User Tag List

Էջ 2 80-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #16
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց զգացի, որ ոտքը կախ է գցում: Արթուրի համար էլ էի ավելորդ:
    Ոտքս կախ էի գցում, զուտ իմ, ներքին պատճառներով, ես ինքս էլ ուզում էի գնալ, բայց մի տեսակ մնալն էր քաշում… Անբացատրելի է, բայց գնալ էի ուզում...
    Իսկ «Արթուրի համար էլ էի ավելորդ:»-ի համար դեռ պատասխան կտաս

  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Սենյակիս վարդերն առավոտյան նկատեցի: Դեռ երկրորդ օրվանից նա հաշտության քայլեր էր անում, իսկ ես համառորեն շարունակում էի սառը և չոր մնալ, հրաժարվում էի որևէ բան ուտելուց:

    Երբ արդեն արթնացել էի, մտավ սենյակս ու համբուրեց: Ես դեռ չէի ուզում հաշտվել, բայց զգացի, որ դրանից հետո չեմ կարող…

    Այնուամենայնիվ, ուզում եմ մենակ ապրել: Տունը կամաց-կամաց զնդանի է վերածվում, որտեղ չեմ կարող ազատ շարժվել: Ավելի ճիշտ, վաղուց էր վերածվել: Պարզապես ես հանդուրժում էի: Վաղուց հրաժարվել էի առանձին ապրելու մտքից, բայց վերջերս նորից վերադարձավ այն: Միայն թե ևս մեկ աշխատանք է պետք գտնել դրան հասնելու համար:

    Հետաքրքիր է՝ մայրս թույլ կտա՞: Բայց ի՞նչ վատ է որ: Եղբորս համար արդեն հարմարություններ է փնտրում, որ այլևս միջանցքում չքնի: Իսկ ես կգնամ՝ իմ սենյակը զիջելով նրան:

    Նոնան նկատել է, որ ես շատ ինքնուրույն եմ: Այդպես էլ կա: Գուցե դա լավ չէ, որովհետև մեծացել եմ եվրոպացու նման, իսկ Հայաստանում, չգիտես ինչու, Եվրոպային բնորոշ ամեն ինչը վատ են համարում: Իհարկե, երբեմն ուզում եմ ծնողներիցս մի քիչ ավելի կախված լինել, ուզում եմ, որ որոշ հարցեր նրանք լուծեն, բայց հետո հասկանում եմ, որ ազատությունս մեծ ձեռքբերում է, և դրանից հրաժարվել չի կարելի:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.06.2010), Sambitbaba (22.01.2014)

  4. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Ես ու Լիլյան երեք ժամ շարունակ զրուցում, ծիծաղում, զվարճանում էինք: Հիշում էինք մեր խելառ քննությունները, երբ մի քանի հոգով միասին էինք պարապում ընթերցասրահում: Մարալը զարմացած լսում էր մեր բազմազան պատմությունները… Միկրոբի քննությանը պատրաստվելը, երբ Լիլյան քնում էր ընթերցասրահում, ծածկում էինք նրան: Հետո ես էի քնում, ինձ էին ծածկում: Երեկոյան ժամը 8-ին հոգնած դուրս գալը, շենքի հարկերով պտտվելը ու ամբիոններում որտեղից որտեղ այդ ժամին գտնվող մարդկանց վախեցնելը… Ծիծաղը, ծիծաղը… Ժաննայի շատախոսությունը… Ընթերցասրահում Մարգարի սարքած կերուխումը, երբ պարապելու փոխարեն ճաշակում էինք նրա մոր պատրաստած քաղցրավենիքը, խմում լիմոնի կեղևներից ստացված հյութը… Ձմեռվա կեսին վերարկուս առանց կոճկելու դուրս գալը ու հայտարարելս, որ ես այրվում եմ միկրոբի բոցերով:

    Լավ տարիներ էին և լավ է, որ դեռ ապրում ենք այդ կյանքով, թեկուզ ցիկլային պարապմունքների պատճառով իրար հաճախ չենք տեսնում: Ես ու Լիլյան կիսվում էինք մեր հաջողություններով: Ու երկուսս էլ եկանք լուռ համաձայնության. Աստված:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.06.2010), Sambitbaba (22.01.2014)

  6. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ մի անգամ տատիկիս տանն էի, նա ինձ խնդրում էր ծնողներիս համոզել, որ միանան: Ես գիտեի, որ ինչ էլ անեի, ոչ մի արդյունքի չէի հասնելու: Ինձ համար էլ դա առանձնապես նշանակություն չուներ. արդեն սովորել էի առանց հոր ապրել: Թեկուզ երբեմն նախանձով էի լցվում այն համադասարանցիներիս նկատմամբ, որոնք պատմում էին, որ իրենց հայրերը այս կամ այն բանը թույլ են տվել կամ ոչ, բայց ընդհանուր առմամբ գոհ էի իմ կյանքից: Կարծում էի՝ հենց էդպես էլ պետք է լիներ, հենց դա էր ճիշտը…

    Մի անգամ էլ մի հոգեբան փորձում էր բոլոր խնդիրներս կապել հորս բացակայության հետ՝ համոզելով, որ դա մեծ հարված էր ինձ համար: Իսկ ես ծիծաղեցի ու դրան այնքան էլ մեծ նշանակություն չտվեցի:

    Հիմա, երբ տարիներ են անցել իմ մանկությունից, երբ հորս հետ ապրած կյանքիս հատվածը շատ ավելի փոքր է առանց նրա անցկացրածից, մտքերս խառնվում են իրար, ուզում եմ, որ տանը մեզ հետ ոչ թե օտար տղամարդ, այլ հարազատ հայրս ապրի, ուզում եմ ես էլ լիարժեք ընտանիք ունենալ… Ու նորից նույն հարցն եմ տալիս. ի՞նչ կլիներ, եթե ծնողներս չամուսնալուծվեին: Հետաքրքիր է՝ հորս հետ նույն մտերմիկ զրույցը կունենայի՞, որ ունեցա մի քանի օր առաջ, երբ կյանքիս մեջ առաջին անգամ տնից փախել էի նրա մոտ:

    Վերջերս հորս կարիքը շատ եմ զգում: Ու նաև հասկանում եմ, որ նրա պակասությունն իր անդառնալի հետքը թողել է իմ կյանքի վրա:

    Մայրս զգացմունքայնորեն է ինձ սփոփում, հայրս՝ տրամաբանորեն: Երկուսն էլ պետք են, երկուսն էլ կարևոր են: Իսկ ես երկրորդից զուրկ եմ եղել ամբողջ կյանքիս ընթացքում, եթե առանձին բացառությունները հաշի չառնենք:

    Բայց գիտեմ նաև, որ հայրս անտանելի բնավորություն ուներ տարիներ առաջ: Գիտեմ, որովհետև ես էլ եմ մոտավորապես այդպիսին: Հետաքրքիր է՝ մայրս կդիմանա՞ր նրան: Երևի ոչ, որովհետև ինքս չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կարող է ինձ հետ ապրել: Բայց հետո հայրս փոխվեց, չէ՞: Նա զարմանալիորեն ավելի խաղաղ է դարձել, քան շատ ուրիշ մարդիկ, իսկ նրա խորհուրդներն ավելի հեշտությամբ եմ ընդունում, քան մյուսներինը, անգամ մորս…

    Ես երևի ուրիշ մարդ կլինեի, եթե հայրս մեզ հետ ապրեր:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (18.03.2013), Sambitbaba (22.01.2014), Srtik (08.08.2016)

  8. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Կյանքս երեք օրով արձակուրդ էր գնացել: Այս առավոտ վերադարձավ, և երբ աչքերս բացեցի, ժպտացի: Գիշերվա դույլերով անձրևը, որ երկինքը շփացնում էր պատուհանիս, այլևս չկար, և արևը փայլում էր:

    Ճամփի մի մասը պետք է քայլեի: Դա կա՛մ սկիզբը պետք է լիներ, կա՛մ վերջը: Երկրորդ երթուղայինը նստելու ընտրություն էլ ունեի, բայց ես չեմ սիրում հեշտ ու ստանդարտ լուծումներ… Ես որոշեցի քայլել ճանապարհի վերջին հատվածը, չնայած դրա երկարության մասին միայն մոտավոր պատկերացում ունեի:

    Հետևում արևն էր փայլում, իսկ դիմացինը երկինքը ծանրացած էր գորշ ամպերով: Մանր անձրև էր գալիս: Հաճելի էր: Եթե ուժեղանար, երթուղային կնստեի:

    Քայլում էի աչքերս փակ, գլուխս դեպի վերև, թևերս տարածած, մի քիչ պարելով: Հրաշք էր: Ես վայելում էի հերթական չհաջողված հոգեվարքից հետոյի չքնաղ առավոտը, երբ երակներիս մեջ արյան փոխարեն կյանքն էր հոսում: Զգում էի, թե սրտիս յուրաքանչյուր զարկի հետ ինչպես է կյանքը տարածվում ամբողջ մարմնովս մեկ:

    Անձրևն ուժեղացավ, բայց ես էլի չցանկացա երթուղային նստել: Հովանոց չունեի. դիտմամբ չէի վերցրել: Ես միշտ սիրել եմ անձրևը, բայց վերջին տարիներին խուսափում էի նրանից: Այս անգամ փախչելու տեղ չունեի, ավելի ճիշտ՝ կարող էի վերջին 200 մետրը երթուղայինով գնալ, բայց դա խելամիտ չէր լինի, որովհետև դրա համար կանգնել, սպասել էր պետք, հետո էլ մի քիչ քայլելու տեղ կար: Եվ ուրեմն այլընտրանք չունեի. ես դեմ առ դեմ հանդիպել էի անձրևին: Իսկ դա նման էր իմ սեփական կամքով ինձնից հեռու մղած ընկերներիս տեսնելուն, երբ մի կողմից ուրախանում ես, ուզում որևէ բան ասել՝ կծու կամ քնքուշ, բայց հիմարավուն զգացողություն է լինում մոտդ, և դու լռում ես:

    Բայց ի տարբերություն ընկերներիս, անձրևից փախչելու տեղ չունեի: Եվ նա ինձ գրկեց ամբողջ ուժով, մինչև մազարմատներս թրջեց: Սկզբում հաճելի էր, իսկ հետո վախեցա, որ կմրսեմ: Երբ մտա հիվանդանոց, անմիջապես ավտոմատից տաք շոկոլադ գնեցի:

    Անձրևի և տաք շոկոլադի համը խառնվել էին իրար: Առավոտս հրաշք էր…

    Իսկ իմ ներսում կուտակված սերը վերջապես ուղղություն է ստացել:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

  10. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Երբ աչքերս բացեցի, արևն ինձ ժպտաց. օրս լավն է լինելու, թեկուզ ծանր ու հոգնեցուցիչ:

    Նարեկը խորհուրդ տվեց առիթմիաները Մուրաշկոյով կարդալ: Իսկ ես Նազոյի գիրքը մի շաբաթ շարունակ տանում-բերում էի՝ կարդալու նվազագույն ցանկություն անգամ չունենալով:

    Նենսիի տասը րոպեները… Այսօր չի ստացվում: Շպերու՞նգ…

    Էլի քայլելու եմ, թռվռալու: Երազիս մեջ ինձ տաքսիով դասի էին տանում… Թաքուն երազանք էր երևի, բայց քայլելս ինձ թարմացնում է:

    Չէ՛, չի ստացվում:

    Ժպտում եմ, ժպտում: Երջանիկ եմ:

    Pink Floyd եմ լսում: Լավ չէ, բոլորովին: Ես այս խմբին սիրել չեմ ուզում, չեմ ուզում, որ այն հիշեցնի որևէ մեկին: Մոռանալ, ջնջել եմ ուզում:

    Goodbye cruel world...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

  12. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Այս անգամ մենակ չէի ոտքով ճամփան անցնելիս. Մարիան միացել էր ինձ: Միասին էինք վայելու արևի առաջին ճառագայթները, զրուցում ու ծիծաղում:

    Ընդհանրապես, մեզ շատ քիչ բան է պետք ծիծաղելու համար… Այսօր ընթերցազրահում ես ու Լիլյան տասը րոպե շարունակ ծիծաղում էինք էխինոկոկի հայերեն թարգմանության վրա. բշտաճիճու:

    Այս ամիսներն իրոք օգնեցին վերականգնվել վերջին երկու տարվա trouble-ներից հետո… Թու՛, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Այսօր անընդհատ անգլերենն է միտս գալիս, չեմ կարողանում հանգիստ հայերեն խոսել: Նազոյին ասացի. «Քեզ ավելի ուշ կստուգեմ»: Նա ցնցվեց խոսքերիցս, մինչդեռ ես ընդամենը ուզում էի ասել. "I'll check you later." Ինչևէ, թողնենք անգլերենը:

    Հա՛, ուրեմն վերականգնվել եմ, բուժվել: Ես ուրախ եմ, որ վերջապես կա մեկը, որին տեսնելիս սիրտս թրթռում է: Ինքս ինձ վրա ծիծաղում եմ: Ախր շատ վաղուց նման բան չէի զգացել, իսկ հիմա դա անսովոր է դարձել, մի քիչ էլ մանկական: Սիրտը թրթռալ… Սրտաբանությունը հոգիս հանեց. ես միանգամից նախասրտերի թրթռումը հիշեցի, որ քիչ առաջ էի կարդում: Ու չնայած ավագ ընկերներիցս անընդհատ խորհուրդ եմ հարցնում, թե որ թեման որտեղից կարդամ, գտնում եմ ամենափախած գրքերն ու դրանցից օգտվում:

    Այսօր նաև համոզվեցի, որ ոչինչ չգիտեմ: Երբ Նարեկը տեսավ, որ ԷՍԳ եմ կարդում, հարցեր տվեց, իսկ ես ոչ մեկին չկարողանալով պատասխանել՝ ամոթից գետինը մտա: Կարող եմ ինձ արդարացնել՝ ասելով, որ սրտաբանությունն ինձ համար ապագա չէ, բայց դե ամեն դեպքում շատ ամաչեցի, որ ոչինչ չգիտեի: Իսկ նա ընդամենը մի խորհուրդ տվեց. հնարավորինս շատ կարդալ: Հա՜, ես էլ կկարողանամ… Հազիվ եմ ինձ ստիպում, որ օրվա դասս մի անգամ աչքի տակով անցկացնեմ, ու՜ր մնաց ավելի լուրջ բաներով զբաղվեմ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

  14. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Իմ քնքուշ առավոտը բացվել է նորից: Իսկ ես, թեկուզ հոգնած, թեկուզ քնից կշտացած, բացում եմ աչքերս ու ժպտում: Ես վայելում եմ թեյս, իսկ սուրճ հիվանդանոցում կխմեմ:

    Սոճիս չորանում է: Չգիտեմ՝ ինչ անեմ: Նենսիի տասը րոպեները…

    Եվ ես կմտնեմ լսարան, նորից Աննա Գեղամովնան՝ մեր սիրելի ու ամենաունիկալ դասախոսը… Նորից կվառի իր երկար սիգարետը, սուրճ կխմի, կփորձի ապացուցել, որ ոչինչ չգիտենք: Հետո կպարզվի, որ այնքան էլ այդպես չէ: Թեկուզ ես շատ բաներից գաղափար չունեմ, բայց այնտեղ կան Արմեն, Կորյուն, Նազո:

    Իսկ դասամիջոցին կիջնենք տրաքած սրճարանը, տաք խաչապուրի կուտենք: Կխոսենք քննություններից, կքննարկենք, թե ինչպես կարելի է այդ չարաբաստիկ թեստերը ճարել: Ես լուռ կժպտամ ու չեմ ասի, որ դրանց կարիքը չունեմ. հույսս իմ խելքի վրա եմ դնելու:

    Անհամբեր եմ: Ե՞րբ է քննաշրջանը սկսվելու: Քննություններին պատրաստվելը մի ուրիշ հաճույք է, հատկապես երբ խելառ ընկերուհիներով միասին ենք պարապում:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

  16. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Փողոցում պատահած անծանոթները պարզապես անցորդներ են քեզ համար: Բայց նրանք էլ քեզ նման բազմաթիվ խնդիրներ ունեն, ապրում են իրենց կյանքով, դրանից գոհ են կամ ոչ… Իսկ դա քեզ չի հետաքրքրում: Նրանք ընդամենը անցորդներ են, և եթե մի օր հանկարծ չլինեն, քո կյանքում ոչինչ չի փոխվի: Դու այդ մասին գուցե չես էլ իմանա:

    Գարնանը խրոնիկական հիվանդությունները սրանում են: Դրա համար մահացությունն էլ է մեծանում: Ու տխրում ես՝ մտածելով, թե որքան շատ են վերջերս էն աշխարհ գնացողները: Ռիփը կասեր, թե ծեր մարդկանց բանն էլ էդ է…

    Կուրսի աղջիկներով հիվանդանոցից համալսարան էինք գնում, երբ մեկը զանգահարեց Մարիային ու հարցրեց, թե ինչպես է. բժշկականի մոտով անցնելուց ոստիկանության և շտապօգնության մեքենաներ էր տեսել, անհանգստացել էր: Իսկ մենք տասը րոպեից հազիվ հասնելու էինք համալսարան:

    Աննան նկատեց, որ անատոմիկի մոտ լիքը մարդ է հավաքված: Մյուսներիս աչքով ոչինչ չընկավ. մենք գլխավորի մոտ էինք երթուղայինից իջել: Բայց երբ ներս մտանք, Իննան, որը միշտ ամեն ինչից տեղյակ է լինում, հայտնեց, որ մի մեքենա մեծ արագությամբ բարձրացել է մայթի վրա, երեք առաջին կուրսեցիների խփել… Դեկանատում խառը վիճակ է: Զանգում են ծնողներին, սակայն նրանցից մեկը չի հավատում, կարծում է, թե կատակ է… Մեկի ոտքը պոկվել է, մահամերձ է: Ավելի ուշ ուրիշ տեղերից իմացանք, որ մեկն էլ տեղում է մահացել…

    Իսկ երբ շատ ավելի ուշ ես ու Մարալն ընթերցասրահից դուրս եկանք, որ գնանք հաց ուտելու, ամբողջ ճանապարհին ցողված ջուր տեսանք: «Արյան հոտը դեռ մնացել է»,- նկատեց Մարալը:

    Տուն գալիս մտքերս խառնվել էին իրար… Այդ առաջին կուրսեցիների տեղում կարող էր լիներ մեզնից յուրաքանչյուրը, կարող էի լինել ես… Ահավոր էր: Ու ամեն փողոց անցնելիս, ամեն մայթով քայլելիս ես սարսափով էի շուրջս նայում. հանկարծ որևէ կատաղած մեքենա չգա: Իսկ երբ տուն հասա, հասկացա, որ ամեն օր մենք բոլորս հրաշքով ենք ողջ-առողջ մնում:

    Ես այդ առաջին կուրսեցիներին չէի ճանաչում, բայց նրանք գուցե մի քանի անգամ իմ կողքով անցել են, եղել են միայն պատահական անցորդներ… Բայց նրանք մի ամբողջ աշխարհ արժեն իրենց հարազատների համար…

    Ես կարծում էի, թե գարնանը միայն ծերերն են մեռնում…

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (18.03.2013), Sambitbaba (22.01.2014)

  18. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մարդիկ սիրում են ուրիշներին սպանել, երբ խոսքն իրենց հարազատների մասին չէ… Մարդիկ սիրում են ամեն ինչ չափազանցնել, ավելի վառ գույներով նկարագրել:

    Պարզվում է՝ երեկվա դեպքից հետո ոչ ոք չի մահացել, փառք Աստծո: Ու ոչ մի ոտք էլ չի պոկվել: Պարզապես անդամահատման հարց է եղել, կարողացել են պահպանել, թեկուզ աղջկա վիճակը շատ ծանր է: Իսկ մարդիկ սարսափազդու պատմություններ են հորինում: Ու՞մ և ինչի՞ համար… Սա առաջին դեպքը չէ, որ նման հեքիաթներ են տարածվում: Մարդիկ արյուն են սիրում, մարդիկ մահ են սիրում, երբ դա իրենց չի վերաբերում:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (18.03.2013), Sambitbaba (22.01.2014)

  20. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Թորիի ձայնը սփոփիչ է, հանգստացնող, թեև եթե փորձես նեղություն քաշել ու հասկանալ, թե ինչի մասին է երգում, կխճճվես մի մարդու թաքուն ներաշխարհի հսկայական լաբիրինթոսում: Վաղուց է՝ նրան հասկանալու փորձեր չեմ էլ անում: Նա երգում է մարդկանց, խնդիրների մասին, որոնք միայն իրեն են հայտնի: Օրինակ, եթե նա հարցազրույցների ժամանակ չխոսեր Մարիամ Մագդաղենացու նկատմամբ իր համակրանքի մասին, երբևէ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ "Mary" երգը հենց նրա մասին է…

    Ուստի ես լսում եմ Թորիին՝ առանց նրան հասկանալու փորձեր անելու: Սիրում եմ նրա գրեթե բոլոր երգերը, բոլոր ալբոմները: Անբացատրելի էր, թե ինչու to the venus and back-ը չէր տպավորվել, այնտեղից ոչ մի երգ չէի հիշում: Այսօր որոշեցի այն ևս մեկ անգամ լսել… Տարիների փոշին կուտակվել էր վրան: Հասկացա. չափից դուրս տխուր, չափից դուրս ծանր: Եվ այս անգամ էլ չկարողացա մինչև վերջ լսել: Միայն 1000 Oceans երգը Ռիփի խորհրդով… Մահվան չափ տխուր էր, լացել էի ուզում, բայց լավ է, որ պատճառ չկար, այլապես ոչ թե հազար օվկիանոս, այլ տասը հազար աղբյուր՝ բյուր ակն կգոյանար շուրջս…

    Քիչ են, շա՜տ քիչ նրան լսողները… Երևի մեծ մասն ինձ նման ցնդած աղջիկներ են, որ ներվայնությունը որևէ մեկի վրա թափելու փոխարեն նախընտրում են այդ նեղացած ու տխուր ձայնը լսել: Վստահ եմ, թե Արշակը լսեր, դուրը չէր գա, ինչպես և Ալանիսին չէր սիրում: Այն, ինչն իմ կյանքից էր, վատն էր նրա համար: Իսկ ես վերադարձնում եմ կորած օրերս… Մի նոր բան, որ վաղուց չէի զգացել. նույն երգն էլի ու էլի եմ ուզում լսել:

    Թորին իմ ընկերն է:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 23.05.2008, 19:55:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

  22. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Ինչ ուզում են, ասեն, բայց իմ կյանքի իրադարձությունները որոշակի սեզոնայնություն ունեն… Մայիսն ընդհանրապես շատ տարօրինակ ամիս է. ամեն անգամ բոլորովին պատահաբար հայտնաբերում եմ, որ (գրեթե) նույն օրը տարիներ առաջ (գրեթե) նույն բանով եմ զբաղվել… Օրինակ, 2005 և 2006 թվերի մայիսի սկզբերին դրոմոմանիա ունեի. ժամերով թափառում, տուն չէի գալիս: Իսկ դա գիտեմ նրանից, որ երբեմն հետաքրքրությունից դրդված բացում եմ հին օրագիրս և հայտնաբերում, որ նախորդ տարիներին մոտավորապես նույն օրերին նույն մտքերն են ծնվել, նույն զգացողություններն եմ ունեցել: Անգամ որոշ նախադասություններ բառացի կրկնվում են: Ու քանի որ դրա մասին ես գիտեի, այս և անցյալ տարի նախօրոք պատրաստված էի, դրա համար նույնը չեղավ…

    Իսկ ես այսօր մի տետր գտա, գցեցի պայուսակիս մեջ, մտածեցի, որ եթե օրվա ընթացքում ազատ լինեմ, կկարդամ, պատմվածքիս համար նյութեր կքաղեմ: Ու երբ երեկոյան ձանձրացա, բացեցի այն, սկսեցի ուսումնասիրել: Երևի մոտ ութ-ինը ամիս այնտեղ ոչինչ չէի գրել: Հետո հանկարծ աչքովս ընկավ մի կանաչ թուղթ, որ խնամքով մեջն էի պահել: Հիշեցի. նամակ էր: Այն ժամանակ ես գրել էի, որ ներսումս կուտակվածը դատարկվի, բայց որոշել էի չուղարկել: Զարմանալին այն էր, որ ում որ ուղղված էր այն, այդ պահին դիմացս նստած էր: Նկատե՞ց, թե ինչպես ցնցվեցի՝ գտնելով այդ տարօրինակ թղթի կտորը:

    Տետրս թերթեցի. ուզում էի իմանալ, թե երբ եմ գրել նամակը, իսկ դրա մասին կար այնտեղ: է՛լ ավելի ցնցվեցի, երբ տեսա, որ դա 2007 թվի մայիսի 24-ին էր: Անմիջապես թղթի վրա ավելացրի ամիս-ամսաթիվը: Նայում էի հասցեատիրոջը, հետո՝ նամակին: Մտածում էի՝ ինչպես վարվել: Ախր դա գրվելուց հետո արդեն իմը չէր: Ես գողի պես այն ինձ մոտ էի պահում: Պետք էր վերադարձնել տիրոջը, շտապ: Թեկուզ այնտեղ արտահայտված շատ մտքեր կորցրել են իրենց ակտուալությունը, թեկուզ այդ մարդու հետ որևէ բառ փոխանակելու ցանկություն չունեի… կամ էլ ունեի, բայց գիտակցությունս ճնշում էր այն, իսկ նամակն ասես պատրվակ լիներ թաքուն ցանկությունս իրականացնելու համար…

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

  24. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Սուրճ… Ելակով տորթ… Radiohead… Բյորք… Մի խոսքով, կրկին վայելում եմ նոր բացված օրը:

    Գիշերային քնիս ժամերը գնալով կրճատվում են, բայց առավոտյան ժամանակին կամ նույնիսկ ավելի շուտ եմ արթնանում: Մի օր հասնելու եմ նրան, որ ընդհանրապես չեմ քնելու: Կդիմանա՞մ: Ասում են՝ մարդիկ գիշերային քնի պակասից նյարդային են դառնում, իսկ ես, չգիտես ինչու, ավելի ակտիվ եմ… Օրինակ, անցյալ շաբաթ մեծ հաճույքով առանց աչքս կպցնելու մինչև երեկոյան ժամը ինը ընթերցասրահում կարդում էի՝ անկախ նրանից Լիլյան հետս մնում էր, թե ոչ:

    Ծանր օր է լինելու: Չնայած ընդամենը 3,5 ժամ եմ քնել այս գիշեր, բայց ցերեկն աչք կպցնելու հույս չունեմ:

    Հետաքրքիր է՝ մարդիկ չեն սիրում երկուշաբթիները, իսկ ես անհամբերությամբ եմ սպասում դրանց: Կարծեմ էլի եմ ասել, որ այս կիսամյակ շաբաթ-կիրակիները չափից դուրս շատ են հանգստի համար. մեկ շաբաթ օրը լիովին բավական է: Էլ չեմ ասում մեջտեղում հայտնված տոների մասին, որոնք է՛լ ավելի են շատացնում պարապության ժամերը:

    Մերոնք արդեն սկսում են քննություններին պատրաստվել. մի շաբաթ մնաց: Իսկ ես չեմ շտապում, քանի որ Լոնդոն գնալուս պատճառով մի ցիկլ բաց եմ թողել, և քննություններս երկու շաբաթ ուշացումով են սկսվելու:

    Փաստորեն, օրեր առաջ Արմենը ճիշտ էր ասում. Ալիսին իսկապես վիրահատել են: Նա էլ ինձ նման ցիկլի կրկնություն ունի, և ամենալավն այն է, որ երկուսինս էլ ուռուցքաբանությունն է: Իսկ ես շատ էի վախենում մենակ լինելուց: Ընդհանրապես, Ալիսը մեր խմբից միակ մարդն էր, որի հեռանալու համար շատ եմ ափսոսում: Նա հավասարակշռություն պահողի, հաշտեցնողի դեր էր խաղում: Հիմա, երբ չկա, կռիվներն անպակաս են: Գուցե չհավատաք, բայց հաճախ Ալիսի դերում ստիպված ես եմ հայտնվում: Իհարկե, դրա մասին ոչ ոք չի իմանում, քանի որ ես պարզապես շատ կռիվներ կանխում եմ: Բայց դա աշխատում է. հասել եմ նրան, որ այլևս ոչ ոք ոչինչ ոչ մեկից չի թաքցնում: Ով ինչ ճարում է, տալիս է նաև մյուսներին: Իսկ մինչ այդ, ասենք, քառյակը մեզ չէր տալիս, Նազոն էլ ինադ էր ընկնում, նրանցից էր թաքցնում: Իսկ ես սկեցի նրանից, որ ինչ գտնում էի, կիսվում էի նաև մյուսների հետ, և դա հրաշալի էր… Ալիսից ուր հասանք… Նրա հեռախոսահամարն էլ չունեմ, որ զանգահարեմ, հարցնեմ՝ ինչպես է: Ինչևէ, մյուս շաբաթ հանդիպելու ենք:

    Գնացի դասի:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

  26. #29
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Զուր եմ փորձում ինձ համոզել, թե կփոխվեմ, մի օր լավը կդառնամ. միևնույն է, մնում եմ նույն անճոռնի բնավորությամբ անտանելի երեխան:
    Զուր եմ փորձում ինձ համոզել, թե մոտ ազգականներիցս բացի կգտնվեն մարդիկ, որ ինձ միշտ կսիրեն. նրանք էլ կհիասթափվեին ինձնից, թե ընտրություն ունենային:
    Զուր եմ փորձում ինձ համոզել, թե հետաքրքիր մարդ եմ. միևնույն է, ինձնից ուշ կամ շուտ հոգնում են:
    Զուր եմ փորձում ինձ համոզել, թե մարդամոտ եմ. միևնույն է, իմ հսկայական մի կույտ թաքնվում է բոլորից:
    Զուր եմ փորձում ինձ համոզել, թե ազատ եմ. ընդամենը իմ վանդակը մի քիչ ավելի մեծ է:
    Զուր եմ փորձում ինձ համոզել, թե հաջողության կհասնեմ. ես ինձ գերագնահատում եմ, իսկ հաջողություններս պատահականության արդյունք են:
    Զուր եմ փորձում ինձ համոզել, թե մի օր երեխաներ կունենամ. ես չեմ ուզում միայնակ մայր լինել:

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.06.2010), Ingrid (18.03.2013), Sambitbaba (22.01.2014)

  28. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Հատիկ-հատիկ հավաքում եմ ապակու կտորները: Սոսինձս լավն է: Փորձում եմ ամրացնել: Միևնույն է, նախկին գեղեցկությունը չի լինի. կոտրված տեղերը շատ կոպիտ են երևում, մի քանի կտոր էլ չեմ գտնում: Իսկ ես զայրույթս հազիվ եմ զսպում, որ այն նորից գետնին չհարվածեմ: Բայց ինչի՞ս է պետք այդ անճոռնի իրը, որը ոչ մի բանի պիտանի չէ պակասող կտորներով և ամրացման կոպիտ տեղերով: Ափսոսում եմ աղբարկղը նետել: Շարունակում եմ փնտրել՝ հուսալով, որ թեկուզ կարկատված, բայց ամբողջական կդառնա… Ու եթե հանկարծ չդիմանամ, եթե հանկարծ մի օր նորից գետնով տամ, ապակին լրիվ կփշրվի, և ընդհանրապես հնարավոր չի լինի տարբերել, թե որը որից հետո է:

    Անջատում եմ երկնքի աստղերը հատիկ-հատիկ. դրանք ինձ խանգարում են: Լուսնի վրա էլ մի քար եմ շպրտում, և այն պոկվում-ընկնում է: Այսպես ավելի լավ է. ոչ ոք ինձ չի տեսնում: Երբ մենք քնում ենք, ամեն ինչ անհետանում է: Ուզում եմ հավատալ Իզաբելային: Բայց եթե նրա խոսքերը ճշմարիտ լինեին, ես աչքերս բացելու ցանկություն չէի ունենա:

    Տեսնես՝ ե՞րբ եմ կրկին թքած ունենալու մարդկանց ու նրանց ձևական ու կեղծ կարծիքների վրա:

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

Էջ 2 80-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •