Առավոտյան դուրս թռա անկողնուց ու սկսեցի ձգվել, որ արթնանամ: Հայացքս դիմացի սարերին էր ու դրանց վրայով դանդաղ սահող ամպերին: Լիլիթը խոհանոցում գործ էր անում: Լռություն էր տիրում, որը մեկ-մեկ հարևանի շունն էր հարամում: Անձրև էր եկել. ասֆալտը թաց էր:
Պատուհանը բացեցի ու ամբողջ ուժով թոքերս քաշեցի լեռնային հետանձրևային սառը օդը: Համով օդ, էդպիսի բան լսե՞լ եք: Այ դա էի շնչում: Իսկ երկնքում ամպերն իրար էին գալիս, մերթ սև-սև կուտակվում, մերթ՝ արևին ճանապարհ տալիս:
- Անձրև ա գալու:
Րոպեներ անց անձրև սկսվեց, որը չէիր նկատի, եթե պատուհանից դուրս չնայեիր: Այ էդքան լուռ էր:
- Լիլ, նայի, շենքի մի կողմում անձրև կա, մյուսում՝ չէ:
Երեխայի պես մի պատուհանից մյուսն էի վազում ու աչքերիս չէի հավատում: Պատուհաններն էի բացում, ձեռքս դուրս պարզում: Հաստատ էդպես էր. մենք գտնվում էինք անձրևի սահմանին:
Քիչ անց ամպերը հեռացան, արև դուրս եկավ: Սենյակը լուսավորվեց: Նորից նայեցի անտառածածկ սարերին, նայեցի իրար գլխի կառուցած փայտե տներին ու թաց ասֆալտին: Գրողը տանի, ես ուզում եմ էստեղ ապրել:
Կյանքում գալիս է մի պահ, երբ զանազան միջոցառումներն ու ընկերների հետ խմելը, անգամ կարիերան երկրորդական են դառնում: Քեզ համար կարևորը հանգստությունն է, դու գիտես՝ ստանալու ես դա այս քաղաքում:


Մեջբերել
Էջանիշներ