Ինձ թվում ա՝ կյանքիդ որոոշակի հատված, թեկուզ մինի տարբերակով, պիտի անպայման վերապրես, որ վերագնահատես դա, հասկանաս, թե ինչ կարևոր ճանապարհ ես անցել:
Էնքան տարօրինակ ու նաև հաճելի ա մի տարի առաջ ավարտածս կյանքին մի քանի օրով վերադառնալը: Ու էս ամենի հետ վերջապես հասկանում եմ, որ էդ երկու տարիները, որոնք ժամանակին կենսագրական սխալ եմ կոչել, իրականում իմ կյանքի ամենակարևոր ու ամենաորոշիչ տարիներն են եղել:
Սրջանը կամրջի վրայից տեսավ ինձ, վազելով իջավ, ու պինդ գրկեցինք իրար: Մի տարուց ավելի էր, ինչ իրար չէինք տեսել: Անսովոր էր նորից հանդիպելը: Փորձեց հոլանդերեն խոսել հետս: Դանիերեն էի պատասխանում:
- Մոռացել ես հոլանդերենը,- ասում է:
...
Ես էն ժամանակ առիթ չեմ ունեցել Սիլվիային ասելու, թե ինչքան կարևոր դեր ա ունեցել թեզս գրելիս: Իսկ երբ երեկ տեսա, պինդ գրկեցի, բաց թողնել չէի ուզում: Ինքն էլ թե՝ ընկերուհուդ էդ ինչե՞ր ես ասել իմ մասին, ես էդքան խելոք չեմ: Անընդհատ աչքերս լցվում են, երբ անցյալ տարվա մասին եմ խոսում:
- Եթե դու չլինեիր, ես ծրագիրն ավարտողը չէի,- ասում եմ:
- Էլ մի, դու շատ խելացի ես, հաստատ տակից դուրս կգայիր: Ես ի՞նչ եմ արել որ:
- Հլը հիշի ինչ վիճակում էի: Մենակ գիտական ներդրումդ չէր: Հոգեբանորեն օգնում էիր, որ չկտորվեմ:
Ժպտում է: Իր աչքերն էլ են լցվում:
...
Վանիային ու Ադրիային առաջ չէի սիրում: Էս օրերին նոր լույսի տակ տեսա նրանց, նորովի ճանաչեցի: Երկուսն էլ ահավոր լավն են: Կես տարի իրար հետ սովորել ենք, դասի նստել, բայց համարյա չենք ճանաչել իրար: Ինձ համար նրանք ամբիցիոզ կրծողներ էին: Հիմա տեսնում եմ, որ հումորով հասարակ ու հավես մարդիկ են: Թե՞ այլևս ներլսարանային մրցակցություն չկա, դրա համար ուրիշ կերպ եմ ընկալում նրանց:
...
Բաստիանզեն հրաշալի պրեզենտացիաներ ա տալիս: Որպես դասախոս էլ շատ լավն էր, չեմ ժխտում: Էսօրվա ելույթից հետո զգացի, որ անկախ ամեն ինչից իրեն շատ եմ սիրում: «Ես իրա նկատմամբ Ստոկհոլմի սինդրոմ ունեմ»,- ասում եմ Սրջանի ականջին:
...
Սերինեի հետ անկյունում նստած հայերեն եմ քչփչում:
- Անսովոր ա էս կոնտեքստում իրար տեսնելը,- ասում եմ,- ու համ էլ հայերեն խոսելը,- մեկումեջ ավտոմատ անցնում ենք անգլերենի: Այ էդ աստիճանի անսովոր ա ակադեմիական թեմաներ հայերեն քննարկելը:
Ու մեկ էլ նայում եմ բոլոր հավաքվածներին՝ մոտ հարյուր հոգի: Մեծ մասը Բաստիանզեի ձեռքի տակով անցածներ են: Գրողը տանի, հրաշալի բան ա: Էս կինն աֆազիոլոգիայի մի ամբողջ դպրոց ա ստեղծել, մի քանի սերունդ դաստիարակել: Ու անկախ ամեն ինչից երևի պիտի հպարտ լինեմ, որ թեզիս ղեկավարն ինքն ա եղել:
Էջանիշներ