StrangeLittleGirl-ի խոսքերից
Տարիներ առաջ Սիլվիան ինձ խորհուրդ էր տալիս սովորել ինքս ինձ ցույց տալ ու գլուխ գովել: Երևի մագիստրոսական թեզիս տեքստում ինչ-որ չափով կարողացա, որ «գերազանց» ստացա: Բայց այն ժամանակ չգիտեի, որ տարիներ անց այս խորհուրդն աղմկոտ կերպով շրմփալու է դեմքիս, ու ես սուսուփուս փակվելու եմ գրասենյակումս՝ չիմանալով ինչ անել:
Մոտ երեքուկես տարի առաջ մեր ամբիոնում հիմնադրվեց այս փոքրիկ գիտական խումբը՝ բաղկացած երկու պոստդոկից, երկու PhD-ից և մեկ դոցենտից՝ որպես խմբի ղեկավար: PhD-ներից մեկը մի տարի անց կիսատ թողեց, մնացինք երեքով: Կողքից զանազան ուսանողներ և օգնականներ էին գալիս-գնում՝ մի քանի ամսով աշխատելով պրոյեկտի վրա, որոշ պրոֆեսորներ էին մասնակցում քննարկումներին: Բայց հիմնական խումբն այդ երեքս էինք ու ղեկավարը: Երեք տարիների ընթացքում պոստոկդներից մեկի ու իմ շնորհիվ խումբը որոշ միջազգային կապեր հաստատեց:
Էդ միջազգային համագործակցություններից մեկի արդյունքում էր, երբ ղեկավարս հանդիպեց Սիլվիային: Էդ պահին Սիլվիան վերջացնում էր հերթական պոստդոկը ու գնում դեպի գործազրկություն: Ղեկավարս ինձ հետ առանձին խորհրդակցեց, ասաց, որ ուզում է Սիլվիային մի քանի ամսով գործի վերցնել, ի՞նչ կարծիքի եմ: Ուրախացա ահագին, ասացի, որ Սիլվիան հզոր է, շատ լավ միտք է:
Սիլվիան հիմա էստեղ է: Մեր գիտական խմբի ֆինանսները շուտով վերջանում են: Պոստդոկներից մեկը որպես խմբի համահիմնադիր մինչև տարեվերջ պայմանագիր ունի: Ես ու մյուս պոստդոկը մայիսից այն կողմ ոչինչ չունենք: Ղեկավարիս հետ խոսել եմ նոր պայմանագրի մասին: Ասաց, որ փող չկա, հազիվ միայն Սիլվիային երկարացնի:
Երեկ իմացա, որ Սիլվիային նաև դասավանդման ժամեր են տվել: Չգիտեմ՝ ինչ առարկա է դասավանդելու, բայց ենթադրում եմ, որ իմ առարկան է լինելու: Իրականում պատճառ չկա էդ առարկան ինձ չտալու, որովհետև անցյալ տարի բավական լավ ֆիդբեք էի ստացել: Ու պատճառ չկա ինձ ու մյուս պոստդոկին մայիսից հաջող անելու, որովհետև ի վերջո մենք մասնակցել ենք էս բոլորի ստեղծելուն: Իսկ ինչու՞ Սիլվիան: Որովհետև ինքը գիտի իրեն ցույց տալ ու գլուխ գովել:
Մայիսից գործազուրկ եմ: Դանիայի ապուշ բյուրոկրատիայի պատճառով գործազրկության նպաստ չեմ կարող ստանալ, չնայած որ ապահովագրությունը պարտաճանաչ կերպով վճարել եմ: Մայիսից լրիվ օդի մեջ եմ: Ու երևի սպասում են, որ գործազուրկ վիճակում պիտի նստեմ, իրենց հոդվածները տպագրեմ: Հիմա մտածում եմ՝ Սիլվիայի թե՛ սկզբնական մի քանի ամսվա աշխատավարձը, թե՛ երկարացնելը, փաստորեն, իմ ու մյուս պոստդոկի հաշվին եղավ: Մտածում եմ՝ ինչքան անհեռատես էի, երբ ղեկավարիս խորհուրդ տվեցի նրան գործի ընդունել: Մտածում եմ՝ էս աշխարհն ինչ անարդար է մեզ նմանների նկատմամբ: Դաս, որ սովորեցի էս պատմությունից հետո. երբեք քեզնից մեծ փորձ ունեցողին խորհուրդ մի տուր գործի ընդունել: Մեկ էլ հիշեցի Սիլվիայի տված դասը: Սրանից հետո երկրորդ հարկում եմ սուրճ խմելու ու ամբիոնի վարիչին ամեն առիթով տեսնելիս հիշեցնելու եմ, թե ինչքան լավն եմ:
Էջանիշներ