Հետաքրքիր պատկեր եմ նկատել. լարվածությունս իր գագաթնակետին է հասնում երկուշաբթի օրերը: Հետո կամաց-կամաց նվազում է, շաբաթ-կիրակի անհետանում է, որ երկուշաբթի նորից թափ առնի: Դա, իհարկե, բացատրություն ունի: Ամեն երկուշաբթի աչքերս բացում եմ՝ հասկանալով, որ այդ շաբաթ էլ եմ դեռ Հայաստանում լինելու, լարվում եմ անորոշությունից, հույս փայփայում, որ գոնե այդ շաբաթ վիզայիցս լուր կստանամ: Իսկ երբ գալիս է ուրբաթ երեկոն, անհանգստանալու կարիք չի լինում. միևնույն է, շաբաթ-կիրակի ոչ ոք պարապ չի մնացել, որ գործովս զբաղվի: Մնում է ուղեղն անջատել ու կյանքը վայելել:
Այս շաբաթ Երևանում լիքը հետաքրքիր իրադարձություններ կան: Այնքան շատ են, որ չգիտեմ՝ որին կհասցնեմ գնալ, որին՝ ոչ: Անցյալ շաբաթ Երևանը նորովի բացահայտեցի, սկսեցի սիրել այստեղի կյանքը, ափսոսացի, որ գնում եմ: Ինձ թվաց՝ բոլոր քաղաքներից գնացել եմ հենց այն ժամանակ, երբ սկսել եմ հարմարվել, երբ վերջապես կյանք եմ ստեղծել ինձ համար: Հետո հասկացա, որ բոլորովին էլ այդպես չէ, այլ ինչքան շատ եմ զգացել, որ հեռանալու ժամանակը մոտենում է, այնքան ավելի եմ գնահատել այնտեղ անցկացրածս յուրաքանչյուր րոպեն: Գուցե այդ իմաստով ճի՞շտ է վեց ամիսը մեկ բնակավայր փոխելը: Վեց ամիսը մեկ բաժանում, վեց ամիսը մեկ տրավմա, վեց ամիսը մեկ հիշողությունների մի նոր կույտ: Այդ տեսանկյունից Կոպենհագենն ինձ վախեցնում է. ինչպե՞ս եմ երեք տարի դիմանալու այնտեղ:
Երևանի կյանքս սկսել եմ գնահատել, ուրեմն իսկապես եկել է գնալու ժամանակը, իսկապես քիչ է մնացել: Այս շաբաթ երևի վիզայիցս լուր կստանամ:


Մեջբերել
Էջանիշներ