Երբ գիշերներն ուշ եմ պառկում, առավոտյան մեկ ժամ ավել քունը փրկություն է, նույնիսկ եթե 10 րոպեն մեկ ընդմիջվում է զարթուցչի ճղճղոցով: Այդպիսով ես չեմ հասնում Աբովյանում գտնվող հակապալարախտային դիսպանսեր գնացող դեղին ավտոբուսին, որը հատուկ մեր տեղափոխման համար է նախատեսված: Իսկ դասընկերներս այն «տրակտոր» կանվանեն, որովհետև դանդաղ է գնում և աղմկում է: Չեմ իմանա, թե այդ առավոտ վարորդը՝ Մայիսը, որքան է սահմանել տեղափոխման գինը: Հետո մերոնք կպատմեն, որ հանկարծ որոշել է անվճար տանել: Ստիպված պետք է 261-ով գնամ, ճանապարհի մի փոքրիկ կտորն էլ ոտքով անցնեմ: Եվ չեմ իմանա, թե ինչով զբաղվեմ երթուղայինում գտնվելու 40-50 րոպեների ընթացքում: Կորոշեմ դաս կարդալ, կփոշմանեմ: Գլուխս կհպեմ ապակուն, որ քնեմ: Չի ստացվի. քունս չի տանում: Ռադիո կմիացնեմ, սակայն Երևանից դուրս գալուն պես երաժշտությունը խշշոցով կփոխարինվի:
Բալահովիտով անցնելիս կճանաչեմ այն ճանապարհը, որով գնացել էինք Չուկի երդման արարողությանը: Ու Բալահովիտը շատ հարազատ կդառնա, բայց մեկ այլ պատճառով, որը չեմ ասի:
Կիջնեմ երթուղայինից, կքայլեմ փոշոտ ճանապարհներով դեպի հիվանդանոց: Բախտս կբերի. այսօր ճանապարհին կուրսեցիներիցս ոչ մեկին չեմ հանդիպի, հետևաբար արագ քայլելու հնարավորություն կունենամ:
Իսկ մոտակա խանութից ուզում էի թեյ գնել, որ դասամիջոցին խմեմ. կոկորդս ցավում էր: Բայց չմտա, որովհետև ներսում լիքը մարդ կար, որոնք, հավանաբար, հիվանդներ էին, իսկ ես վախենում էի: Հուսացի, որ աղջիկներից մեկնումեկը հետը թեյ բերած կլինի ու վազեցի դասի:
Բաժանմունքով անցնելիս չմոռացա դիմակս, բայց առաջին օրերի սարսափը վաղուց անցել է: Իսկ շուրջս պալարախտով հիվանդները: Սա մի ուրիշ պատմություն է, մի ուրիշ աշխարհ է: Ես տեսել եմ ամենատարբեր ծանր հիվանդություններով մարդկանց, բայց այսքան թշվառ հայացքների երբևէ չեմ հանդիպել: Պալարախտը հենց ինքը՝ թշվառությունն է: Ինձ անընդհատ հետաքրքրում է, թե ինչ են մտածում այդ մարդիկ: Դրա համար վաղը գնալու եմ հոգեկան հիվանդ թոքախտավորների մոտ. նրանք անկեղծ են, կասեն:
Լսարան մտա ճիշտ այն պահին, երբ դասախոսը «ներկա-բացակա» էր անում:
Էջանիշներ