Նենց հետաքրքիր ա... Երևանում իմ յոգայի դասատուն իսկապես շատ լավն էր, որոշ տեսանկյունից նույնիսկ ամենալավը իմ ունեցած բոլոր դասատուներից: Այսինքն, կային լիքը կարևոր բաներ, որ ինքը գիտեր ու ասում էր, մինչդեռ Հոլանդիայի դասատուներս կա՛մ չգիտեին, կա՛մ գիտեին ու չէին ասում, մինչև չէիր հարցնում: Հիշում եմ՝ Հոլանդիայում թռչնի դիրքի վրա ինչքան եմ տանջվել, մինչև սկսեցի կարողանալ երկու-երեք շունչ պահել: Էդ տանջվելու ընթացքում դասատուներս մոտենում, ասում էին՝ դուխդ չգցես: Խորհուրդ էին տալիս ծնկները հնարավորինս վերև դնել թևերի վրա: Իսկ օրինակ Երևանի դասատուս մի երկու նախապատրաստական դիրք էր անել տալիս, որից հետո թռչնի դիրքը վայրկենական ստացվում էր, ու ահագին երկար պահում էի:
Ինչ խոսք, Երևանի դասատուս էդքան փորձառու չէր, չուներ էն ֆիզիկական տվյալները, որոնք Հոլանդիայի դասատուներս ունեին (դե նրանք սաղ կյանքը եթե ոչ յոգայի, ապա գոնե սպորտի կամ պարի մեջ են եղել), ու անցումներն էլ շատ սահուն չէր անում: Բայց դե վերջին թերությունից ունեն գրեթե բոլոր դասատուները, մենակ Հոլանդիայում Ջինան էր, որ սահուն էր անցնում (երևի պարուհի լինելու արդյունքն էր):
Ինչևէ, ի՞նչ էի էսքան երկար-բարակ գրում: Ուրեմն Երևանում յոգայի դասերից հետո միշտ վատ էի լինում: Ֆիզիկապես չէ: Մի տեսակ դեպրեսիա էր սկսվում մոտս: Չնայած դասս բավական ուշ ժամի էր վերջանում, երբ դուրս էի գալիս ու հասկանում, որ տուն պիտի գնամ, սիրտս վատանում էր: Դրա համար միշտ աշխատում էի որևէ բան պլանավորել դասից հետո: Բացի դրանից, յոգան դադարել էր առաջնահերթություն լինելուց. եթե ուրիշ բան էր լինում էդ օրը, պատրաստ էի քենսըլ անել, դասի չգնալ (իսկ Հոլանդիայում հակառակն էր):
Ինչ Կոպենում սկսել եմ յոգայի դասերը, զգում եմ, որ առաջվա ազդեցությունն է թողնում. դասից դուրս եմ գալիս հանդարտված, նյարդերս անջատած ու երջանիկ: Ճիշտ այնպես, ինչպես Հոլանդիայում էր: Ու մտածում եմ՝ ինչու է այսպես:
Էջանիշներ