք, 3 անգամ: Ինչու եմ ասում ցավոք, որովհետեւ ուրախանում է մարդ, երբ քննիչի մոտ է գնում, գոնե դուրս ես գալիս խցից: Քննիչ գնդապետ Մարուքյանը բավականին պատրաստված մարդ է եւ քաղաքական գործունեությունից շատ լավ հասկանում է: Հետաքրքիր էր իր հետ շփվելը:

- Ձեր հայացքներում փոփոխություն նկատվո՞ւմ է:

- Ես ընդդիմադիր եմ եւ պայքարող ընդդիմադիր եմ: Կարող էիք նույնիսկ այդ հարցը չտալ ինձ: Պարզապես այս ընթացքում առողջական խնդիրներ ունեմ, կլավանամ... Ինձ համար ամենակարեւոր հարցն այսօր այն է, որ մենք վերջ տանք ձեւավորված ավանդույթին: 15 տարի մեր երկրում նույն բանն է տեղի ունենում. նոր իշխանությունը կալանավորում է հներին: Բայց այդպես չպետք է լինի: Այնքան արդարություն պետք է մտցնել, որ նման բաներ ուղղակի չլինեն: Հիմա դա կլինի իշխանական վերնախավի փոփոխությամբ, նոր ԱԺ ընտրություններով, որոնք կսկսեն օրենքները իրագործել, այս պահին չեմ կարող ասել: Բայց որ 21-րդ դարում այդ անասնական վերաբերմունքը իրար նկատմամբ պետք է վերացվի, միանշանակ է, սիրտներս էլ պայթի, պետք է վերացնենք: Հայաստանն այնքան արդարացի երկիր պետք է լինի, որ մատով ցույց տան: Ես իշխանություններին միանշանակ կոչ եմ անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Դա խիստ մտահոգում է թե՛ հասարակությանը, թե՛ արտաքին աշխարհին: Եկեք այնպես չանենք, որ մեր երկիրը վերջնականապես դառնա իզգոյ երկիր: Համաժողովրդական շարժումն էլ է ասում, հորդորում` բաց թողեք մարդկանց, սկսենք խոսել: Ես լիովին համոզված եմ, որ բաց են թողնվելու մարդիկ, եւ ամեն ինչ անելու եմ, պայքարելու եմ, որ իմ բախտակից ընկերները բանտից ազատվեն հնարավորինս շուտ:

- Պայքարի ի՞նչ ձեւեր եք ընտրելու:

- Ես ցավոք հիմա չեմ կարող որեւէ բան ասել: Ասեմ, որ կուզենայի բանտում նստած լինեի, բայց հիվանդություն չունենայի: Իմ հիվանդությունը գենետիկորեն է գալիս ու չեմ կարող ուշադրություն չդարձնել: Հայրական կողմից իմ հարազատները միշտ այդ պրոբլեմով են մահացել: Իսկ իմ մասով փաստորեն թթվածնի պակասը, սթրեսները, արդարությանը չհասնելու մտահոգությունը, բախտակից ընկերներիս վիճակը... ազդեց: Բայց ասեմ, որ «նստելը» բարդ բան չէ, ոչ էլ հերոսություն է: Հերոսությունն այն է, որ հասնենք մեր ուզածին, որից երկիրը շահի, ընկերներդ, ընտանիքդ... Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ եղած յուրաքանչյուր տղամարդ կարող է այդ վիճակում հայտնվել: Բայց կուզեմ, որ այսօրվա ընդդիմությունը, երբ դառնա իշխանություն, կարողանանք մի տեղ կանգնել եւ քաղաքական հայացքների համար մարդիկ չբանտարկվեն: Անասնական բնազդով պատիժներ չպետք է կիրառվեն մարդկանց նկատմամբ, ովքեր կարծիք են արտահայտել, միտինգի են մասնակցել եւ այլն: Չեմ ասում հանցագործներին: Դա ուրիշ հարց է, այ նրանք պիտի «նստեն»:

- Պրն Կարապետյան, Դուք ճաղերի հետեւից եք հետեւել մարտի 1-ի իրադարձություններին, ի՞նչ տպավորություն ունեք, ի՞նչ է տեղի ունեցել:

- Մինչեւ այսօր մեզ ասում էին, թե երկրում ամեն ինչ լավ է, թռիչքաձեւ աճում ենք: Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին նախագահն էր, որը հրաժարական տվեց եւ հեռացավ: Ճշմարտացի լինելու համար պետք է ասել, որ երբ նա հեռացավ, շատ վատ ռենոմեով հեռացավ: Ու այստեղ Ռոբերտ Քոչարյանը պետք է մտածի` 10 տարի ինչպե՞ս է կառավարել, որ 10 տարի հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ այսպես տրիումֆով հետ գալ: Թող մտածի այդ մարդը: Այս ամենը պատասխանն էր իրենց 10 տարվա կառավարման, այդ թռիչքների ու բոլոր գործողությունների: Չէ՞ որ կա քաղաքական տրամաբանություն: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդքան ձայն հավաքեց, որովհետեւ մարդիկ չեն ուզում այս իշխանությանը: Սա լակմուսի թղթի վրա մատուցված իրականություն է: Մարդիկ մարտի 1-ին ցույց տվեցին, որ կա ընդվզում, որը համաժողովրդական է, ուրեմն երկրում վիճակը լավ չէ:

- Պրն Կարապետյան, երբ Ձեզ ձերբակալեցին, բոլորի մեջ այսպիսի հարց առաջացավ, բա ո՞ւր էին Մոսկվայի նրա հզոր կապերը, որոնք պիտի արգելեին այդ երեւույթը: Նաեւ խոսակցություններ տարածվեցին, որ Ձեր եղբայրն է եկել Հայաստան, բանակցություններ է վարել, որի արդյունքում էլ Ձեզ ազատ են արձակել:

- Նախ իմ խափանման միջոցն է փոխվել, ինձ չեն ազատել, իմ եղբայրն էլ չի եկել: Ինչ վերաբերում է կապերին, ապա կարծում եմ, որ վերջին օրերին տպագրված նյութերը ցույց են տալիս, որ ես որպես մարդ, գիտությամբ զբաղվող, ընկալելի եմ եղել որոշ շրջանակների համար: Ես միշտ մնում եմ իմ կարծիքին: Հայաստանի ներքին գործերին պիտի ոչ մեկը չմիջամտի: Եթե սրանք մեր ներքին խնդիրներն են ու արդարացի են, կարծում եմ, որ ոչ մի միջամտություն չի լինի: Եթե մայիսի 19-ին դատարանն արդարացի նայեր, ինձ գրավի դիմաց պետք է բաց թողնեին, քանի որ օրենքների բոլոր պայմաններն առկա էին, ավելի նորմալ կլիներ: Իսկ միջամտությունները դրսից լինում են միայն այն ժամանակ, երբ լուծումները արդարացի չեն լինում: Ես ուզում եմ, որ սա էլ ապագայում հանենք: Այնքան արդարացի պիտի լինի ամեն ինչ, որ որեւէ մեկի միջամտությունը չլինի:

- Հիմա եղե՞լ է այդ միջամտությունը, թե՞ ոչ:

- Ես պատասխանեցի Ձեր հարցին ու հիմա Ձեր առաջ նստած հարցազրույց եմ տալիս:

- Մամուլում հրապարակում եղավ, որ իշխանությունը Ձեզ առաջարկել է մի պայմանով ազատ արձակել, եթե հրաժարվեք զբաղվել քաղաքականությամբ:

- Չի եղել նման բան: Ինձ որեւէ մեկը որեւէ բան չի առաջարկել, որեւէ ճնշում չի գործադրել, չի համոզել: Ընդհանուր խոսակցությունների մեջ մարդիկ իրենց տեսակետներն են առաջարկել եւ լսել իմ բավականին կտրուկ պատասխանները:

- Շարունակելու եք պայքարել:

- Իհարկե: Առաջին հերթին պայքարելու եմ քաղբանտարկյալների ազատության համար: Հետո, բուժվելուց հետո, քաղաքական պայքարի շրջանակներում պետք է նաեւ երկխոսենք դե ֆակտո իշխանությունների հետ, տեսնենք, թե ոնց ենք դուրս գալու քաղաքական այս լուրջ ճգնաժամից:

- Ո՞ւմ հետ եք պատկերացնում երկխոսությունը:

- Իշխանությունը` ամենաբարձր ֆորմատով, ընդդիմությունը` ամենաբարձր ֆորմատով: Ես կարծում եմ, որ այս դեպքերը մի լավ բան ունեն իրենց մեջ` դաշտը սեւ ու սպիտակի է վերածված. կա ընդդիմություն, կա իշխանություն: Իշխանությունը չպետք է մտածի, թե ինքը շատ ուժեղ է եւ կարող է մահակներով պրոցես տանել, իսկ ընդդիմությունն էլ պետք է հասկանա, որ դե ֆակտո կա իշխանություն (ինչպես ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը) եւ երկխոսություն պետք է սկսել: Այն, ինչ սպասվում է տարածաշրջանում, շատ վատ դրության մեջ կարող է դնել մեր երկիրը: Պետք է կոնսենսուսային լուծումներ գտնել: Երկկողմանի ուժերի ցուցադրումն ավարտվել է եւ եկել է քաղաքական լուծումներ գտնելու պահը: Որ մի նոր համապետական ընտրություններ են պետք, միանշանակ է: Կա՛մ հայհոյանքներով լի համայնապատկերի վերածված խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետեւ այնտեղ հայտնվել են մարդիկ, ովքեր չգիտես, թե ինչ գործ ունեն, կա°մ նախագահական նոր ընտրություններ պիտի լինեն: Տեսա՞ք Լիբանանում վերջերս հավաքվեցին եւ վերջիվերջո լուծում գտան քաղաքական իրավիճակից: Մենք էլ պետք է նստենք, խոսենք:

- Իսկ եթե չեն բավարարում ձեր պահանջները:

- Պայքար է գնում` օրենքի շրջանակներում:

- Հունիսի 20-ին հանրահավաք է նախատեսվում, կմասնակցե՞ք:

- Եթե առողջական վիճակս ների, անպայման: Բայց ուզում եմ լավ կազդուրվել, նոր դուրս գալ: Ինձ որեւէ մեկը որեւէ բանում չի կաշկանդել: Պարզապես բարի կամքի դրսեւորում է եղել, որ փոխել են խափանման միջոց կալանքը: Ես կաշկանդվածություն չունեմ:

- Այսինքն, Աղվան Հովսեփյանին ուղղված Ձեր հարցերը Դուք պնդո±ւմ եք, որի համար կալանավորվեցիք:

- Իհարկե: Ես տվել եմ հարցեր` ճշմարտությունը իմանալու համար: Ես չեմ հրաժարվում դրանցից:



Զրուցեց
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ