Քաղաքականությամբ և Հայաստանի ներկայով ու ապագայով իրոք անհանգիստ բոլորին խնդրում եմ մինչև վերջ կարդալ այս 3 հոդվածները, ու գրել կարծիքներ`առանց իրար միս ուտելու, մոդերներին խնդրանք` ցանկացած ոչ քաղաքակիրթ երկխոսություն ջնջել:
Ասեմ որ առաջին հոդվածի հեղինակը ՀՅԴ անդամ է որը եղել է 96թ. կեղծված նախագահական ընտրությունների դեմ պայքարողներից, երկրորդի հեղինակը նախկին ԱԺՄ-ական, նույնպես 96-ի ընտրությունների արդյունքների դեմ պայքարողներից:
Ավելացվել է 1 րոպե անց
ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Ո՞րն է ելքը
Փետրվարի 19֊ի նախագահական ընտրությունից եւ դրան հաջորդող հայտնի ողբերգական դեպքերից հետո բոլորիս մտատանջում է երկու հիմնական հարց.
Ինչո՞ւ այսպես եղավ եւ որտե՞ղ է թաքնված չարիքի բուն արմատը:
Միամիտ է կարծել, որ ողբերգության պատճառը միայն մեկ անձ է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաեւ միամիտ է կարծել, որ այս արհավիրքի պատճառը միայն գործող իշխանությունն է: Ի վերջո, մենք քաղաքական բավարար կամք ունե՞նք սթափ գնահատելու ստեղծված բարդ իրավիճակը եւ դասեր քաղելու մեր իսկ ստեղծագործած ողբերգությունից: Դատելով մամուլից եւ եթերից հնչող մտքերից, ցավոք, պետք է ասել՝ ոչ: Հակառակորդին ամենատարբեր ածականներով անվանարկելով, չեմ կարծում, որ քաղաքական մթնոլորտն ավելի հանդուրժողական է դառնում: Ինչպես նաեւ չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակը միակողմանի ու անհասկանալի չափանիշներով գնահատող եւ մեղավորներ փնտրելիս վախի մթնոլորտը ավելի թանձրացնող այս իրավիճակի շարունակությո՛ւնն է օրվա իշխանություններից ակնկալում մեր ժողովուրդը:
Մինչեւ այսօր ինձ համար անհասկանալի է, թե ինչու իշխանությունը ողբերգական դեպքերից հետո հանրապետությունում սուգ չհայտարարեց։ Չէ՞ որ, իսկապես, համազգային ողբերգություն էր տեղի ունեցել. Երեւանում զոհվել էր հայ զինվոր, զոհվել էին Հայաստանի քաղաքացի ցուցարարներ, որոնք, կարծում եմ, իսկապես ուզում էին ապրել արժանապատիվ Հայաստանում։ Եթե այսպիսի պահվածքը իր մեջ պարունակում է գնահատական զոհված ցուցարարների նկատմամբ, ապա կարծում եմ, որ այն վտանգավոր է եւ դատապարտելի. առավել եւս, որ ողբերգությունից ընդամենը մի քանի օր առաջ ընդդիմության կողմնակիցներին պարոն Սերժ Սարգսյանը դիմում էր «նրանք մեր քույրերը եւ եղբայրներն են» բնորոշումով։
Ծանոթներիցս մեկը, որը ժամանակին հայտնի էր հակատերպետրոսյանական թունդ կեցվածքով, Ազատության հրապարակում է եղել բոլոր ինը օրերին։ Ողբերգության գիշերը նույնպես եղել է ցուցարարների հետ։ Իմ հարցին պատասխանեց շիտակ. «Այո, մնում եմ հակալեւոնական, բայց սրանք ավելի կատարելագործեցին Լեւոնի ստեղծած ընտրակեղծիքների մեքենան, եւ ժողովրդի ձայները ամենալկտի ձեւերով գնելով, պատրաստ են ստորացնել բոլորիս։ Իսկ Լեւոնի կողքին եմ, որովհետեւ այսօր նրա միջոցով կարող ենք այս իշխանությունը փոխել»։ Ծանոթս թալանչի կամ զոմբի չէ, նա մաթեմատիկայի դասախոս է, գիտությունների թեկնածու։
Ինձ թվում է, որ որոշ ուժերի կողմից միտումնավոր փորձ է արվում հասարակությունը բաժանել երկու հակադիր հատվածների, որի արդյունքում, իսկապես, այսօր ժողովուրդը հայտնվել է երկու քարի արանքում. մի կողմից «Ով ինձ հետ չէ՝ նա ազգի դավաճան է» չափազանց հավակնոտ եւ ազգը թշնամի բանակների բաժանելու միտում ունեցող կարգախոսն է, մյուս կողմից՝ «Ով Լեւոնի հետ է, նա խավարասեր թալանչի է կամ լավագույն դեպքում՝ հիպնոսի տակ գտնվող մոլորյալ»՝ իրականության բացարձակապես ոչ համարժեք գնահատում, որը գրեթե վերջնականապես փակում է երկխոսության ճանապարհը։
Իմ խորին համոզմամբ, վերջին նախագահական ընտրությունների ամբողջ ընթացքը, իր հայտնի հետեւանքներով՝ տասներեքամյա ընտրակեղծիքներով պրկված լերդացած բողոքի ժայթքումն էր՝ արհավիրքաբեր ավարտով։ Չտեսնել դա, նշանակում է չցանկանալ ճշգրիտ ախտորոշել մեր պետության հիվանդությունը։ Չհասկանալ դա, նշանակում է վաղը նորից հայրենակցիդ թափված արյան պատասխանատուն լինելու հող նախապատրաստել։
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Տիգրան Թորոսյանը անկեղծորեն նշեց, որ ԱԺ դահլիճում ավելի վատ բաներ էլ են տեղի ունեցել, որ պատգամավորների են այդ դահլիճում ծեծել, եւ այսօրվա թույնը սկսել է կուտակվել այդ օրվանից եւ այլն։ Շնորհակալություն, Տիգրան, անկեղծության եւ, որ ամենակարեւորն է, հիշողության դաշտից օգտվելու համարձակության համար։ Այսօր ոչ բոլորն են (նախորդ թե ներկա իշխանությունների ներկայացուցիչները) փորձում համագործակցել իրենց իսկ հիշողության հետ։ Որովհետեւ նաեւ իրենք են հեղինակել տասներեքամյա այս տրագիկոմիկ սցենարի նախաբանն ու հիմնական կուլմինացիաները։ Ուղղակի գլխավոր դերակատարներն են երբեմն փոխվում. ճակատագրի հեգնանքով ընտրակեղծիքների ինստիտուտը նախագծող գլխավոր ճարտարապետը այսօր կալանքի տակ է՝ կեղծիքների դեմ պայքարի դրոշ բարձրացնելու համար, իսկ գլխավոր քաղաքական պատվիրատուն փորձում է պետական մամլիչի թրթուրների տակից փրկել իր եւ իր ընկերների քաղաքական կերպարը՝ անուղղակիորեն իր իսկ մարմնով փորձելով փակել այն հրեշավոր երախը, որի ծննդահայրը հանդիսանում է հենց ինքը։ 1995 թվականին ԱԺ ընտրություններից եւ Սահմանադրության հանրաքվեից սկսած, որն առավել դաժանորեն իր դեմքը ցույց տվեց 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, արդեն որերորդ ընտրություններն է, ընտրակեղծիքների քայքայիչ մեքենան, չարորակ մետաստազի նման, շուլալվել է մեր պետականության ոսկորին եւ քայլ առ քայլ ցանցաթաղանթի է վերածում մեր պետության եւ երեխաների ապագան։ Կներեք, բայց չեմ հավատում այն ուշացած ճշմարտություն բարբառողներին, ովքեր 96-ին անդրադառնում են միայն այսօր։ Քաղաքական շահից բխող իրադրային մոտեցում է։ Եվ ընդամենը։ Ճշմարտությունը պետք է խոսի ճշմարտության մասին, իսկ այդ ճշմարտությունը 1996թ. սեպտեմբերին ԱԺ դահլիճում ծեծի էր ենթարկվում, եւ այսօրվա պետական աղմկարարներից շատերն այդ անամոթության իրականացման խանդավառ մասնակիցներից էին։ Ազնիվ չէ։ Նաեւ բարոյական չէ։
Ընդհանրապես, ճշմարտության բումերանգը, տարածության եւ ժամանակի մեջ վերադառնալով իր ելակետին, բավականին անողոք է վերաբերվում այն հասարակությանը, որն իմունիտետ չունի կիսաճշմարտությունների կամ, որ նույնն է՝ կեղծ ճշմարտությունների նկատմամբ։ Ցավոք, երբ բումերանգը անցնում է ալեկոծված բողոքի եւ ատելությամբ հագեցված մթնոլորտով, այն իր հետեւից թողնում է նաեւ զոհեր, որոնց համար սգում է հենց այդ նույն հասարակությունը։ Այսօր մենք դրա իրականացնողն ենք ու վկան։
Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ գրեթե տառացիորեն կրկնվեց այն, ինչ տեղի ունեցավ 96 թվականին՝ նույն անհավասար պայմանների առկայությամբ նախընտրական ամբողջ գործընթացը, պետական ողջ ռեսուրսի օգտագործումը իշխանության թեկնածուի կողմից, արջի ծառայություն մատուցողների շքերթ եւ արդյունքում՝ կասկածելի լեգիտիմությամբ նախագահ։ Այնուհետեւ ժողովրդի արդար ցասում, որը 96֊ին, ցավոք, սադրիչները կարողացան ուղղորդել դեպի ԱԺ շենք, որտեղ զայրացած ամբոխը ծեծի ենթարկեց ԱԺ նախագահին եւ փոխնախագահին։ Բնականաբար, վերջում ընդդիմության հայցը Սահմանադրական դատարան եւ, նույնքան բնականաբար, վերջինիս կողմից հայցի մերժում։
Այս զուգահեռներում կա մեկ, բայց կարեւոր տարբերություն. Վազգեն Մանուկյանը զայրացած ամբոխին կոչ արեց հեռանալ Ազատության հրապարակից՝ այդ պահին զրահատեխնիկայի եւ զենքի ագրեսիվ տրամադրությունը ուղղություն էր վերցրել դեպի Ազատության հրապարակ։ Եթե Վազգենը չգնար այդ քայլին, գուցե հետեւանքները ավելի ողբերգական լինեին, քան այսօր է։
Դժբախտաբար, 95-ից սկսած, ավելի կատարելագործվեց ընտրակեղծիքների մեքենան՝ քայլ առ քայլ ժողովրդից խլելով իշխանությունը կրելու, իշխանությունը ձեւավորելու իր հիմնական իրավունքը։ Ժողովրդի արժանապատվությունը եւ ապրելու իրավունքը վիրավորելով, գավառական խորամանկություններին տուրք տալով, այս 13 տարիների ընթացքում կեղծիքների ահռելի ինստիտուտը հասարակական մթնոլորտը լցրին խորացող դժգոհությամբ, պետական եւ քաղաքական կյանքում կատարվող ամենատարբեր երեւույթների նկատմամբ վտանգավոր անտարբերությամբ։ Ընտրակաշառքը դարձավ քաղաքական կատեգորիա։ Որեւէ հասարակություն, որը պատրաստ է իր ձայնն աճուրդի հանել, այդ քայլով արդեն իսկ ցույց է տալիս, որ վերապահություն ունի իր պետության ապագայի նկատմամբ։ Նողկալի էր տեսնել, թե ինչպես էր համատարած ընտրակաշառք բաժանվում՝ ձայներ փախցնելու համար։ Ավելի կարճ ճանապարհ ազգին ստորացնելու, օրը ցերեկով իշխանության բուն կրողին բռնաբարելու՝ դժվարանում եմ նշել։ Եվ դրա հեղինակը մեր պատմական թշնամին չէ, այլ մենք ենք, ինքներս։
Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ պաշտոնապես հայտարարված արդյունքները համապատասխանում են իրականությանը, միեւնույն է, լեգիտիմության այսպիսի խոցելի ռեսուրսով, ինչպես նաեւ բարոյահոգեբանական այսպիսի մթնոլորտում չափազանց դժվար է լինելու, եթե ոչ անհնար, որ նոր նախագահը կարողանա լուծել այն բարդ հիմնախնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր պետության առջեւ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում։
Անկեղծորեն հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է շտկել իրավիճակը, բարեփոխումներ իրականացնել, վերացնել կոռուպցիան ու կաշառակերությունը եւ այլ բարի ցանկություններ իրականություն դարձնել։
Էջանիշներ