Չգիտեմ՝ երբվանից եմ սովորություն դարձրել ամեն տեղ գնալիս հեծանիվս հետս քարշ տալ, նույնիսկ եթե ճամփի մեծ մասը գնացքով եմ անցնելու։ Անցյալ տարի Ռոբերտայի ծնունդին Օրհուսում ինձ ու Մորթենին ձեռ էին առնում հեծանիվ վարձելու համար, թե կոպեհագենցիքդ առանց ձեր հեծանիվների կյանք չունեք։ Դրա նախորդ օրն էլ Վայլեում Լիլիթենց էինք, ու մեր բախտն էինք անիծում, որովհետև վարձակալման հեծանիվ չկար էնտեղ։
Բայց մեկ էլ հիշում եմ էն ցուրտ դեկտեմբերը, որ հեծանիվս հետս քարշ էի տվել Կոպենհագենից Օդենսե, որ կայարանից Նարինեենց տուն դրանով գնամ։ Ձեռքերս սառում էին, հայացքս չէի կտրում GPS-ից, որտեղ դեպի նպատակակետ կիլոմետրերը գնալով փոքրանում էին։ Բայց դե մեկ ա, աշխարհի չափ ուրախ էի, որ ոչ մեկի նեղություն չէի տալու ինձ մեքենայով տանել-բերելու համար։
Երևի դրանից հետո էր, որ սկսեցի հեծանիվս հետս ամեն տեղ տանել։ Ու էդպես նաև հետս Հելսինոր էի հասցրել երեկ, որ կայարանից Անահիտենց տուն գնամ ու հետ. եղանակը չափից դուրս վատն էր, որ էնտեղից ամբողջ ճանապարհը քշեի Կոպենհագեն։
Անահիտենց մի կերպ հասա. համ դիքով դեպի վեր էր, համ ոսկրերը ծակող քամի կար, համ էլ չգիտեմ ոնց էր ստացվել, GPS-ն ինձ տարել, մտցրել էր անտառի մի կածան, որ հեծանվուղի չուներ, ու ձյուների միջով մի կերպ քշելով հասել էի։
Հետ գնալիս Անահիտը Նարինեին մեքենայով կայարան իջեցրեց, ես ասեցի՝ չէ, ես հեծանիվովս կգամ։ Հետդարձին չգիտեմ ոնց էղավ, GPS-ն ուրիշ ճամփով տարավ. նախ, անտառը նորմալ հեծանվուղով հատեցի, հետո կիլոմետրերի թիվն ավելի քիչ էր, պլյուս, բնականաբար, դիքով դեպի ներքև էր։ Ու էդպես շատ արագ հասա. երբ Նարինեն ու Անահիտը նոր-նոր հասել, կանգնել էին պլատֆորմին։ Անահիտը զարմացած թե՝ դու superwoman ես։
Ծիծաղեցի։ Իրականում ցանկացած հեծանվորդ գիտի, որ կարճ տարածությունների դեպքում մեքենայի ու հեծանվի տարբերությունը մեծ չէ, որոշ դեպքերում նույնիսկ հեծանիվն ավելի արագ է։ Բայց դե հաճելի էր էս շաբաթվա մեջ երկրորդ անգամ superwoman կոչվելը, էս անգամ՝ ընկերուհուս կողմից։
Մտածում եմ՝ չգիտեմ ինչքանով եմ իրականում superwoman կամ ոնց ա superwoman-ը սահմանվում, բայց հա, իմ անկախությունն ու ինքնուրույնությունն ինձ համար ամեն ինչ է, իսկ հեծանիվս՝ էդ ինքնուրույնության երաշխիքը։




Մեջբերել
Էջանիշներ