Գրելու անհաջող փորձս ու այն աղջիկը, որի անունը չիմացա
Պարապելու անհաջող փորձերից հետո վերցրի նյարդաբանության տետրս, որովհետև դա միակ հնարավոր գրելու տարածքն էր պայուսակիս մեջ, մի գրիչ ու լուռ քայլեցի դեպի բուֆետ: Մտածեցի՝ կնստեմ իմ սիրած բարձր աթոռներին, շերտավարագույրի շերտերն իրարից հեռու կտանեմ, արանքից կհետևեմ գնացող-էկողին ու կգրեմ, թեկուզ դրանից առաջ ընթերցասրահում փորձել էի մի քիչ խզբզել, բայց առաջին նախադասությունից հետո ջղայնացել, ճմրթել, շպրտել էի սեղանիիս անկյունին:
Բայց հաշվարկներս մի քիչ սխալ դուրս եկան, որովհետև դասամիջոցի ժամ էր, և բուֆետը լիքն էր: Մտածեցի՝ շուտով կդատարկվի, ու կկարողանամ մտքերիս հետ մենակ մնալ:
Մեկին խնդրելով, որ աթոռն իր պայուսակից ազատի՝ վերցրի կոլայիս շիշը ու թառեցի, իսկ վաճառողուհին հետևիցս կանչեց, ասաց. «Բա ձողիկ չե՞ս ուզում»: Մինչև հիմա չեն սովորել, որ ես կոլան անմիջապես շշից եմ խմում. ձողիկը համը փչացնում է:
Լուռ նայում էի դուրս: Լիքը մարդիկ էին գնում-գալիս, մի մասը ծանոթ, մյուսները՝ ոչ: Սպասում էի, թե երբ պիտի կողքս դատարկվի, որ հանգիստ տետրս բացեմ: Մեկ էլ լսում եմ.
- Ու՜ֆ, ստեղ հաց ուտել չի ըլնում: Սաղ քեզ են նայում:
Այդ պահին նկատեցի ինձնից աջ նստած աղջկան, որը երևում է՝ զրույց էր փնտրում: Դիմացը սուրճի կիսադատարկ բաժակ էր դրված, բայց ուտելիքի հետք չէր էլ երևում:
Մտածեցի՝ վերաբերման զառանցանք ունի. արժե հետը մի քիչ խոսել:
- Ո՞ր կուրս ես:
- Երկրորդ: Իսկ դու՞:
- Վեցերորդ:
- Վա՜յ, արդեն օրդինատո՞ր ես:
Չգիտեր, որ օրդինատոր դառնում ես վեցերորդն ավարտելուց հետո:
- Չէ՛, դեռ ուսանող եմ: Ավարտում եմ:
- Բա ո՞ր ֆակուլտետից ես: Ստոմի՞ց ես, թե՞ բուժից:
Չգիտեր, որ ստոմերը վեցերորդ կուրս չունեն: Ավելին՝ չգիտեր նաև, որ իրենց սերունդն արդեն չորրորդով է ավարտելու:
- Բուժ:
- Բա ի՞նչ մասնագետ ես:
Չգիտեր, որ մասնագիտությունն ավարտելուց հետո են ընտրում:
- Հոգեբուժություն:
Դեմքին չափից դուրս լուրջ արտահայտություն տալով մեծավարի ասաց.
- Լսի, քեզ խորհուրդ չէի տա հոգեբան դառնալ: Երևանում էտի անիմաստ ա:
Արդեն հոգնել եմ մարդկանց բացատրելուց, որ հոգեբանությունն ու հոգեբուժությունը տարբեր մասնագիտություններ են, բայց ամեն անգամ, երբ մեկը սխալվում է, համբերատար կերպով բացատրում եմ: Իսկ էս դեպքում լռեցի. զգացի, որ անիմաստ է:
- Հա՛, գիտեմ: Ուզում եմ արտասահման գնալ:
- էտ ուրիշ հարց:
Լռություն: Սպասում եմ, որ գնա: Դասամիջոցն ավարտվում է:
- Լսի, դու կո՞ղմ ես, որ հարսանիքին աղջիկը ծաղիկը բռնում ա, հետո ամուսնանում ա:
- Չէ՛, էդ սուտ ա: Շատ դեպքեր գիտեմ, որ բռնել են, բայց չեն ամուսնացել:
- Կարող ա ձեռներից բաց են թողել:
Լռություն: Մինչ ես պատուհանից դուրս եմ նայում, նա իր երկու հեռախոսներով կա՛մ ադնակլասնիկ է մտնում, կա՛մ զանգում:
- Իմացե՞լ ես: Հնդիկ ա մեռել,- մեկ էլ սկսեց:
- Հա՛, տեսա նկարը: Կարո՞ղ ա իմանաս ինչից:
- Աբշիռնի ինֆարկտ ա ստացել: 22 տարեկան էր:
- Ը՛խք, էս աղջկանից զզվում եմ:
Շուռ եմ գալիս, տեսնեմ՝ էդ ումի՞ց է զզվում:
- Էդ մեկը չէ, կողքինը:
- Բա ինչու՞ ես զզվում:
Մի քանի վայրկյան լռեց. պատասխան էր փնտրում:
- Բամբասկոտ ա,- վերջապես գտավ:
Նորից լռություն:
- Լսի, գինեկալագիչըսկի ընտրի կամ էլ էխո կամ էլ խիռուռգիչըսկի… Չէ, էդ մեկը երևի չես կարա:
- Գինեկոլոգիա չեմ ուզում. չափից դուրս շատ են ցանկացողները, տեղ չկա:
Ու պատկերացրի ինձ ներզննում անելիս: Սիրտս խառնեց: Դեռ չեմ մոռանում այն օրը, երբ առաջին ու վերջին անգամ ներզննում կատարելուց հետո մատս հանեցի հիվանդի հեշտոցից, և թարախոտ էր: Որպես պարզաբանում ասեմ, որ ձեռնոցով էի, բայց, միևնույն է, զզվելի էր:
- Բա էխո՞: Նստածդ տեղը լիքը փող կառնես:
- Հա՛, գիտեմ, բայց չեմ ուզում. չափից դուրս թեթև ա:
- Թեթև՞: Նստածդ տեղն էնքա՜ն կառնես:
Այդ պահին հասցրի ուսումնասիրել նրան. թմբլիկ, լավ հագնված աղջիկ էր: Էնքան էր քսվել, ոնց որ տոնահանդեսի գնալուց լիներ: Դեմքի վերին կեսն ամբողջովին փայլեր էին: Կասեք՝ հայ աղջիկները միշտ էլ էդպես են քսվում: Չէ՛, էս մեկն ավելի շատ էր տենց քսվել, քան սովորաբար: Իսկ մազերի արմատներն ավելի բաց էին, քան ծայրերը:
- Բա վեց տարվա սովորածս ափսո՞ս չի, որ գնամ էխո:
Երևի չհասկացավ, թե ինչքան թանկ էին ինձ համար այն գիտելիքները, որոնք ձեռք էի բերել այս ընթացքում, որ նույնիսկ լավ փող աշխատելու գնով դրանցից չէի հրաժարվի:
Նորից լռություն: Դասամիջոցն ինչքան ուժ ուներ, վերջացել էր: Բուֆետը դատարկվել էր:
- Ը՛խք, հավես չունեմ դասի գնալու:
- Ի՞նչ դաս ա:
Մտածեց. պատասխան էր փնտրում:
- Փիլիս: Էդ դասախոսն էլ էնքան ուշ ա գալիս:
Զանգեց ինչ-որ մեկին.
- Կասես ինձ «բացակա» չդնի. գալու եմ:
- Դասախոսդ ո՞վ ա,- հարցրի:
- Մի հատ կնիկ:
- Իսկ մեզ Ֆելիքսն ա տվել, հիմա ստեղ չի աշխատում: Նենց խիստ էր:
Ու նույն պահին հիշողություններով տեղափոխվեցի դեպի առաջին կուրս… Ֆելիքս Կարապետյանը, որից բոլորը սարսափում էին, որը խոստացել էր երեք բանավոր պատասխանի դեպքում ստուգարքը մեխանիկորեն դնել: Շատերն էին փորձում պատասխանել, բայց հենց Ֆելիքսը տեսնում էր՝ ուսանողը չի մտածում, բացասական էր դնում, ընդ որում դա կարող էր տատանվել 0-4 միջակայքում: Հիշեցի նաև առաջին անգամ «դասից թռնելը», որը Ֆելիքսի լեկցիայից էր. ես, Ժաննան ու Մարիան գնացել էինք պոնչիկանոց: Իսկ գործնականի ժամանակ Ֆելիքսն ինձ նախատեց, որ թռել էի լեկցիայից, ասաց. «Երեք գնահատականդ ստացել ես, էլ չե՞ս ուզում գալ»: Ու հիմա ցավում եմ, որ սովորածս փիլիսոփայությունից ոչինչ չի մնացել:
- Ը՛խք, ուզում եմ զուգարան գնամ, ալարում եմ:
- Ես էլ պիտի գնամ պարապելու, ալարում եմ:
Զգացի, որ գրելուս փորձը ձախողվեց:
- Դե լավ, ես գնացի պարապելու:
- Չիտալկայու՞մ:
Չնայած սպասում էի, որ դեմքին զզվողի արտահայտություն կտա, բայց չէ…
- Գնացինք:
Նա քայլեց դեպի զուգարան, ես՝ ընթերցասրահ:
Էջանիշներ