Ասում է՝ մենք բոլորս պիտի փորձեինք ու սխալվեինք, իսկ դու այնքան իմաստուն էիր, որ այդ ամենը վաղուց գիտեիր: Ես ասում եմ, որ «Մայրամուտից առաջ» ֆիլմի հերոսները հիմար են, որովհետև կառչում են անցյալի ինչ-որ մի օրվանից, իդեալականացնում այն ու դրա հետ կապում իրենց երջանկության բոլոր հնարավորությունները, որովհետև դրա անունը դնում են իսկական սեր ու չեն կարողանում միմյանցից հեռու երջանիկ լինել: Ես ասում եմ, որ անցյալից կառչել չի կարելի, իսկ սերը չի կարող ապրել, եթե չսնես: Իրարից հեռու առանց իրար հետ շփվելու, առանց իրար հետ ապրելու սնելու հնարավորություն չկա: Ուրեմն սեր չկա: Կա իդեալականացված ինչ-որ գիշեր, որն ավելի կախարդական ու ռոմանտիկ է դառնում, որովհետև օտար քաղաքում է:
Ասում է, որ նման կայծ մարդու կյանքում ընդամենը մի քանի անգամ է լինում: Ասում եմ՝ ճիշտ է, բայց բոլորովին պարտադիր չէ, որ դա սեր դառնա կամ նույնիսկ՝ ավելի հաճախ չի էլ դառնում: Հերթով հիշում եմ զանազան առաջին ռոմանտիկ պահեր իմ կյանքից: Ու պետք է լինում մոռանալ դրանց հաջորդած չստացվածության, անհաջողության զգացողությունը, որ դրանք որպես կախարդական զգացողություններ հիշեմ: Որն էլ շարունակություն չի ունեցել, պահվել է որպես «Մի անգամ», որպես մի քաղցր դրվագ իմ կյանքում, որը գիտեմ, որ չեմ վերադարձնելու:
Ես շատ չեմ սխալվել, որովհետև վաղուց գիտեի, թե ինչ եմ փնտրում: Ու հենց հասկանում էի՝ սա փնտրածս չէ, արագ անցնում էի առաջ: Ես միշտ ասում էի, որ ինքս ինձնով երջանիկ եմ ու մեկի հետ կլինեմ միայն այն դեպքում, երբ զգամ, որ ավելի երջանիկ եմ, քան ինքս ինձ: Շատերը կողքից նախատում էին, թե՝ տղամարդիկ չեն սիրում էսպիսի ու էնպիսի կանանց, քեզ էսպես ու էսպես պահիր, էս ու էն արա: Իսկ ես ասում էի, որ ինձ պետք չէ մի տղամարդ, որի սիրուն արժանանալու համար պիտի ուրիշ մարդ դառնամ: Երբեմն հույսս կորցնում էի՝ մտածելով, որ երևի շատ պահանջկոտ եմ, որ երևի պիտի մի քիչ ինձ փոխեմ ու հարմարվեմ մեկին, որը ցուցակիս բոլոր կետերին չի բավարարում: Բայց ինձ համար սերը ներդրում է, ու ես չէի ցանկանում դա սխալ մարդու մեջ անել:
Ինձ համար սերը Փարիզում թափառելն ու հետո այլևս երբեք իրար չտեսնելը չէ, ոչ էլ կամրջի վրայի համբույրը կամ անվերջ գրվող երգերն ու բանաստեղծությունները: Սերն ինձ համար տառապանք չէ: Տառապանքը կպչունություն է, ոչ թե սեր: Սերն ինձ համար երկնքից աստղեր իջեցնելը չէ, ոչ էլ տեսակ-տեսակ խոստումները:
Սերը քո թխած ու գործի տեղս հասցրած շոկոլադի տորթն է, որ դասիցս հետո ու գործնական հանդիպումից առաջ ուտեմ: Սերը քո ձեռնոցներն են քո ձեռքերի սառելու հաշվին, որպեսզի իմերը չմրսեն: Սերն առանց քշել իմանալու անվաչմուշկների վրա կանգնելն է, որովհետև գիտեմ, որ դու ինձ բռնել ես, ու չեմ ընկնի: Սերը մերժված հոդվածից հետո քեզ զանգելն ու սառը դատողությունդ լսելն է: Սերը մեր միջև վստահությունն է:
Ու չգիտեմ՝ ինչու առողջ սիրո մասին երգեր չեն գրվում ու կինոներ չեն նկարահանվում:
Սերը որոշում է: Ամեն օր որոշում եմ սիրել քեզ:


Մեջբերել

Էջանիշներ