ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐԸ
Պատերազմները, նվաճումները, հարստահարությունները ժողովուրդների հազարամյակների պատմության մեջ սովորական երևույթ են:
Պարտված ժողովուրդները, բնականաբար, ատելությամբ ու վրեժխնդրությամբ են լցվում հաղթող ժողովուրդների նկատմամբ: Սակայն, որպես կանոն,
եթե հաղթողը ինչ-որ ժամանակահատվածից հետո
հեռանում է նվաճված երկրից, ապա պարտված ժողովուրդը ժամանակի ընթացքում բուժում է վերքերը և ամենակարող ժամանակը ժողովրդի հիշողությունից ջնջում է ատելության ու վրեժխնդրության զգացումը:
Ժողովուրդները չարություն չունեն, նրանք անհիշաչար են: Եթե այդպես չլիներ, ապա բոլոր ժողովուրդները հիմա թշնամիներ կլինեին:
Ժողովուրդների համար հավերժական թշնամիներ գոյություն չունեն: Թշնամու գաղափարը ժողովուրդների համար ունի մարտավարական և ոչ թե ռազմավարական նշանակություն:
Բայց կան հիմնախնդիրներ, որոնք հավերժ մնում են ժողովուրդների պատմական հիշողության մեջ: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մի ժողովրդի կողմից մյուսի ցեղասպանությանը և Հայրենիքի զավթմանը:
ՈՐԵՎԷ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԵՎ ՆՐԱ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԶԱՎԹԱԾ ԴԱՀԻՃԸ ԶՈՀԻ ՄՈՏ ՍՏԱՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐ ԵՎ ՀԱՎԵՐԺ ՄՆՈՒՄ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ:
Հայաստանի ոչնչացման քաղաքականությունը այսօր էլ հանդիսանում է թուրքերի ազգային ծրագրի առանցքը, այն ելնում է պանթուրքիզմի գաղափարախոսությունից , որը թուրքերի ազգային իդեալն է, ազգային գաղափարախոսությունը:
Քանի դեռ գոյություն ունի պանթուրքիզմը` Միացյալ Թուրանի գաղափարը, Հայաստանի Հանրապետության ոչնչացման ծրագիրը գտնվելու է Թուրքիայի քաղաքականության օրակարգում: Հետխորհրդային շրջանում Թուրքիայի վարած հակահայկական քաղաքականությունը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու այդ անվիճելի ճշմարտությունը:
Ստեղված իրավիճակում Հայաստանի ապազգային ուժերը /ՀՀՇԿ-ն և նրանից ծնված ու գունափոխված բոլոր կազմակերպությունները/ բոլշևիզմից ժառանգած <<ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության>> դրոշով` ՆԵՈԲՈԼՇԵՎԻԶՄԻ դիրքերից գործադրում են բոլոր միջոցները հայ ժողովրդի գիտակցությունից թուրքերին, որպես ազգային թշնամու կերպար հանելու համար, որով թուլացնում ու բթացնում են հայոց ինքնապահպանման բնազդը, ապակողմնորոշում ժողովրդին և դատապարտում ոչնչացման: Դա դավաճանություն է հայ ժողովրդի նկատմամբ:
Թուրքերը հայոց ազգային թշնամին են: Թուրքերը կդադարեն հայոց ազգային թշնամին լինելուց, հայ-թուրքական հարաբերությունները, թեկուզ փոխզիջումային տարբերակով, կկարգավորվեն Արևմտյան Հայաստանը հայ ժողովրդին վերադարձնելու դեպքում միայն: Այդ պատմական կնճիռը վերացնելու այլ ուղիներ գոյություն չունեն:
Լենդրուշ Խուրշուդյան
Էջանիշներ