Ու ես կսուզվեմ-կսուզվեմ…
Երբ անձրև էր գալիս, չէի ուզում վազել, թաքնվել: Եվ թրջվեցի, ու մինչև հիմա զգում եմ ոտքերիս սառնությունը, որովհետև պապիկս ջեռուցումն անջատել է. ապրիլ է: Հեռվից կլսեմ իմ ուրախ կչկչոցն ու անձրևի կտկտոցը, իսկ փողոցները՝ դատարկ, մարդիկ՝ այս ու այն ծածկի տակ պատսպարված:
Այն երկար-բարակ, անտանելի խառը երազներս իրականության շարունակությունն են, իսկ առավոտը հաջորդում է երազիս: Ես սովորականից ուշ կբացեմ աչքերս, որովհետև ժամանակ է պետք հեռավոր երկրներից իմ անկողին վերադառնալու համար: Ո՞վ ասաց, թե ես գիշերները չեմ ճամփորդում: Կարող ես ստուգել, թաքուն բացել սենյակիս դուռը: Կտեսնես ինձ՝ մռութս բարձի մեջ թաղած, վերմակով մենակ քամակս ծածկած, անուշ քնած: Բայց դու չգիտես, որ այդ պահին սարերի գագաթներ եմ նվաճում, սուզվում ծովի հատակը, պառկում ավազի մեջ, ջունգլիներում կորում, քամու հետ կռվում: Բայց ես մենակ չեմ: Տեսնում եմ նրանց, ովքեր, ի տարբերություն քեզ, հա՛, հենց քեզ, չեն վախենում մի գիշերում աշխարհ կտրելուց:
Եվ առավոտն իմ ճամփորդության շարունակությունն է, իսկ ցերեկը՝ վերջակետը անձրևի մեջ: Տե՛ս՝ մատներիս վրա նստել է կաթ-կաթ… Կսրբեմ, ու կջնջվի, կվերանա, իսկ ես կամ, ապրում եմ: Դու անձրևի կաթիլ ես:
Սա քո մասին է, բայց դու չես, ստեղծածդ տրամադրությունն է…
Էջանիշներ