ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԼՑՎԵԼ
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով Ջավախքում այսօր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հետ կապված էական փոփոխություններ տեղի չեն ունենում. «Այն խնդիրները, որոնց մասին խոսել ենք ու բարձրաձայնել, այսօր նույն խորությամբ գոյություն ունեն»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Շիրակ Թորոսյանը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ պատգամավորը Ջավախքի հետ կապված մի առանձնահատկություն նշեց, դա Վրաստանի նախընտրական իրավիճակն է, որը, նրա խոսքերով, իր արտացոլումն է գտնում Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքում:
Պարզաբանելով այդ առանձնահատկությունը, Շ. Թորոսյանն ասաց, որ խնդիրը Վրաստանի նոր ընդունած օրենքի մեջ է, որի համաձայն խորհրդարանի պատգամավորների թիվը, ի տարբերություն նախորդի (235 պատգամավոր), այժմ բաղկացած է լինելու 150-ից: Եվ հետևաբար պատգամավորների թվի կրճատման հանգամանքը թույլ չի տալիս, որ «այն մարդիկ, ովքեր իրապես շահագրգռված են ոչ միայն Ջավախքի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակի կայունությամբ, այլ նաև մտահոգված ջավախքահայերի խնդիրների լուծման անհրաժեշտության կարևորությամբ և հայ-վրացական հարաբերությունների ապագայով» անցնեն Վրաստանի Ազգային ժողով: «Ո՛չ իշխանամետ, ո՛չ ընդդիմադիր որ մի ուժ չհամարձակվեց իր կողմից առաջադրել այդ թեկածուներին»,- ասաց բանախոսը:
Նրա կարծիքով, վրացական խորհրդարան կընտրվեն հայազգի նվազագույնը` 2, իսկ առավելագույնը` 4 պատգամավոր: Բացի սրանից, «Ջավախք» հայրենակցական միության նախագահը իր խոսքում ադրադարձավ Ջավախքի և ջավախահայերի կյանքին առչվող մի քանի խնդիրների, մասնավորապես կարևորեց այն փաստը, որ «Վրաստանը հայաթափման քաղաքականություն է վարում»: «Վրացական տնտեսության մեջ կատարվող ներդրումները վրացահայերի վրա էական ազդեցություն չեն ունենում, Հայաստանի և Վրաստանի միջև ճանապարհատրանսպորտային կապն ահավոր վիճակում է»,- ասաց նա:
Ըստ Թորոսյանի` Հայաստանից ժամանակ առ ժամանակ Ջավախքին տրամադրված օգնությունները շատ դժվարությամբ են տեղ հասնում, մաքսային կետերում բազմաթիվ խոչընդոտների են բախվում, որոնց լուծման անհրաժեշտությունը առաջնային պետք է լինի: Ամփոփելով բոլոր վերը նշված խնդիրների շուրջ իր դիտարկումները, պատգամավորն ասաց, որ ջավախահայերի նկատմամբ վրացական իշխանությունների վերաբերմունքը կարող է «բումերանգի էֆեկտ» ունենալ: «Ես վստահ եմ, որ այս ամենը կարող է շրջվել իրենց դեմ, ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել և եթե այդ խնդիրների լուծման ուղղությամբ լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա երեք հնարավոր տարբերակ կա»,- նշեց նա:
Ըստ նրա` առաջին տարբերակը` Ջավախքը կամաց-կամաց կհայաթափվի և կվերածվի Նախիջևանի ճակատագրին, երկրորդը` Ջավախքը պոռթկումն է, երբ կարող է լցվել համբերության բաժակը և անկախ ամեն ինչից, ընդվզել ամենատարբեր ձևերով (Ղարաբաղի տարբերակը), և վերջինը` ամենաիդեալականը, երբ հայ և վրաց իշխանությունները փոխհամագործակցության միջոցով, գիտակցելով Ջավախքի կարևորությունը երկուստեք, փորձեն լուծել կուտակված հարցերը, և այդ ժամանակ Ջավախքը կդառնա հայ-վրացական հարաբերությունների ոչ թե վատթարացման, այլ ամրապնդման օղակ:
Էջանիշներ