Վերջերս մեզ մոտ մի հաղորդում էին ցույց տալիս Աբիգեյլ և Բրիտանի երկվորյակ քույրերի մասին, որոնք ունեն մեկ մարմին: Երբ հայացքս պատահաբար ընկավ էկրանին /սովորաբար հեռուսացույց չեմ նայում/, քիչ էր մնում աչքերիս չհավատայի: Դժվար էր պատկերացնել, որ այդպիսի մարդիկ կան և ապրում են նորմալ կյանքով:
Առաջին հայացքից ես ընկալեցի տեսածս` իբրև երկու գլխանի մարդ, սակայն սխալվում էի, քանի որ նրանք իրականում երկու տարբեր մարդիկ են են, և ընկալում են իրենց` որպես առանձին անհատականություներ:



Աբին ու Բրիտանին ունեն առանձին անձնագրեր, վարորդական իրավունքի համար հանձնել են առանձին քննություններ, կրթական համակարգում գնահատվում են նույնպես առանձին: Նրանք երկու տարբեր մարդիկ են, որոնք ապրում են միևնույն մարմնի մեջ: Հետաքրքիրն այն է, որ նրանցից ամեն մեկը կառավարում է մարմնի մի կողմը` մեկը`աջ, մյուսը` ձախ, բայց տարօրնիակ կերպով ամեն շարժում հարմարեցնում է մյուս կողմի հետ:
Որպես անհատականություններ` նրանք նույնպես տարբեր են: Ամեն մեկն ունի իր նախասիրությունները, իր խառնվածքը: Մեկն ուզում է դառնալ անասնաբույժ, մյուսը` նկարիչ, բայց երկուսն էլ սիորում են սպորտ, և տարբեր սպորտային խմբակների անդամներ են: Աղջիկներն ապրում են երջանիկ ու ներդաշնակ կյանքով, ունեն ընկերներ, սիրող ընտանիք, սովորական կյանք:
Մտածում եմ` մարդիկ մի փոքր ֆիզիկական թերություն են ունենում, արդեն իսկ կոմպլեքսավորվում են, փակվում իրենք իրենց մեջ, իսկ այս քաջ աղջիկները ապրում են իրենց կյանքը գոհ ու երջանիկ: Կարծում եմ` նրանք իսկական ոգեշնչում կարող են լինել իրենց մարմնից դժգոհ բոլոր մարդկանց համար: Ու մեկ անգամ ևս զարմանում եմ, թե ինչքան տարբեր է կյանքը ու ինչքան հրաշալի, որ կարող է ապրեցնել անգամ ամենաանհավանական բնույթի էակներին, և այն էլ` ապրեցնել երջանիկ: