Սրտաբանականի կանգառից Նորքի հոգեբուժարան ոտքով ուղիղ տասը րոպե է: Վերջին ինը և մի քիչ ավելի տարիների ընթացքում շատ եմ հետ ու առաջ արել այդ ճամփով, երբեմն՝ ոչ ամբողջությամբ, հրաժարվելով հասարակական տրանսպորտից, ոտքով իջնելով քաղաք: Ու հենց էդ ճանապարհին էր, որ իմ ամենագունեղ երազանքները փշուր-փշուր եղան, արցունքների վերածվեցին, իսկ հետո դարձան որոշում. ես այստեղ չեմ ապրելու:
Այսօր անցնում էի այդ ճամփով ու ինձ բռնացնում, որ նոր երազանքներ եմ կառուցում, նոր մտքեր են ինձ այցելում: Ստոպ: Սա դրա տեղը չէ:
Նորքում ոչինչ չէր փոխվել. բակում պառկած էր նույն գզգզված շունը, ցանկապատից այն կողմ այծեր էին արածում, պահակակետի շուրջ քմահաճ սիրամարգն էր պտտվում, ու նույն պահակը հետևում էր մտնող-դուրս եկողին: Քիչ այն կողմ ուսանողներն էին խալաթներով կանգնած տաքանում արևի տակ: Այգում մի քանի հիվանդներ էին զբոսնում:
Նույնն էր նաև սպիտակ շենքը: Ամեն ինչ իր տեղում էր մնացել: Եկել էի Զառային տեսնելու: Զրուցեցինք ահագին դեսից-դենից, մի քիչ մասնագիտական թեմաների անցանք: Հետո հանկարծ ուզեցի ամբիոն բարձրանալ: Հաստա՞տ: Զառային ասացի, որ կգնամ, կտեսնեմ՝ ով կա-չկա, հետ կգամ:
Դուրս եկա սպիտակ շենքից, քայլերս ուղղեցի դեպի հիմնական շենքը: Զգացի, որ ներքուստ լարվում եմ: Աստիճաններին ստիպված եղա կանգ առնել, մի քիչ շունչ քաշել: Ճիշտ նույն զգացողությունն էր, որ ունեցել եմ 2009-ի սեպտեմբերին՝ առաջին անգամ կլինիկական օրդինատուրա գալիս: Լարվածություն, սրտխփոց, շնչահեղձություն: Միայն թե այս անգամ աջ ձեռքումս կլինիկական օրդինատուրա ընդունվելու փաստաթուղթ չկար:
Մտա ամբիոն, որտեղ ավելի քան երկու տարի էր, ինչ չէի եղել: Պատերը սառն էին, օտար: Լռություն էր տիրում: Երազեցի, որ մարդ չլինի, վերադառնամ սպիտակ տուն, Զառայի հետ դուրս գամ: Մարդ կար: Էլենն էր այնտեղ՝ իմ հոգեբուժության դասախոսը, ու նաև Նարինեն՝ իմ օրդինատուրայի ղեկավարը: Զրուցեցինք մի քիչ: Այս մարդկանց մի ժամանակ շատ էի սիրում: Կարծում էի՝ հիմա էլ եմ շատ սիրում: Ու երևի կսիրեի, եթե ժպիտների տակ քողարկված սառնություն չզգայի: Անընդհատ ինձ հարցնում էի՝ ինչու՞ եկա:
Կարծում էի նաև, որ Նորքն իմ սիրելի տեղն է Երևանում: Բայց ինչպե՞ս կարող է պատահել, եթե այնտեղ են անցել իմ կյանքի ամենածանր պահերից մի քանիսը, ինչու՞ պետք է սիրեմ, երբ ամեն անգամ այդ տարածքով անցնելիս վերապրում եմ անցածը: Այսօր էլ վերապրեցի: Տուն եկա ինքս ինձ խոստանալով այլևս երբեք այնտեղ չգնալ: Այսօրվա սթրեսը դեռ շատ թանկ կնստի ինձ վրա:




Մեջբերել
Էջանիշներ