User Tag List

Էջ 80 80-ից ԱռաջինԱռաջին ... 30707677787980
Ցույց են տրվում 1,186 համարից մինչև 1,197 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1186
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար շատ կարևոր ա, որ բոլոր էն մարդիկ, ովքեր իմ կյանքում ինձ վրա մեծ ազդեցություն են թողել, էսօր Արցախի հետ են։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.07.2023), Sambitbaba (24.09.2023)

  3. #1187
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ գործի տեղի մարդիկ՝ թե՜ անմիջական կոլեգաներս, թե՜ մեր բաժնի ժողովուրդը, թե՜ ընկերության այլ հատվածների աշխատողներ, որոնց հանդիպում եմ մեր ասոցիացիայի միջոցառումների ժամանակ, շատ հաճելի ու դրական մարդիկ են, որոնց հետ աշխատելուց մեծ բավականություն եմ ստանում։ Բայց նաև էն մարդիկ են, որոնց հետ իմ ճամփան կյանքում չէր խաչվի, եթե չաշխատեի էդ ընկերությունում։ Ընդ որում, խոսքը ոչ միայն դանիացիների, այլև օտարերկրացիների մասին է, ոչ միայն արվարձաններում արդեն առանձնատուն ձեռքբերածների, այլև դեռևս քաղաքում, անգամ մեր թաղամասում ապրողների մասին է։ Կարծես զուգահեռ իրականություններում ապրենք. տարբեր համերգների ենք գնում, տարբեր կինոթատրոններ ու ռեստորաններ, տարբեր տեղեր հանգստանալու, տարբեր հոբբիներ ունենք։ Իմ գործի տեղի մարդիկ նրանք են, ում հետ ֆեյսբուքում կամ լինքդինում ոչ միայն ընդհանուր ընկեր չունեմ, այլև երեք-չորս աստիճանով եմ հեռացած. մի բան, որ կարծում էի Դանիայում չէր լինում։

    Բայց մի օր եկավ մեր նոր շեֆը։ Ինձ միայն մի քանի վայրկյան պետք եղավ հասկանալու համար, որ նոր շեֆը, ամեն դեպքում, այդ զուգահեռ իրականությունից չէ։ Ինչ խոսք գիտեի, որ ակադեմիայից էր գալիս։ Դրան էլ գումարած ինձ նման երկար խուճուճ մազերով ու ոչ արևմտյան իմիգրանտ։ Իսկ լինքդինում փորփրել էի. ընդհանուր կոնտակտ ունեինք։

    Հետո արդեն նայեց բեջիս, կարդաց ազգանունս ու ասաց. «Դու հա՞յ ես»։ Այլ, հատկապես ակադեմիական կոնտեքստում, չէի զարմանա. մարդիկ գիտելիքներ ունեն Հայաստանի ու հայերի մասին։ Բայց իմ աշխատավայրում ոչ միայն որևէ մեկը երբևէ չէր հարցրել, այլև ամեն անգամ նշելուցս հետո, որ հայ եմ, ձանձրանալով անցել են այլ թեմայի։

    Հարցրի, թե ոնց իմացավ։ Ասաց՝ ազգանունիցս։ Ասաց՝ հայ համադասարանցիներ է ունեցել։ Հետո չգիտեմ ոնց սկսեց պատմել, որ փոքր ժամանակ ռուս գրականություն էր կարդում, որ դպրոցում ուրիշ պատմություն էին պատմում երկրորդ համաշխարհայինի մասին, ու միայն Դանիա տեղափոխվելուց հետո «ճիշտն» իմացավ։ Ես էլ ասացի՝ հա, ճիշտ նույնը, բայց «ճիշտը» իրականում մեջտեղում է։ Համաձայնեց։

    Մի շաբաթ է՝ ուզում էի երաժշտությունից խոսք բացել, որովհետև մի տեսակ վստահ էի, որ նույն բաներն ենք լսում։ Էսօր սուրճ խմելիս համերգներից խոսք գնաց։ Ասաց, որ Թորի Էյմոսի համերգին է գնացել այս տարի։ Ասացի՝ ես էլ։ Ասաց, որ Ալանիս Մորիսեթի տոմսեր ուներ, բայց այդ օրը կինը ծննդաբերում էր, չգնաց։ Ասացի՝ ես գնացել եմ։

    Լանչին էլ չգիտեմ ոնց նախկին գործի տեղերից խոսք գնաց։ Ինքը մի մեծ գիտահետազոտական կենտրոնում էր աշխատել։ Ասացի, որ իմ նախկին սերն էլ էր էնտեղ աշխատում, լաբից հեղուկ ազոտ էր գողանում։ Ասաց՝ ա՜, ուրեմն է՞դ տղան էր։ Հա, էդ տղան էր։ Հետո հիշողությունների գիրկն ընկանք ու էդ կենտրոնի լեգենդներից սկսեցինք խոսել։ Ես էլ թե՝ բայց էդ ամենը հեռավոր 2014-ում էր։ Ասաց՝ 2014-ին է հենց էնտեղ աշխատանքի ընդունվել։

    Էս թեմաներն ինձ շատ են զարմացնում. մարդիկ, որոնց շուրջը պտտվել ես տարիներ շարունակ, ու նրանց հանդիպում ես ամենաանհավանական տեղում։ Ինչու՞ օրինակ 2014-ին, երբ ես ու նախկին սերս էդ գիտահետազոտական կենտրոնի նկուղներում թափառում էինք, երբ անատոմիկումում արգանդի պրեպարատների մոտ նստած սայ-ֆայ պատմվածքներ էինք գրում, երբ համալսարանական զանազան միջոցառումներին բոլորս մի տեղում էինք հավաքվում, չենք հանդիպել, բայց աշխատանքային կոնտեքստում հանդիպել ենք։

    Հետո գտա մի այլ շատ կարևոր ընդհանրություն, որ ունեի նոր շեֆիս հետ ու չէի նկատել մինչև հիմա. երկուսիս էլ նույն նախկին շեֆս էր աշխատանքի ընդունել։

    Բայց սա լրիվ ազդանշան է, որ պետք է արագ մտածեմ կարիերայիս հաջորդ քայլերի մասին։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.08.2023), Ruby Rue (12.08.2023), մարդ եղած վախտ (12.08.2023)

  5. #1188
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ գժանոց շաբաթվանից հետո, երբ ամեն օր տուն էի հասնում տասից հետո կամ եթե մինչև էդ էի հասնում, հազարումի բանով էի զբաղված, էս շաբաթ օրը հռչակել էի ոչինչ չանելու օր։ Այսինքն, օր առանց որևէ օրակարգի, որևէ պլանի, որևէ բան անելու, երբ ինքս կորոշեի ինչով զբաղվեմ։

    Իրականում էնքան էլ չստացվեց, որովհետև դեռ առավոտից խնդրեցին, որ մյուս շաբաթվա բողոքի ակցիայի համար կարճ տեքստ գրեմ։ Հետաքրքիր բան է գրողի ինքնությունը։ Երբ սկսում ես «գրող» բառը անվանդ կողքը կպցրած ման գալ, դա սկսում է տարածվել ուրիշ բաների վրա էլ. նամակներ, բողոքի ցույցերի տեքստեր, ուրիշների տեքստերի խմբագրում և այլն։ Ինձ բռնացնում եմ նաև, որ գործիս տեղն էլ եմ հա նույն բանի վրա. կոլեգաներս հերթով գալիս, խնդրում են, որ իրենց մեյլերը խմբագրեմ, որ «ավելի քաղաքավարի ֆաքօֆ» դառնա։ Շաբաթվա ընթացքում էլ ամբողջ երկու երեկո գնաց մեր ընկերներից մեկի հետ կոնֆլիկտը լուծելու վրա։ Իրական կյանքում մեր ընկերներից երկուսի հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո ահագին վիրավորական նամակ էի ստացել նրանցից մեկից, ու ես ու Մորթենը պատասխան նամակի վրա էինք աշխատում, որ ոչ մի վիրավորական բան չպարունակի։ «Գրելու վարժություն»,- ասաց, երբ երեք ժամ վրան ծախսելուց հետո վերջապես ուղարկեցինք։

    Մի խոսքով, ակցիայի տեքստը գրեցի, հետո էլ Մորթենն ինձ «Ինկո» տարավ, որ ժենգյալով հացի խոտեղենն առնենք, երեկոյան սարքենք. սեպտեմբերին հայ մշակույթի օր է լինելու, ու մենք Արցախի տաղավարով ենք ներկայանալու։ Ուզում ենք նախապես հաստատ համոզվել, որ ընդունելի որակով ժենգյալով հաց հնարավոր է թխել մեր սահմանափակ պայմաններում։

    Իսկ հետո արդեն օրը լրիվ իմն էր։ Բազկաթոռին վերընկած Նենսիի գիրքն էի կարդում։ Մի կողմ, որ ընկղմվում ես 2006-2007 թվերի երևանյան ծանոթ իրականության մեջ, ու հաճելի հիշողություններ են արթնանում։ Բայց էնքան օտար, անծանոթ էր էս վիճակը, որ ուղղակի փռվել եմ բազկաթոռին ու զբաղվում եմ իմ ուզած բանով։ Ու սա ընդամենը մի օր. վաղվանից նորից գժանոց, որովհետև լիքը մարդկանց լիքը բաներ եմ խոստացել, որ պիտի հասցնեմ։

    Էստեղ էլ նստած էս տեքստն եմ գրում, որովհետև ինչու՞ ոչ։ Էսօր ինձ լրիվ ազատություն եմ տվել։ Անսովոր, թանկարժեք ազատություն։

  6. #1189
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խայումին վաղուց չէի տեսել։
    — Տասը տարի կլինի, չէ՞,- ասաց։
    — Խրոնինգենից 2013-ի օգոստոսի վերջին եմ գնացել,- ասացի,- ուրեմն ուղիղ տասը տարի։
    Երեկ գրել էր Խայումը, թե նոր հանկարծ մտքով անցավ, որ ես Կոպենհագենում եմ, ուրբաթ առավոտ գնում է, ժամանակ ունե՞մ հանդիպելու։ Գործիս տեղի դեդլայնների, ակադեմիայից մնացած հոդվածի ու Լուիզիանայի գրական փառատոնի արանքում 55 րոպե ճղեցի ու գրեցի Խայումին, որ կայարանի մոտի Էսպրեսո հաուզում՝ ժամը 16:15։

    Խայումը հեչ չէր փոխվել։ Ոչ մի գրամ ո՜չ նիհարել, ո՜չ չաղացել, ո՜չ մեծացել։ Էն ժամանակ կանանց մասին պհդ էր անում։ Ասում էր՝ ուզում է կանանց հասկանալ։ Արյան մեջ էստրոգենի քանակը չափելով՝ վարքային կորելյացիաներ էր փնտրում։
    — Վերջը հասկացա՞ր կանանց,- հարցրի։
    — Չե՞ս տեսնում, դեռ սինգլ եմ,- ասաց ու ծիծաղեց,- բայց հիմա արդեն իմ տունն ունեմ Հաագայում։ Մեկ էլ կատու։
    Հարցրի, թե պհդ-ն ինչ եղավ։
    — Ստանդարտ շեղումները շատ մեծ էին,- ասաց,- null results, անգամ կենդանիների մոդելներում, չտպագրվեց ոչ մի բան։ Բայց գիտությունը կարոտում եմ մեկ-մեկ։
    Հետո անցանք մեր ընդհանուր ընկերներից զրուցելուն։
    — Խրոնինգենում ոչ ոք չի մնացել, բացի էն բոյով հոլանդացի տղայից,- ասաց։
    — Հենրիկի՞ն նկատի ունես։
    — Հա, ամուսնացել է ամերիկացու հետ, Խրոնինգենում են ապրում։ Արենդի հետ էլ էի գրվում, Ֆրիզլանդում է... Բայց լավ համայնք էինք։ Հիմա բոլորը մեծացել, ընտանիք-էրեխեք, ժամանակ չունեն։ Հիշու՞մ ես մեր վիքենդները։

    Հիշում եմ, ոնց չեմ հիշում։ Գնում էինք քաղաքից դուրս, սեղանի խաղեր խաղում, իրար հետ լիքը ժամանակ անցկացնում։ Ոմանք սիրահարվում էին, հետո ամուսնանում։

    — Ես էլ ոչ մեկից տեղեկություն չունեմ,- ասացի,- վերջինը Քրինային եմ տեսել եմ, վերջերս էր։
    Վերջերս։ Մտովի սկսեցի հաշվել երբ էր։
    — 2017-ին էր,- ասացի,- փաստորեն, էնքան էլ վերջերս չէր, վեց տարի առաջ։
    Երեկոյան ավելի ուշ, երբ մտովի փորփրում էի երբ էի Քրինային վերջին անգամ տեսել, հիշեցի, որ 2017-ին Խրոնինգեն գնալիս իմ նախկին համակուրսեցիներից բացի ոչ մեկի չէի տեսել։ Ուրեմն 2016, երբ ղեկավարիս հետ գործնական այցի էի։ Կամ նույնիսկ 2015։ Բայց Քրինան մինչև հիմա աչքիս առաջ է իր մուգ կապույտ աչքերով ու ոսկեգույն խուճուճ մազերով։ Քրինան Խրոնինգենում թողածս իմ ամենաթանկ մարդկանցից էր, էն մարդկանցից, որ առանց լավ ճանաչելու խորը մտերմություն ես զգում։ Ու Խրոնինգենում ապրածս կարճ ժամանակահատվածում մենք միմյանց հյուր էինք գնում, նստում, երկար զրուցում գրականությունից։
    — Քրինան պաշտպանեց իր պհդ-ն,- ասաց Խայումը,- ոնց որ բիզնես ունի։ Դե ես գործի բերումով լինքդինում շատ եմ լինում։

    Հետո խորացանք ու սկսեցինք ուղեղի ուսումնասիրման տարբեր մեթոդներից զրուցել, ինքը կենսաբանանական, ես՝ իմացական նեյրոգիտական տեսանկյունից։ Ու մեր գիտական կյանքի արկածներից էինք պատմում ու ծիծաղում։
    — Գիտե՞ս, մեր թիմում մեկը կար, սկաներում մարդկանց սեքս անել էր տալիս, ուղեղները նկարում,- ասաց։
    — Էդ ձե՞ր թիմում էր,- ասացի,- Օրհուսում մի պրոֆեսոր կար, ուզում էր էդ հետազոտությունն անել, ոչ մի տեղ էթիկայի կոմիտեն դիմումը չէր բավարարում, բացի Հոլանդիայից, էնտեղ էլ արեց։

    Հետո իմացա, որ Խայումը մեր ընկերությունում գործի է դիմել, չեն ընդունել։ Փորձեցի համոզել, որ նորից փորձի։
    — Չէ, արդեն հոլանդական անձնագիր ունեմ, տուն, մեքենա, լեզուն գիտեմ,- ասաց,- արդեն տեղավորվել, ապրում եմ։ Դու էլ ես արտասահմանցի, կհասկանաս։
    — Հա,- ասացի,- ես Կոպենհագենից ոչ մի տեղ չեմ գնա։

    Իմ ժամանակը լրացավ, ու Խայումին պինդ գրկեցի, ասացի՝ էլի արի, թող տասը տարի չանցնի մինչ հանդիպում։

    Հետո Լուիզիանայի գրական փառատոնի առաջին օրն էր ու մտքերս, թե ինչքան հրաշալի մարդկանց եմ հասցրել ճանաչել իմ կյանքի ընթացքում։ Ու իմ ամենամեծ հարստությունն է դա։ Ու ինչքան կարևոր էր, որ էս ամբողջ գլխապտույտի մեջ հասցրի տեսնել նրան։ Լավն էր Խրոնինգենում ապրածս ջահելությանս մի տարին։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (18.08.2023)

  8. #1190
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուիզիանայի փառատոնի ժամանակ ահագին խոսվեց չասվածի մասին։ Քլեր Քիգանն ասաց, որ Իռլանդիայում պետք է լուռ մնային, որովհետև ասածներն իրենց դեմ կօգտագործեին, որովհետև չգիտեիր՝ ով է գաղութարարի լրտես։ Քլաուդիա Դուրաստանտին խոսեց խուլուհամր ծնողների հետ հաղորդակցվելու մասին, թե ինչպես ժեստերի լեզուն իրեն չսովորեցրին, ու հաղորդակցվում էին խեղված լեզվով, հաղորդակցության մեծ մասն էլ լեզու չէր։ Հարուկի Մուրակամին պատմեց, որ ինքը միակ երեխա է եղել, կատուներն ու գրքերը՝ իր միակ ընկերները, ու կատուներից սովորել է առանց բառերի հաղորդակցվել։ Ամինա Էլմիի բանաստեղծությունների ժողովածուն բառերի չհերիքելու մասին է. Դանիա եկել է Սոմալիայից որպես փախստական, ու տնից, հայրենիքից խոսելիս երբեմն բառերը չեն հերիքում։

    Առանց բառերի հաղորդակցվելն էնքա՜ն սիրուն է։

    Երեկ լանչի ժամանակ շեֆս ասաց, որ եղբորը խորհուրդը է տալիս ուսանողական կյանքը վայելել, քանի կապիտալիզմի... Նախադասությունը կիսատ թողեց։ Երկուսով նայեցինք իրար ու ծիծաղեցինք։ Սեղանի շուրջ նստած մնացած թիմն աչքերը չորս արած փորձում էր հասկանալ, թե ինչ կատարվեց։ Ու էդ մի քանի վայրկյանի ընթացքում մտքիս մեջ ավարտեցի շեֆիս նախադասությունը («քանի կապիտալիզմի գերին չի դարձել»), ավելացրի «էստեղ դրա տեղը չի», ինքն էլ պատասխանեց «հա, ճիշտ ես ասում, մի քիչ զգույշ խոսեմ»։ Իսկ մեր շուրջը միայն անհասկանալի ծիծաղ տեսան։
    — Մենք երևի նույն մուլտերն ենք նայել փոքր ժամանակ,- այս անգամ բարձրաձայն ասաց շեֆս։ Իսկ մյուսների շփոթմունքն էլ ավելի մեծացավ։

    Առանց բառերի հաղորդակցությունը գաղտնի լեզու է։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.08.2023, 09:48:

  9. #1191
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ու Անան նույն օրն ենք ծնվել՝ մի տարվա տարբերությամբ։ Ամեն տարի գրում է՝ ծնունդդ շնորհավոր, ես էլ պատասխանում եմ՝ քոնն էլ։ Արդեն քսան տարի շարունակ։

    Իմ կյանքի բնույթից ելնելով՝ ես անընդհատ նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, իսկ ընկերանալն ավելի ու ավելի է դժվարանում, որովհետև տարիքի հետ ամեն նոր մարդու ավելի շատ պատմություն ունես պատմելու ու ավելի քիչ ժամանակ։

    Իսկ Անայի հետ երկար ճանապարհ ենք անցել։ Չնայած երբեք միաժամանակ նույն քաղաքներում չենք ապրել (ես Պրահայում ապրել եմ նրանից շատ առաջ, ինքը՝ Կոպենհագենում ինձնից շատ առաջ), ու այսօր կյանքում չորրորդ անգամ էինք հանդիպում, մեր մտերմությունը շատ խորը տեղեր է գնում։

    Ու էսօր իրեն տեսնելն ու Նորեբրոյով զբոսնելը մի այլ կարգի երջանկություն էր։ Իմ ու իր Նորեբրոները տարբեր են, տարբեր ժամանակներում ենք տեսել այն։ Ու էնքա՜ն թեթև ու հանգիստ էր զրույցը, չպարտադրված։ Երևի քսան տարվա մտերմություն, տոննաներով նամակներ, ընդհանուր երաժշտական ճաշակ, միանման աշխարհայացք ու նույն ծննդյան օր է պետք մարդուն այդքան մոտ զգալու համար։ Այդքան թեթև, անկեղծ, առանց պատնեշների հետը զրուցելու ու իրար էսքան հեշտ, կես բառից հասկանալու համար։

    Խոստացավ, որ ամեն տարի կգա։ Որոշեցինք Մայային՝ մեր երրորդ ընկերուհուն (որին «ընդամենը» ինը տարի է, ինչ գիտեմ, Անան՝ մի քիչ ավելի շատ) էլ այստեղ հասցնել։ Ու մի օր վերջապես երեքով կհայտնվենք նույն տեղում։ Մի բան, որ ընդհանուր չաթից դուրս դեռ երբեք տեղի չի ունեցել։

  10. #1192
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թիմով երկու օրանոց կոնֆերանսի էինք Հիլերոդ քաղաքում, որը Կոպենհագենից 35-40 կմ (նայած որ ճամփով ու որ մասից ես գնում) հեռու ա։ Առաջին օրվա առավոտը հավաքվեցինք, մեկ էլ կին կոլեգաներիցս մեկը հայտնվեց, թե բա հեծանիվով եմ էկել։ Հարցուփորձ արեցինք, թե ինչքան էր տևել։ Թե բա՝ երկու ժամ, բայց ավելի քիչ կտևեր, եթե չկորեի, gps-ը սխալ-մխալ տեղեր էր ուղարկել՝ խոտերի մեջ, ոչ ասֆալտապատ ճանապարհ։

    Երկրորդ օրվա առավոտը մի ուրիշ կոլեգա հայտնվեց ու հայտարարեց, որ հեծանիվով է եկել։ Էս մեկը շատ բարձրահասակ տղամարդ, ի դեպ։ Ու գլուխ գովաց, թե մի ժամ 35 րոպեում է եկել, gps-ն էլ ամբողջ ճանապարհին նորմալ հեծանվուղի է ցույց տվել։ Ու թե ինքը հաստատ չէր գա հեծանիվով, բայց մեր նախորդ օրվա կոլեգային պիտի ապացուցեր, որ ինքն ավելի արագ կարա։ Երկուսն էլ, ի դեպ, գնացքով տուն գնացին։

    Ես էսպես թե էնպես որոշել էի երկրորդ օրը հեծանիվով տուն գնալ. երբ կոնկրետ ժամի կոնկրետ տեղում լինելու ճնշումը չկա, շատ ավելի հանգիստ կլինեմ։ Ես էլ բռնեցի, հայտարարեցի, որ հեծանիվով եմ տուն գնալու, առանց gps-ի ու առանց որևէ քարտեզի նայելու։ Մի այլ կոլեգա էլ թե՝ ես էլ եմ միանում։ Ճիշտն ասած, հեչ չէի ուզում, որ միանա ինձ. ուզում էի մենակով գնալ սիրուն անտառների, բլուրների ու դաշտերի միջով, աուդիո գիրք կամ երաժշտություն լսել։ Ոնց փորձեցի ցրել, չստացվեց։

    Ու էդպես ճամփա ընկանք։ Մինչ կճանապարհվեինք քարտեզի վրա մենակ ճշտեցի Հիլերոդի տեղադրությունը Կոպենհագենի համեմատ. հյուսիս-արևմուտք։ Ուրեմն պիտի հարավ-արևելք ուղղություն վերցնեինք, հետևաբար օրվա երկրորդ կեսի արևը պիտի աջ-հետևից լիներ։

    Ու քշում էինք գրեթե դատարկ ճանապարհներով։ Կոլեգաս անընդհատ անհանգստանում էր, թե՝ կարո՞ղ ա սխալ ենք գնում։ Ասում էի՝ չէ, նայի արևը որտեղ ա։ Ասում էի՝ վատթարագույն դեպքում եթե քիչ գնանք դեպի արևելք, դուրս կգանք Կոպենհագենի արևմտյան արվարձաններից որևէ մեկը (օրինակ՝ Բալերուպ), եթե շատ գնանք, ծովափ դուրս կգանք, էնտեղից արդեն ճամփան շատ հեշտ է գտնելը։

    Բայց դրա կարիքը չեղավ։ Շուտով անցանք Բիրկերոդով, որտեղ մեր նախկին շեֆն էր ապրում ու որի տանը եղել էինք ու որտեղից ես էլի հեծանիվով տուն էի գնացել։ Ասացի՝ էստեղից արդեն դժվար կորենք։ Հետո արդեն մտանք Լյունգբյու քաղաք, որտեղ կոլեգաս հինգ տարի համալսարան էր գնացել, ես էլ էնտեղից մի քանի անգամ քշել էի քաղաք, ու արդեն ոչ մի տարբերակ չկար կորելու։

    Ու էդպես հասանք քաղաք երկուսուկես ժամում՝ առանց քարտեզ բացելու, առանց կորելու, իրար հետ զրուցելով, առանց ձանձրանալու ու նկատելու, թե ինչքան արագ էդ երկուսուկես ժամն անցավ։ Ընդհանուր ես 38.7 կմ էի քշել, կոլեգաս՝ ևս 700 մ, քանի որ ինձնից 700 մ հեռու է ապրում։

    Իհարկե, անծանոթ քաղաքից տուն քշելը շատ ավելի հեշտ է, քան տնից անծանոթ քաղաք։

    Բայց այս ամբողջ պատմությունից հետևյալ հետևություններն արեցի. ես շատ վատ եմ մարդկանց «չէ» ասելուց (ասենք, սա նորություն չէր)։ Այդուհանդերձ, երևի դա չպիտի որպես թուլություն դիտարկվի, այլ որպես ուժեղ կողմ, որովհետև դրա արդյունքում կոլեգաս էլ հնարավորություն ստացավ հեծանիվով նույն ճամփան անցնելու (իսկ մենակով ուղղակի վախենում էր ու չէր անի), մենք էլ հաճելի զրուցեցինք։ Իհարկե, ես էլ, ինքն էլ եթե մենակով լինեինք, ավելի արագ կգնայինք, բայց արժե՞ր դա։ Արժե՞ր ինչ-որ մեկի ինչ-որ բան ապացուցելու համար զրկվել այլ մարդու ընկերակցությունից։ Մյուս հետևությունս այն էր, որ զանազան gps-ներն ուղղակի մեզ զրկում են մեր ամենակենդանական հատկանիշներից մեկից՝ տարածքում կողմնորոշվելուց։ Ու թե ինչքան լավ է, որ կարելի է առանց տեխնոլոգիայի զանազան տեղեր հասնել։ Երրորդ հետևությունս էլ այն էր, որ մենք, փաստորեն, մատնեմատով մտանք Կոպենհագեն։ Եթե միջնամատի ճանապարհի վրա դուրս գայինք, գուցե մի քիչ ավելի կարճ լիներ, բայց արժե՞ր արդյոք։

    Սրանք էլ Կոպենհագենի «մատները».

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (09.09.2023)

  12. #1193
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Երևանում ընտրություններ էին, իսկ Կոպենհագենում՝ կիսամարաթոն ու անմեքենա կիրակի, նաև արև ու ամառ, գուցե տարվա վերջինը։ Օպենհայմերի տոմսը հեռախոսիս մեջ՝ ոչ մի կերպ չկարողացա ինքս ինձ համոզել, որ կինո գնամ։ Գրեցի էրեխեքին, ասեցի՝ առանց ինձ գնացեք։ Ամուսինս էլ յոգայի էր գնացել։ Հեծանիվս վերցրի ու փորձեցի հասնել Նորեբրո։ Կիսամարաթոնով փակված փողոցները հատելով մի կերպ հասա Նորեբրոյի կենտրոնական խաչմերուկ, հեծանիվս կանգնեցրի ու նստեցի Նորեբրոգեյդի հենց կենտրոնում, որտեղ բազմաթիվ երեխաներ կավիճով նկարազարդում էին փողոցը։

    Չնայած որ անմեքենա կիրակին ամեն տարի լինում է, Կոպենհագենում ապրելուս էս բոլոր տարիների ընթացքում առաջին անգամ էր, որ մասնակցում էի։ Վերջին շաբաթներին առաջին անգամ էի մենակ։ Կյանքիս էս գլխապտույտ ընթացքում ոչ մի անգամ չէի հասցնում դադար վերցնել ու խորը շունչ քաշել։ Նույնիսկ այս երկու ժամերի ընթացքում, որ մենակ էի լինելու, գայթակղություն կար ընկերներիցս որևէ մեկին գրելու։ Ու իրականում վերջը Էնջըլին գրեցի, թե՝ գալի՞ս ես անմեքենա Նորեբրո։ Գրեց՝ Հելենային տանում ենք վակցինացիայի, տանենք, գանք։

    Ու Խորվաթիայից գնածս բլոկնոտս հանեցի Նորեբրոգեյդի կենտրոնում ու սկսեցի գրել։ Սկզբում ուզում էի նոր գործի վրա աշխատել, բայց դա էլ էր իրականությունից փախուստ լինելու։ Ստոպ տվեցի ու որոշեցի ուղղակի մտքերս լցնել էնտեղ՝ որպես օրագիր։ Լացեցի։ Վեր կացա, շարունակեցի քայլել՝ մտածելով գրախանութ հասնել։ Էնջըլը գրեց, որ խաչմերուկում են։ Հետ քայլեցի։ Պստիկ Հելենան եկավ վազելով։ Էնջըլն ու Յալտեն հոգնած էին։ Փոխանակվեցինք վերջին լուրերով։ Խորվաթիան ո՞նց էր։ Ե՞րբ եք Բրազիլիա գնում։ Գործդ ո՞նց է։ Ի՞նչ ես կարդում։ Ընթերցանության ակումբ գնալու՞ ես էս ամիս։

    Հանդիպեցինք մի զույգի, որ Հելենայի տարիքի երեխա ունեին։ «Մեր ծնողական խմբից են»,- ասաց Էնջըլը։ Էստեղ տեղին կլինի ասելը, որ Դանիայում ցանկացած մայր հենց երեխա է ունենում, նրան գրանցում են մայրերի խմբում, որ մոտավոր նույն ժամանակներում ու նույն թաղամասում երեխա ունեցած կանայք են, միասին հանդիպում են պարբերաբար, մայրության մարտահրավերները միասին հաղթահարում։ Ու քանի որ Կոպենհագենը բավական պրոգրեսիվ քաղաք է, այստեղ ծնողության խմբեր են, որոնց երկու ծնողներն էլ մասնակցում են՝ անկախ սեռից։

    Էնջըլին մի կողմ տարա, հարցրի, թե արդյոք զույգը քուրդ են։ Զարմացած նայեց ինձ, թե՝ ո՞նց իմացար։ Ասացի, որ կարծես տղամարդն ամուսնուս ընկերն է, դժվար նույն անուններով երկու տարբեր քուրդ կին-ամուսին լինեին։ Ասաց՝ հա, ֆեյսբուքում Մորթենն ընդհանուր ընկեր է, մտածում էր՝ ոնց է հնարավոր։

    Ասացի նրանց, որ Մորթենի կինն եմ։ Տղամարդն ասաց, որ Մորթենն իր հարսանիքին եղել է։ Հետո ինձ հիշեց. «Էդ դու՞ էիր այթիյուում տարիներ առաջ, որ ծանոթացանք»։ Հա, ես էի։

    Ու քայլում էինք բոլորով Նորեբրոգեյդի կենտրոնով։ Քաղաքը լրիվ մերն էր, անմեքենա, ծիծաղկոտ ու արևոտ։ Մեկ-մեկ ինձ թվում է՝ էսպիսի պատահականությունների համար եմ ապրում։

    Ճամփին Մոսիին տեսանք գործիս տեղից։ Երեկ էի հետը ծանոթացել treasure hunt-ի ժամանակ։ Երբ իմացա, որ հայ եմ, «Մոկաց հարսները» երգեց։ Այսօր հարցրի, թե մեջքը ոնց է։ Ասաց, որ համեմատաբար լավ։ Ու շարունակեցինք ներքև՝ դեպի Թագուհի Լուիզայի կամուրջ, դեպի լճեր։ Մորթենն էլ մեզ միացավ։ Նայեցի Կոպենհագենի մայր մտնող արևին, լճերի փայլուն ջրերին, Նորեբրոգեյդով վերուվար անող մարդկանց։ Կոպենհագենն իմ քաղաքն է, էստեղից ոչ մի տեղ չեմ գնա։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (18.09.2023)

  14. #1194
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ամբողջ ֆեյսբուքյան ֆիդն արցախցի ընկերներս են՝ իրենց օգնություն կանչելու աղաղակներով, կորած երեխաներին փնտրելով, այս կամ այն գյուղից կամ հարազատներից տեղեկություններ ստանալու փորձերով, վիրավոր ու սպանված երեխաների մասին տեղեկություններով։

    Ու ոմանք էս իրականության մասին պատմող լուրերն անվանում են «լալահառաչ» գրառումներ։

    Հայաստանի Հանրապետություն տեսնես կա՞։ Ու էդ հանրապետության իմաստը ո՞րն է, եթե հայերը մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ ցեղասպանվում են, ու հանրապետությունը ոչինչ չի անում, բացարձակապես ոչինչ։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (22.09.2023), Sambitbaba (24.09.2023)

  16. #1195
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ աշխատանքի հարցազրույցի էի։ Երևի էսքան տարօրինակ հարցազրույցի երբեք չեմ եղել։ Համ ես էի անպատրաստ, համ հարցազրուցավարները։ Պարզվում է՝ ես պիտի պրեզենտացիա անեի, ներկայացել էի առանց դրա (հանուն արդարության էդ ինֆորմացիան ինձ ուղարկվել էր հարցազրույցից 22 ժամ առաջ, ու աշխատանքի թոհուբոհում չէի նկատել)։ Իրենք էլ ներկայացել էին ոչ էն կազմով, որը գրված էր հարցազրույցի հրավերի մեջ։ Աշխատանքն էլի մեր ընկերությունում էր, բայց լրիվ ուրիշ բաժնում։ Չնայած դրան, հարցազրուցավարներից մեկը մեր թիմից երկու հոգու գիտեր։

    Ուրեմն ամբողջ հարցազրույցն ահագին ոչ ֆորմալ անցավ, կատակներով, ծիծաղելով։ Բայց ամենահետաքրքիրն էն էր, որ երևի կեսից ավելին ես էի իրենց հարցեր տալիս էն դեպքում, երբ սովորաբար հարցազրույցներում ես կա՜մ հարց չեմ ունենում, կա՜մ հազիվ մի հարց եմ տալիս ու բավարարվում։

    Իսկ հարցազրույցից հետո էնպիսի տարօրինակ զգացողություն էր։ Ինքս ինձ հարցնում էի՝ ուզու՞մ եմ էս աշխատանքը։ Ու ընդհանրապես նորից սկսվեց էկզիստենցիալ ճգնաժամը։ Ես էնքան նախանձում եմ էն մարդկանց, որոնք մի մասնագիտություն ընտրում են ու մինչև կյանքի վերջ մնում էդ մեկի հետ։ Էս նոր աշխատանքը հենց իմ նոր մասնագիտությամբ է, ավելին՝ առաջընթաց է, ավելի բարձր հաստիք, ավելի բարձր աշխատավարձ։ Բայց մեկ է, մի տեսակ ոնց որ սրտովս չլինի։ Ու չգիտեմ՝ էս պահին ինչը կլիներ սրտովս։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (26.11.2023)

  18. #1196
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակակից առողջապահության ամենաաբսուրդ կողմերից ա, երբ աշխատանքային սթրեսի պատճառով, որի սիմպտոմներից են գործից հետո գործից անջատվել չկարողանալը, զանգում ես հոգեկան առողջության հոթլայն, քեզ խորհուրդ են տալիս գործից անջատվելու համար կենտրոնանալ ներկայի վրա։ Որ կարողանայի, չէի զանգի, չէ՞։ Խորհուրդ ա տալիս ակտիվ սոցիալական կյանք ունենալ էն դեպքում, երբ հենց էդ ակտիվ սոցիալական կյանքն ա ինձ քամում, որովհետև հանգստանալու փոխարեն ինձ դեսուդեն եմ գցում, որ գործի մասին չմտածեմ։

    Իսկ մյուս աբսուրդ կողմն էն ա, որ գնում ես բժշկի, խնդրում քեզ հոգեբանի մոտ ուղարկի, որ մի կերպ ձգես մինչև նոր գործ ճարելդ, լրիվ վարի չգնաս, բժիշկդ ասում ա՝ դեռ լրիվ վարի չես գնացել, չեմ կարա ուղարկեմ։

  19. #1197
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն աշխատանքից, որի հարցազրույցին գնացել էի, մերժում ստացա։ Ավելի ճիշտ, խոսեցինք հեռախոսով ու իրար հասկացանք. իրենք ինձ չէին ուզում, ես իրենց չէի ուզում, թեև առաջարկեցին ամեն դեպքում փորձնական գնալ իրենց մոտ վեց ամսով։ Ասացի՝ չէ, բայց մտքիս մեջ պահեցի այս հնարավորությունը, որ եթե շեֆիս հետ իրավիճակը տանելիության բոլոր սահմանները հատի, վեց ամսով գոնե կցվրվեմ, մի քիչ շունչ կքաշեմ։

    Իսկ մինչ այդ ևս չորս հարցազրույց, որոնցից մեկն արդեն անցյալում է, մյուս երեքը հունվարին են։ Երբ նայում եմ էս չորս հաստիքներին, ամեն մեկը մի ուրիշ մասնագիտությամբ է, ու միայն դրանցից մեկն է հենց մեկից մեկ կրթությանս ու աշխատանքային փորձիս համապատասխանում (թեև այս դեպքում էլ վերջին երկու տարվա փորձս գործատուին շփոթեցրեց հարցազրույցի ժամանակ)։ Մեկն էլ ես առանձնապես չեմ ուզում, բայց ռեքրութերն էնպես էր չամռվել, որ որոշեցի փորձել, ու էլի «ավելի շատ ես եմ իրենց հարցաքննելու, քան իրենք ինձ» ոճի մեջ է անցնելու։

    Մենթորիս հետ վերջերս զրուցելիս ասացի, որ ես գեներալիստ եմ, մասնագիտանալն իմ բանը չէ։ Ասաց՝ որ եթե մինչև հիմա չեմ մասնագիտացել, չի նշանակում, որ չեմ կարող։ Չգիտեմ, երևի դեռ լավ չի հասկանում իմ բոլոր դարդերը։

    Երևի իմ աշխատանքային կյանքի ընթացքում մի բան եմ հասկացել. ինձ համար ամենակարևորը մարդիկ են։ Ու՞մ եմ ամեն օր տեսնում, ո՞վ է իմ ղեկավարն ու ի՞նչ արժեքներ է կրում։ Մնացած ամեն ինչը երկրորդական է։ Ու էդ ամենի վառ ապացույցն է, որ լրիվ նույն աշխատանքը մի շեֆի ղեկավարությամբ աշխարհի ամենահետաքրքիր բանն էր, ու լավ էլ տեխնիկական մանրամասների մեջ խորացել էի, իսկ նրա գնալուց հետո սկզբում ուղղակի ձանձրալի էր, հետո, երբ նոր շեֆը եկավ, կամաց-կամաց դժոխքի վերածվեց։

    2024-ի առաջին կեսի համար մենակ մի բան եմ ուզում. նոր աշխատանք։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.01.2024), Բարեկամ (29.12.2023)

Էջ 80 80-ից ԱռաջինԱռաջին ... 30707677787980

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •