Էսօր Սիլվիայի ու Մարիայի հետ գարեջրվելու էի գնացել: Աշխարհի բոլոր թեմաները քննարկելուց հետո սովորության համաձայն հասանք տղամարդ-կին հարաբերություններին: Մարիան էլ, Սիլվիան էլ սինգլ են: Երկուսն էլ ասում են, որ էդպես ավելի հեշտ ա, երբ չգիտես՝ վաղը որ երկրում կլինես: Էնքան հետաքրքիր ա. հենց էս պատճառով հարաբերություն ունենալը ես ոչ թե թերություն եմ համարում, այլ առավելություն, որովհետև միշտ ուզեցել եմ, որ աշխարհագրությունս սահմանափակվի, որ որևէ երկիր գնալու կամ էնտեղ ապրելու միակ պատճառս գործ ճարելը չլինի:
Հետո սկսեցի մտածել, թե ինչքան հաճախ են սինգլները փորձում մյուսներին համոզել, որ դա ա ճիշտ ապրելակերպը, հարաբերություն ունեցողները՝ որ կողքին մեկին ունենալն ա ճիշտ: Կախված մշակույթից, կրթությունից ու անհատական առանձնահատկություններից դա արվում ա հիստերիկ չամռվելուց ու քեզ ինքնախաբեությամբ զբաղվող անվանելուց մինչև «ես կարծում եմ, որ ինձ համար լավագույն տարբերակը սա ա» ձևակերպումներով, բայց դե բովանդակությունը նույնն ա: Ու երևի պատճառ կար, որ Լոբստեր կինոն ստեղծվել ա:
Նենց հետաքրքիր ա, որ էս հարցերում մարդիկ մտածում են, թե իրենց կարգավիճակն ա ճիշտը: Ես երկուսում էլ եղել եմ, եղել եմ նաև զանազան-զարմանազան միջանկյալ կարգավիճակներում: Միջանկյալները միանշանակ սխալ եմ: Բայց եղել եմ երջանիկ սինգլ ժամանակ: Ու երջանիկ եմ նաև հիմա, երբ հարաբերություն ունեմ: Իհարկե, ինձ համար հարաբերությունը երբեք գերնպատակ չի եղել, այլ եղել է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, այսինքն՝ կա՛մ պիտի ունենամ էնպիսի հարաբերություն, որ սինգլ կյանքս չկարոտեմ, կա՛մ պիտի ուղղակի սինգլ մնամ: Ու հիմա, երբ գտել եմ էն մարդուն, որի հետ եղած ժամանակ ոչ մի վայրկյան չեմ կարոտում սինգլ կյանքս, ինչու՞ պիտի ուզենամ նորից սինգլ լինել:
Ինձ թվում ա՝ ամենաճիշտ բանն ուղղակի երջանկությունն ու ռոմանտիկ կարգավիճակն իրար հետ չկապելն ա: Եթե մեկը մտածում ա, որ հենց մեկին ճարի, երջանիկ կլինի, հաստատ սխալվում ա: Ու եթե մտածում ա՝ հենց մեկից բաժանվի, երջանիկ կլինի, էլի սխալվում ա: Երջանկությունն ինչ-որ բանի առկայությամբ կամ բացակայությամբ պայմանավորված չի: Էս էլ պատասխան էս վերջերս ֆեյսբուքում շրջող երկար-բարակ քննարկումներին:




Մեջբերել
Էջանիշներ