Վարսավիրանոց մտնելը մի մեծ մարտահրավեր է: Ամեն անգամ ոտքդ ներս դնելիս մտածում ես՝ դուրս կգա՞մ արդյոք հնարավորինս իմ ուզած տեսքով: Ու չնայած ամեն անգամ էնտեղ գնալիս նպատակդ ընդամենը մազերդ մի քանի սանտիմետրով կարճացնելն է, այն պահին, երբ վարսավիրն արդեն հանում է ուսերիդ գցված թիկնոցը, հայելու միջից քեզ նայում է բոլորովին անծանոթ մեկը: Հաղթում ես դու, եթե հնարավորինս քիչ փոխզիջման ես գնացել: Հաղթում է նա, եթե կարողացել է քեզ իր ուզած տեսքը հաղորդել:
Վարսավիրը քեզ լիքը անծանոթ բառերով կամ հասկացություններով հարցեր կտա, որոնց բոլորին «չէ» կպատասխանես, որպեսզի խուսափես հնարավոր այլանդակումից: Բայց ամենասկզբում կփորձի պարզել, թե ինչ կտրվածք ես ուզում:
- Ուղղակի կարճացրեք,- կպատասխանես,- ուսերիցս:
- Շերտեր անե՞մ,- կհարցնի:
- Չէ,- կասես, որովհետև տարիներ առաջ, երբ դեռ լավ չգիտեիր, թե դա ինչ էր, ասել էիր «հա» ու մի քանի տարի շարունակ շերտերի ձեռքին կրակն ընկել՝ վեց ամիսը մեկ վարսավիրանոց վազելով ու փորձելով հավասարեցնել մազերդ:
- Շերտեր անե՞մ,- նորից կհարցնի:
- Չէ, - կկրկնես:
Խըրթ-խըրթ, կշարունակի կտրել:
- Բայց էս մասը կարճոտ ա, շերտ պիտի անեմ:
- Լավ,- կհանձնվես, չնայած կնախընտրեիր, որ մնացած մասերն էլ կարճացներ ու բերեր «էս մասի» երկարության:
Իսկ հետո կգա ամենադաժան պահը, երբ պիտի գործադրես դիվանագիտական ողջ հմտություններդ ու առանց վարսավիրին վիրավորելու համոզես, որ հնարավորինս բնական թողնի քեզ:
- Ֆենու՞մ եմ:
- Չէ:
- Ուղիղացնելով չորացնե՞մ:
- Չէ,- նայում ես պատուհանից դուրս դեռ առավոտից տեղացող ձյանը: «Գոնե շուտ չկտրվի»,- մտածում ես՝ կանխազգալով մոտալուտ այլանդակումը:
- Բա ո՞նց անեմ:
- Խուճուճ թողեք:
- Ծայրերին մուս քսե՞մ:
- Չէ,- դու փոքրուց տանել չես կարողանում մազերիդ մեջ որևէ արհեստական նյութի առկայություն:
- Ուղղակի պահեմ, չորանա՞:
- Հա:
Ակրոբատիկ շարժումներով ֆենն էնպես է տարուբերում, որ մազերդ ուռում, դեզ են դառնում: Գրողը տանի, ո՞նց կարողացավ: Ախր տանը դու միշտ ֆենը պահում ես թաց մազերիդ ու սիրուն խուճուճներ ստանում: Ո՞նց էսպես դեզ սարքեց:
- Մի քիչ «չգիտեմինչ» անեմ,- ու չես հասկանում նրա օգտագործած տերմինը, բայց արդեն գիտես, որ շատ ուշ է: Պիտի համաձայնես, որովհետև գիտես, որ այս մի «չէի» արդյունքում դեզը գլխիդ ես դուրս գալու:
- Լավ:
- Էս էլ ա խուճուճ,- հանգստացնում է ու պահարանից մի հսկայական սանր հանում, սկսում մազերիդ ծայրերը կլորացնել:
Անջատում է ֆենը: Մնացածը ձեռքով է հարդարում:
- Ձեզ էսպես էլ է սազում,- իրենից գոհ հայտարարում է:
Նայում ես հայելու մեջ ու սարսափած նկատում 70-ական թվականներից փախած քառասունին մոտ մի կնոջ: Հայացքդ թեքում ես դեպի պատուհանը: Ձյունը կտրվում է: Գրողը տանի:




Մեջբերել
Էջանիշներ