Ես մի ճամպրուկ ունեմ, որտեղ հիշողություններ եմ դասավորում: Գնալով ավելի է ծանրանում այն, բայց ամեն հաջորդ օր տեղափոխվելիս հետս քարշ եմ տալիս ճամպրուկը, ամեն հաջորդ երկիր գնալիս տանում եմ հետս՝ առանց ավելորդ քաշի համար տուգանք մուծելու:
Այս առավոտ անցյալ գիշերվանից մնացած մի սիրուն հիշողություն ծալեցի, դրեցի ճամպրուկիս մեջ. կյանքիս մեջ երկրորդ սիգարետը, երրորդը՝ կիսատ, սառնոտ առաջին գարնանային գիշերը, ալկոհոլից խելագարված երկու գլուխ մթության մեջ, քայլում են փողոցներով, Թումանյան, Տերյան, Իսահակյան ու Ախմատովա արտասանում, իսկ վերջում՝ Ցվետաեվա երգում:
Չէ, ես էլ չեմ խմելու, էլ չեմ ծխելու: Այսօր առավոտյան բացել եմ Թումանյանի «Անուշն» ու կրկնում եմ այն տողերը, որոնք անցյալ գիշեր այդպես էլ չմտաբերեցի:
...Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղու՜ց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նըստած`
Խոսում են Լոռու հին-հին քաջերից:
Էջանիշներ