User Tag List

Էջ 74 78-ից ԱռաջինԱռաջին ... 2464707172737475767778 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,096 համարից մինչև 1,110 համարի արդյունքները՝ ընդհանուր 1167 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #1096
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ էս դանիական ակադեմիական բյուրոկրատիան ուղղակի բացում ա ինձ: Էսօր վերջապես կոմպյուտերային լեզվաբանության պաշտոնական մերժումս ստացա (ոչ պաշտոնական աղբյուրներից արդեն գիտեի, որ մերժվել եմ): Բայց մերժման տեքստն ուղղակի գլուխգործոց էր: Ասում ա՝ որոշեցինք ուրիշի ընտրել էս ու էս կրիտերիաների հիման վրա: Թվարկում ա մի շարք կրիտերիաներ, որոնք գնահատվել են հարցազրույցի ընթացքում, իսկ ինձ սկի չեն էլ կանչել հարցազրույցի: Նամակի վերջում ասում ա, որ ում որ գործի էին ընդունել, հրաժարվել ա, նենց որ էդ տեղը դեռ թափուր ա, հետևաբար հրավիրում են, որ նորից դիմեմ: Մի կողմից, իհարկե լավ ա, որ նորից շանս են տալիս, որովհետև անցյալ անգամ ահավոր ձեռի հետ-ոտի վրա դիմում էի ուղարկել: Հիմա կարամ մի քիչ դզեմ-փչեմ. ժամանակս ներում ա: Բայց ախր մյուս կողմից էլ դիմումի դեդլայնից մինչև պաշտոնական պատասխան ամբողջ վեց ամիս անցել ա: Իրանք էդքան հավես ունե՞ն նորից վեց ամիս նույն պրոցեդուրայով անցնելու:

    Ոնց որ հաջորդ աշխատանքս Օսլոյում ա լինելու:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.06.2017), Նիկեա (22.06.2017), Շինարար (15.06.2017)

  3. #1097
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն երկրորդ օրն ա, ինչ Հայաստանից հետ եմ էկել Կոպենհագեն։ Երկրորդ օրն ա, ինչ բլոգիս նոր գրառման էջը բացել եմ ու փորձում եմ Հայաստան կատարածս այցելության մասին գրել։ Չի ստացվում։ Չգիտեմ ինչու վերջին ժամանակներս բլոգումս գրել չի լինում։ Թեմաները լիքն են, մեկը մյուսի վրա հավաքում եմ ու մոռանում։

    Մի խոսքով, ուզում եմ Հայաստան կատարածս այցելության մասին գրել, որովհետև մեծ տրավմա էր։ Իմ ու Մորթենի առաջին համատեղ արձակուրդն էր, որից երկուսս էլ դժգոհ էինք։ Մենք իրար հետ լավ էինք, իրար սիրող ու հոգատար։ Փորձում էինք իրար օգնելով էնպես անել, որ գոնե արձակուրդից մի բան հասկանանք։ Բայց լիքը արտաքին գործոններ կային, որոնք անվերջ խանգարում էին, ամեն ինչ խառնում իրար ու փչացնում արձակուրդը։

    Գործոններից մեկն անավարտ գործերն էին Կոպենհագենում։ Հայաստան գալուց առաջ երկուսս էլ ամեն ինչ արեցինք, որ մեր բոլոր գործերը վերջացնենք, նոր գնանք հանգստանալու։ Մորթենինը ստացվեց․ Դանիայում ինդուստրիալ արձակուրդն էր սկսվում, ու ոչ ոք իրեն չէր խանգարելու։ Բայց իմն ավելի խառն էր։ Էն բոլոր մարդիկ, որոնց ամիսներով բզբզում էի որոշակի հարցեր լուծելու համար, հանկարծ հուլիսին արձագանքեցին, ու պիտի հերթով մի բլանկը մյուսի հետևից լրացնեի։ Էդպես ցերեկներս խառն էին զանազան բյուրոկրատական հարցեր լուծելով։

    Իսկ հետո նաև Երևանն էր։ Հանկարծ հայտնաբերեցի, որ քաղաքում իմ տարիքի մարդ համարյա չի մնացել։ Ինձնից հինգ-տասը տարով փոքրերի հետ եմ թրև գալիս, ինչն իհարկե վատ չէ, բայց ուր մտնում ես, էդ տարիքային խումբն է։ Իսկ Պրոցեսում նույնիսկ ավելի փոքրեր էին՝ թինեյջերներ։ Իսկ իմ հասակակիցներն իրենց տներում երեխա են մեծացնում։ Կամ էլ արդեն արտագաղթել են։

    Երևանը կորել էր, օտարացել։ Ոնց որ էլ իմը չլիներ։ Ու անվերջ փորձում էի նորից կապ ստեղծել, նորից գտնել էն քաղաքը, որը թողել եմ տարիներ առաջ, բայց չկար։ Քաղաքում լրիվ նոր դեմքեր էին շրջում։ Դեմքեր, որոնք պամպերսով էին ման գալիս, երբ ես արդեն Հայաստանը լքելու ծրագիր էի մշակում։

    Հետո էլ սպոնտանությունն էր։ Ամեն անգամ Հայաստան գալիս փորձում եմ իմ կազմակերպված գրաֆիկը պարտադրել Հայաստանին։ Ու չի ստացվում։ Միշտ լինում են մարդիկ, որոնք վերջին պահին չեղարկում են հանդիպումը։ Միշտ լինում են մարդիկ, որոնք սարսափելի ուշանում են։ Միշտ լինում են մարդիկ, որոնք մոռանում են մեկ ամիս առաջ ծրագրված հանդիպման մասին։ Ու էդպես որոշեցի, որ ես էլ եմ սպոնտան լինելու։ Նախապես ծրագրված մի հանդիպումից բացի մնացած բոլորը ծրագրվում էին նույն օրը կամ լավագույն դեպքում նախորդ օրը։

    Ու հենց էստեղ էր, որ ամեն ինչ խառնվեց իրար։ Մարդկանց, որոնց առանձին էի ուզում տեսնել, էդպես էլ չհաջողացրի, որովհետև միշտ գտնվում էին սպոնտաններից մի քանիսը, որոնք ժամանում էին իրենց ասած ժամից երեք ժամ անց, երբ պետք է մեկ այլ ընկերոջ հետ շփվեի։ Միշտ գտնվում էին մարդիկ, որոնք չէին գալիս ընդհանրապես, ու երեկոն մնում էր ինձ ու Մորթենին՝ մենակ թափառելու համար։ Լինում էին նաև դեպքեր, երբ մեկի ներկայությունը խանգարում էր, որ մյուսի հետ շփվենք։ Ու ամեն ինչ խառն էր, քաոսային։ Արդյունքում՝ լիքը մարդկանց չհասցրի տեսնել, լիքը մարդկանց հետ չհասցրի ուզածիս չափ շփվել, ու գնացի ինքս ինձ հարցնելով, թե առաջ ոնց էի կարողանում մի շաբաթում բոլորին տեսնել ու բավարարված հետ գնալ։

    Հետո նաև Մորթենն էր։ Անցյալ տարի նրան վերաբերվում էին որպես էկզոտիկ մի երևույթի ու ամեն կերպ փորձում խոսակցությունների մեջ ներգրավել։ Այս անգամ հաճախ նրան կարծես չէին նկատում, ու ինքս զրույցներում ներգրավվելու փոխարեն թարգմանություն էի անում կամ գոնե կարճ ամփոփում, թե ինչից ենք խոսում։

    Եվ երբ վերջապես հասավ մեկնելու օրը, անասելի ուրախ ու անհամբեր էի։ Էնքա՜ն երջանիկ պահ էր, երբ քսանհինգ ժամ տևած ճամփորդությունից հետո վերջապես բացեցինք Կոպենհագենի մեր բնակարանի դուռը։ Ինչ-որ ծանրություն իջավ ուսերիցս, ու հասկացա, որ վերջապես կարող եմ հանգստանալ։

    Ու երկու օր է, ինչ հանգստանում եմ։ Երեկ գործի գնացի մի քանի ժամով, վերջին էքսպերիմենտս արեցի, բայց էլի հանգիստ էր։

    Մորթենին ասում եմ՝ էլ չեմ ուզում Հայաստան գնալ։ Ասում է՝ կգնանք անպայման, բայց պիտի հայերեն ավելի լավ սովորեմ։ Մտածում եմ՝ երանի՜ մի հայերեն սովորելը լուծեր խնդիրը։ Այնտեղ երկուսով ենք օտար, ու դա երբեք այլ կերպ չի լինելու։

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.07.2017), Cassiopeia (13.07.2017), Glück (14.07.2017), laro (13.07.2017), Mr. Annoying (13.07.2017), Srtik (13.07.2017), մարդագայլուկ (13.07.2017), Մուշու (13.07.2017), Նաիրուհի (13.07.2017), Ուլուանա (13.07.2017)

  5. #1098
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ դրսում որևէ տեղ հայերի հանդիպում եմ, իմիգրացիոն օրենքների մասին խոսակցություններն անխուսափելի են։ Ու բնական է․ բոլորիս էլ հուզող հարցեր կան, տարբեր երկրներում օրենքները տարբեր են, ամեն մեկս մի տեսակի փորձ ունի։ Բայց ոնց որ գլխիս չագուչով խփեն, երբ սկսում են խոսել «թղթերից»: Էս տերմինը Հայաստանից դուրս գալուց առաջ չէի լսել։ Առաջին անգամ Հայաստանում ապրող ուսանողական ընկերուհիներիցս մեկից լսեցի, երբ ասաց․ «Թղթերդ գրպանումդ են, էլ ի՞նչ ես ուզում»: «Թղթեր» տերմինի տակ ամփոփվում են բոլոր տեսակի օրինական կարգավիճակները՝ ժամանակավոր կացություն, մշտական կացություն, քաղաքացիություն։ Այս տերմինն օգտագործողների համար սովորաբար ամեն ինչ հենց էդ թղթերի շուրջն է պտտվում։ Դանիացի ընկեր ունե՞ս։ Ըհը, ուրեմն թղթերիդ հարցը լուծվեց։ Գո՞րծ ես ճարել։ Ուրեմն թղթերդ էղան։ Գնում ենք Շվեդիա, որովհետև էնտեղ թղթերի համար ավելի հեշտ ա։

    Ու հասկացա, որ կյանքը թղթերի շուրջ պտտող հայերից է, որ ուզում եմ հեռու մնալ: Ընդամենը մի տերմին, բայց հսկայական ենթամշակութային տարբերություն։

    Ինչու՞ հիշեցի։ Էրեկ մի համակուրսեցու էի հանդիպել, որը երբ իմացավ դանիացի ընկերոջս մասին, անմիջապես հարցրեց, թե արդյոք չեմ ամուսնանում, որովհետև «թղթերս հեշտ կլինեն»։ Իմ «թղթերը գրպանումս են», ինձնից յան տվեք։

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.07.2017), Glück (28.07.2017), Mr. Annoying (22.07.2017), Progart (23.07.2017), Smokie (09.09.2017), մարդագայլուկ (22.07.2017), Մուշու (25.07.2017), Յոհաննես (22.07.2017), Ներսես_AM (22.07.2017)

  7. #1099
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածեցի՝ Շինի վերջին օրագրային գրառմանը հենց օրագրումս էլ պատասխանեմ։

    Իմ PhD-ի երեք տարիների ընթացքում ու բազմաթիվ տարբեր ոլորտների ու տարբեր երկրներում PhD անող ընկերներ ունենալու արդյունքում մի բանում եմ համոզվել: Ղեկավարները երկու տեսակի են լինում: Մի տեսակի ուսանողները միշտ վերջացնում են ու պաշտպանում՝ անկախ ամեն ինչից: Հազվադեպ ա լինում, որ կիսատ թողնեն, էն էլ լուրջ պատճառներ պիտի լինեն: Սովորաբար էս տեսակի ղեկավարները շատ զգուշությամբ են ընտրում իրենց ուսանողներին, ընտրելիս էլ արդեն կազմ ու պատրաստ գիտեն, թե ուսանողն ինչ է անելու: Կոպիտ ասած, պրոյեկտ ունեն, ու իրենց աշխատուժ է պետք, որ պրոյեկտն իրականացնի: PhD ուսանողն ամենալավ տարբերակն է. էժան, ակադեմիայում ոչ էնքան անկախ ու մոտիվացված, որ պիտի դիսերտացիա հանձնի վերջում:

    Կա նաև ղեկավարների երկրորդ տեսակը, որոնց PhD ուսանողները եթե վերջացնում են, հրաշքով են վերջացնում: Էս տեսակը սովորաբար վերցնում է իր հետ PhD անել ցանկացող առաջին պատահածին կամ նույնիսկ իր դասավանդած մագիստրատուրայի ուսանողներին համոզում, որ իր մոտ PhD անեն: Չունենալով կոնկրետ ուղղվածություն՝ PhD ուսանողին մեծ ազատություն են տալիս թեմայի ընտրության հարցում, բայց հետո կանգնում են փաստի առաջ, որովհետև չեն կարողանում նորմալ ղեկավարել՝ թեմային չտիրապետելու պատճառով:

    Իմ ղեկավարն այ էդ երկրորդ խմբից էր: Իր առաջին PhD ուսանողը մի տարի անց կիսատ թողեց: Ես երկրորդն էի. առաջինից չորս ամիս ուշ էի սկսել: Երբ առաջինը կիսատ թողեց, ղեկավարս պանիկայի մեջ ընկավ՝ վախենալով, որ ես էլ եմ կիսատ թողնելու: Ու եթե անկեղծ լինենք, բազմաթիվ են եղել պահերը, որ իսկականից ուզեցել եմ կիսատ թողնել: Ուղղակի որևէ բան կիսատ չթողնելու բնավորությունս ինձ փրկեց, որ մինչև վերջ ձգեմ: Իսկ ամենավատ էմոցիոնալ պահերին նույնիսկ ղեկավարիս ասել եմ, որ ուզում եմ թեզիցս ազատվեմ ու հանգիստ կյանքս շարունակեմ:

    Ղեկավարիս հետ լեզու չգտնելու հիմնական պատճառն էն էր, որ ինքն իմ ոլորտում կոմպետենտ չէր: Ինքը տեսական լեզվաբան է, ես եկել էի հոգե- և նեյրոլեզվաբանության PhD անելու (հայտարարությունն էդպես էր տրված, առաջին օրվանից էլ իմ ամբողջ պլանը հենց էդ ոլորտում էր): Բայց ղեկավարս շատ շուտ գիտակցելով իր ոչ կոմպետենտությունն իմ ոլորտում՝ օգնելու փոխարեն սկսեց փորձել ինձ ներքաշել տեսական լեզվաբանության մեջ, չնայած ամեն անգամ շատ ուղիղ իր երեսին ասում էի, որ դա ինձ չի հետաքրքրում ու դրա համար չեմ եկել էստեղ PhD անելու:

    Բայց ամենաահավորը Շինի ասած ֆիդբեքի պահն էր: Իմ թեզը պիտի չորս հոդվածից, ներածությունից ու ամփոփումից բաղկացած լիներ: Հատկապես երկրորդ հոդվածը գրելու ամբողջ պրոցեսը հսկայական տուրուդմփոց էր: Ղեկավարս ինչ-որ անորոշ քոմենթներ էր անում, որոնցից բան չէի հասկանում ու ներվայնանում էի։ Ասենք որ պատկերացնեք քոմենթի անորոշությունը, կարող ա մի ամբողջ պարբերություն նշված լինի ու կողքը բացականչական նշան դրված լինի։ Ու չեմ հասկանում՝ ինչ պիտի անեմ էդ պարբերության հետ։ Հետագայում պարզեցի, որ էդ բացականչական նշանն ինչ ասես չի նշանակում. սկսած նրանից, որ պարբերությունը լավն ա, վերջացրած նրանով, որ էդ պարբերության մեջ կա նախադասություն, որտեղ մի բառ բաց եմ թողել։ Մի անգամ ղեկավարիս ասեցի՝ եթե ֆիդբեք ես տալիս, կոնկրետացրու, էս անորոշ քոմենթներից բան չեմ հասկանում։

    Իսկական տուրուդմփոցն էդ կոնկրետացումից հետո սկսվեց։ Չնայած տեսական լեզվաբանությունն ու հոգե- և նեյրոլեզվաբանությունն իրար նման են հնչում, բայց մեկը հումանիտար գիտությունների կանոններին է հետևում, մյուսը՝ հասարակագիտական։ Մեր ոլորտում հոդվածները խստորեն հետևում են IMRAD կառուցվածքին, պիտի լինեն լակոնիկ, առանց սարուձոր ընկնելու: Իսկ տեսական լեզվաբանները կարող են ընտրել իրենց ուզած կառուցվածքը ու գրել էնքան, ինչքան ուզում են: Կոպիտ ասած, ղեկավարս իմ ոլորտում հոդված գրել չգիտի: Ու երբ գալիս էր ֆիդբեքը, ասենք առաջարկում էր ներածությունում արդյունքները գրել, արդյունքներում՝ քննարկում և այլն: Ընդ որում, երբ հրաժարվում էին ենթարկվելուց, ասում էր՝ բա որ ամսագիրը մերժի: Ահագին ուժեղ հոգեբանական ճնշում էր. ղեկավարս կոպիտ ասած ասում էր՝ եթե մերժվի, ուրեմն դու ես մեղավոր: Իսկ PhD ուսանողին վերջին բանը, որ պետք ա լսել, «դու վատն ես», «դու խելացի չես», «դու արժանի չես», «դու մեղավոր ես» տիպի արտահայտություններն են. առանց էդ էլ առավոտից իրիկուն էս մտքերը գլխումդ պտտվում են: Եթե մեկը դրսից էլ դա ասում է, ոնց որ աշխարհի վերջը լինի:

    Հոդվածը, բարեբախտաբար, չմերժվեց: Ու ամենալավն էն էր, որ էն տեղերում, որտեղ ղեկավարիս ենթարկվել էի, ղեկավարները քննադատել էին ու առաջարկել փոփոխություններ, որոնք ղեկավարս չէր ուզում:

    Բայց PhD-ս վերջացնելիս մի ուրիշ խնդրի բախվեցի: Օրագրումս կիսատ-պռատ գրել եմ դրա մասին: Վերջին էքսպերիմենտիս համար լրացուցիչ տվյալներ էին պետք, ինչը համաձայնեցի անել թեզս հանձնելուց հետո, բայց ղեկավարս ասել էր՝ պիտի անվճար աշխատես: Սկզբում համաձայնեցի, հետո նստեցի, գցեցի-բռնեցի ու մտածեցի, որ անարդար վերաբերմունք է իմ նկատմամբ: Նստեցի ղեկավարիս հետ, ինչքան հարց կար, տվեցի, ինչ կուտակվել էր ներսումս, ասեցի: Հարցրի՝ ինչո՞վ եմ վատը, որ գրեթե բոլոր PhD ուսանողներին երկարացնում են, ինձ՝ չէ: Ասաց, որ լավ պրակտիկա չի երկարացնելը: Ասեցի՝ բայց գործ կա, թեզս էլ ժամանակին հանձնում եմ, տես՝ քանի հոգի ա ժամանակին հանձնում: Ասեցի՝ եթե իմ տեղն ուրիշը լիներ, հաստատ ժամանակին չէր հանձնի. էսքան տեխնիկական թերություն ու ադմինիստրատիվ խնդիրների միջով որ ես եմ անցել, ոչ մի տեղացի ուսանող չի անցել: Ո՞ր մի դանիացի ուսանողը շաբաթը յոթ օր լաբում կաշխատեր, ինչ ա թե հասցնի: Ղեկավարս էլ թե՝ հա, ես միշտ զարմացել ու հիացել եմ քեզնով, և այլն, և այլն:

    Իհարկե, վերջում ուղղակի ստիպեցի ղեկավարիս ու ամբիոնին ինձ վարձատրել կատարածս աշխատանքի համար (էստեղ չենք ասում, որ երկու ամիս առանց պայմանագրի եմ աշխատել, ու աշխատավարձս էլ երկու ամիս ուշացել ա. սա առանձին պատմություն ա, առիթի դեպքում կպատմեմ): Բայց փաստորեն մենակ էդ երեք ամիսն էր: Էս ամսվա վերջին պայմանագիրս լրանում է, ու ինձ ամբիոնը հաջող է անում: Մնացած բոլոր PhD ուսանողները դասավանդելու ժամեր ունեն: Մեր գիտական թիմի մնացած անդամներն ավելի երկար պայմանագրեր ունեն:

    Ես կարող եմ նստել ու մտածել՝ էնքան վատն եմ, որ ինձ չեն երկարացնում: Չարախնդացողներն էլ կասեն, թե՝ էդ ես էլի, էնքան վատն ես, որ չեն երկարաձգում պայմանագիրը: Բայց ախր ինքս լավ գիտեմ իմ աշխատանքի արժեքը: Ուղղակի ամբիոնն իր առաջնահերթություններն ունի, իսկ դրա մեջ չի մտնում օտարերկրացուն ժամանակավոր աշխատանք առաջարկելը: Ու ընդհանրապես վերջերս ղեկավարիս ու հիվանդանոցի պրոյեկտի ղեկավարիս հետ հանդիպել էի: Վերջինս ինձ ահագին գովեց ու ասեց, որ ուզում է շարունակել համագործակցել: Ես էլ ոգևորվեցի, սկսեցի մտածել պոստդոկ պրոյեկտի մասին, որ գրանտ գրեմ:

    Հիմա մտածում եմ՝ կարող եմ նստել ու դարդոտել, որ իմ սերնդի PhD անողներից մենակ ես էս բախտին արժանացա. կռվով-դավով երեք ամսով կեսդրույքով պայմանագիր: Ուրեմն պիտի ահավոր վատը լինեմ: Բայց չէ, գրողը տանի: Ես գործազուրկ չեմ մնում: Ֆինլանդիայից ինձ գրել էին ու գործ առաջարկել, առանց մրցույթ անցկացնելու էլ գործի ընդունել: Սեպտեմբերից մեկի փոխարեն հինգ առարկա եմ դասավանդելու: Ու հիմա էդպես էլ անում եմ. պաշտպանությունիցս հետո էս ամբիոնից հնարավորինս հեռու: Կսկսեմ գրանտներ գրել, բայց ղեկավարս պիտի խնդրի, որ իր հետ աշխատեմ:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (25.07.2017), Smokie (09.09.2017), Աթեիստ (24.07.2017), Ծլնգ (24.07.2017), մարդագայլուկ (24.07.2017), Մուշու (25.07.2017), Նաիրուհի (25.07.2017), Ներսես_AM (24.07.2017), Շինարար (24.07.2017)

  9. #1100
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկուշաբթի նոր տուն ենք տեղափոխվում։ Էսօր սկսեցինք հավաքվել: Էնքան էլ շատ բան չունենք․ մի երկու կտոր կահույք, մեր շորերը՝ երկուսուկես ճամպրուկ, տան մնացած պարագաները՝ մի երեք արկղ: Իսկ մնացածը երաժշտական գործիքներ են, երաժշտություն լսելու ու կինո նայելու տեխնիկա։ Ու մեկ էլ տասը արկղ գիրք, կինո ու երաժշտություն։ Էս ամենն էն բանից հետո, երբ Մորթենը հինգ արկղ սիդիից ազատվեց։ Էս ամենի մեջ մի տեսակ տխուր բան կա․ մեր ունեցվածքի մեծ մասը գրականություն, երաժշտություն ու կինո:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.07.2017), GriFFin (01.08.2017), Mr. Annoying (30.07.2017), Smokie (09.09.2017), Ծլնգ (30.07.2017), Մուշու (30.07.2017), Նաիրուհի (30.07.2017), Նիկեա (30.07.2017)

  11. #1101
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ես հատու՞կ եմ իմ կյանքը քաոսի վերածում, թե՞ ուղղակի էդպես ստացվում ա։

    Իմ կյանքի ընթացքում միշտ էլ եղել են գերզբաղված ժամանակներ, երբ պիտի միանգամից մի քանի բան հասցնեի, ու գլուխս պայթում էր բոլորը միաժամանակ պլանավորելու անհնարինությունից։ Ու թեև էդ ամենի ընթացքում կարծես ավելի ճկուն եմ դառնում ու ավելի հեշտ պլանավորում կյանքիս պակաս խճճված հատվածները, միևնույն է, էդպես էլ դաս չեմ քաղում։ Կամ ուղղակի իմ կյանքն անընդհատ էդպես է դասավորվում, իսկ ես պարզեցնելու փոխարեն ուղղակի ենթարկվում եմ էդ խճճվածությանը ու սուսուփուս լուծումներ փնտրում։

    Ու հիմա էս օգոստոսի վերջն է։ Օգոստոսի 31-ին պաշտպանությունս է։ Պիտի նույն օրը նաև ընդունելություն ու փարթի կազմակերպեմ։ Դա դեռ ոչինչ, կհասցնեմ։ Բայց հենց էդ օրերին նաև նոր տուն ենք տեղափոխվում։ Իսկ սեպտեմբերից պիտի նաև Ֆինլանդիայում լինեմ։ Պաշտպանությանս առթիվ մի քանի ընկերներ տարբեր երկրներից գալու են, մեր տանն են մնալու։ Հա, մեկ էլ լիքը գրանտների դիմելու վերջնաժամկետն օգոստոսի վերջին է։ Ու մեկ էլ Լուիզիանայի գրական փառատոնը։ Թե ո՞նց եմ էսքանը հասցնելու։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (14.08.2017), Յոհաննես (02.08.2017), Նիկեա (03.08.2017)

  13. #1102
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ֆինները շատ կայֆ ազգ են։ Դեռ հինգ տարի առաջ, երբ էնտեղ սովորում էի, շշմել էի իրենց կազմակերպվածությունից։ Գերմանական կազմակերպվածություն են ասում, բայց ֆինների կողքին գերմանացիները անկազմակերպ հայեր են։ Հիմա էլ, երբ էնտեղ աշխատելու բյուրոկրատական հարցերն եմ լուծում, ամեն քայլափոխին զարմանում, թե ինչքան բարեհամբույր ու պրոֆեսիոնալ են բոլորը։

    Իմ կյանքի ընթացքում տասնյակ դեսպանատների ու իմիգրացիոն ծառայությունների հետ եմ գործ ունեցել։ Մի քանիսը լրիվ ներվերի դեղ են եղել, մի քանիսի հետ ամեն ինչ հարթ է ընթացել, բայց ֆիննական իմիգրացիոն ծառայությունը ոչ մեկի հետ չի համեմատվի․ հերիք չի դեսպանատան աշխատակցուհին էր խիստ բարեհամբույր ու հաճելի, դեռ մի բան էլ կացության քարտիս սպասելու ողջ պրոցեսն էնքան լավ էին կազմակերպել, որ ոչ մի անգամ չներվայնացա, ու նրանց զանգելու կամ մեյլ գրելու կարիք չեղավ։

    Դրան գումարած իմ նոր աշխատատեղից անընդհատ տարբեր մարդիկ գրում են, հետաքրքրվում կացության քարտովս, իրենց օգնությունն առաջարկում բյուրոկրատական հարցերը լուծելու համար, ամեն հարցիս էլ կոնկրետ պատասխանում են։ Հիշում եմ՝ երբ երեքուկես տարի առաջ պիտի Դանիա գայի, ու դեսուդեն մեյլեր էի գրում, անընդհատ իրար պաս էին տալիս, ու էդպես էլ պատասխան չէի ստանում։ Տո մինչև էսօր էլ էդպես է։

    Հետո ֆինները հետաքրքիր պարզություն ունեն։ Իրենք իրենց վրա ծիծաղում են, եղանակն ու սովորությունները ձեռ առնում։ Ասենք, հիշում եմ՝ մի անգամ Հելսինկիում, երբ համերգից հետո ամերիկացիները խմել էին ու քաղաքը վարի էին տալիս, ֆինները զարմացած հարցրին՝ էս ի՞նչ է կատարվում։ Ասեցի՝ խմած են, չե՞ք տեսնում։ Ասեցին՝ մենք էլ ենք խմած, բայց մենք որ խմում ենք, սկսում ենք խոսել։

    Էս պարզությունն ու օգնելու պատրաստակամությունը, իրենք իրենց վրա ծիծաղելը Եվրոպայում մեկ էլ իռլանդացիների մոտ եմ նկատել։ Իռլանդացիներն ու ֆինները մի ընդհանրություն էլ ունեն․ դարեր շարունակ ճնշվել են։

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.08.2017), Cassiopeia (03.08.2017), Glück (23.08.2017), GriFFin (14.08.2017), Mr. Annoying (03.08.2017), Smokie (10.09.2017), մարդագայլուկ (03.08.2017), Նաիրուհի (04.08.2017), Նիկեա (09.08.2017), Շինարար (03.08.2017), Ռուֆուս (03.08.2017)

  15. #1103
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անարդար աշխարհ շարքից

    Ով ինձ լավ գիտի, գիտի նաև, որ Կոպենհագենում ապրելու էս երեք տարիների ընթացքում վեց տարբեր հասցեներում եմ ապրել: Իսկ երբ ֆեյսբուքում ամեն անգամ նոր հայտարարությունս հայտնվել ա, միշտ էլ եղել են «խելացիներ», ովքեր Երևանից կամ այլ վայրերից էստեղ զանազան խորհուրդներ են տվել, թե ոնց տուն ճարեմ՝ առանց հասկանալու էստեղի շուկայի առանձնահատկությունները:

    Իսկ վարձով տուն ճարելը Կոպենհագենում խնդիր է մի քանի պատճառով: Առաջին հերթին, քաղաքը շատ մեծ արագությամբ աճում է, չեն հասցնում նոր բնակավայրեր կառուցել: Քսան-երեսուն տարի առաջ ջահելներն ուսումն ավարտելուն ու երեխա ունենալուն պես տեղափոխվում էին արվարձաններ՝ տեղ ազատելով նորեկների համար: Հիմա մնում են քաղաքում, իսկ նորեկները գալիս են, տեղ չի լինում: Երկրորդ խնդիրն այն է, որ վարձով տներն իրենք իրենցով ահագին քիչ են: Ջահել դանիացիները հիմնականում առնում են տներ: Իսկ դա տեղի է ունենում էսպես կոչված կոոպերատիվների շնորհիվ, ինչի արդյունքում բավական էժան գներով կարելի է դառնալ բնակարանի մասնակի սեփականատեր դառնալ: Հաճախ էդպիսի տներ առնում են, մի սենյակն էլ վարձով են տալիս վարկը փակելու համար, իրենք լրիվ ձրի ապրում են քաղաքում: Հենց էդ պատճառով է, որ սենյակ ճարելն առանձնապես դժվար չէ:

    Երրորդ պատճառն այն է, որ գոյություն ունեցող վարձով բնակարանների վրա հսկայական հերթեր են: Դանիացիներն իրենց երեխաներին հերթագրում են ծնված օրվանից, որ հենց չափահաս դառնան, հերթը հասնի: Չորրորդն էլ այն է, որ ոչ ոք չի ուզում երկարատև պայմանագիր տալ, որովհետև ըստ օրենքի մի տեղում երկու տարուց ավելի բնակվելու դեպքում տան տերը չի կարող քեզ դուրս հանել: Հինգերորդ պատճառն այն է, որ էստեղ ամեն ինչ նեթվորքինգով է, այսինքն՝ երբ հարմար տուն է ազատվում, առաջինը մոտիկ ծանոթներին է հասնում: Լինելով օտարերկրացի ու չունենալով էդքան մեծ նեթվորք՝ էդպիսի տներն ինձ անհասանելի են դառնում: Ի վերջո, օգտվելով շուկայում տիրող իրավիճակից՝ որոշ սեփականատերեր իրենց տների վրա աստղաբաշխական գներ են դնում, ու անգամ իմ նորմալ, միջին աշխատավարձով չեմ կարող էդպիսի վարձ վճարել: Արդյունքում՝ ստանում ենք այն, ինչ ունենք. վեց տեղափոխություն երեք տարվա մեջ:

    Ներկայիս բնակավայրն իրականում ամենահարմարներից է: Ընկերս, լինելով դանիացի ու ունենալով մեծ նեթվորք, հարմարացրել էր մի սենյակ քաղաքի բավական լավ հատվածի կոոպերատիվ շենքերից մեկում: Ու քանի որ տանտերը, միևնույն է, էնտեղ չէր ապրում, կարողացավ համոզել, որ ամբողջ բնակարանը վարձով տա: Էդպես հայտնվեցի բավական լավ իրավիճակում. ընկերոջս հետ ապրում եմ մի ամբողջ բնակարանում (ասեմ, որ նույնիսկ լիքը ջահել զույգեր են վարձած սենյակներում ապրում), ու պայմանագիրն էլ վերջնաժամկետ չունի: Այնուամենայնիվ, գիտեինք, որ ինչ-որ մի պահի տանտերը վաճառելու է բնակարանը: Մտածում էինք՝ հենց մենք էլ կլինենք գնորդները, կապրենք էդ բնակարանում մինչև մի օր երեխա կունենանք, կտեղափոխվենք քաղաքից դուրս:

    Ու էսպես տանտերը վերջերս հայտնեց, որ տունն ուզում է վաճառել: Մենք էլ խելք խելքի տվեցինք, մեր հնարավորություններն ի մի բերեցինք ու որոշեցինք հերթով բոլոր բանկերը այցելել, տեսնել՝ մեզ վարկ կտա՞ն, թե՞ չէ: Ամեն ինչ շատ պայծառ կլիներ, եթե չլիներ մի հսկայական բայց:

    Կոոպերատիվներում չգրված օրենք կա, ըստ որի վաճառվող բնակարանն առաջին հերթին առաջարկվում է հարևանին: Ու հենց սա է պատճառը, որ վերջին տարիներին ընտանիքները մեծանալուց հետո չեն տեղափոխվում արվարձաններ: Պարզապես գնում են հարևան բնակարանը, կպցնում իրար, ստանում մեծ, շքեղ ու էժան բնակարան քաղաքի կենտրոնում: Մենք մտածում էինք՝ դժվար սա մեզ սպառնա, որովհետև մեր հարևանուհին քսանմեկ-քսաներկու տարեկան ջահել աղջիկ է, ու իր բնակարանն իրեն էս պահին էլ է հերիք, եթե ապագայում որոշի բոյֆրենդի հետ ապրել, դրա համար էլ հերիք կլինի: Բայց հանկարծ պարզվեց, որ հարևանուհին ուզում է այս բնակարանը:

    Ինչու՞ պիտի քսանմեկ-քսաներկու տարեկան աղջիկը երկրորդ բնակարան ուզի, երբ սկի ֆինանսապես էլ չի կարող իրեն թույլ տալ: Դա նաև տեղի է ունենում հարուստ ծնողների ճնշման տակ: Քանի որ քաղաքում կա բնակարանային խնդիր, ու հարևանի վաճառվող բնակարանը գտած բան է, հարուստ ծնողները կարող են հարևանի անվան տակ գնել բնակարանը ու տրամադրել իրենց մյուս երեխային, որը շուտով տասնութ տարեկան է դառնալու ու գնալու է քաղաք սովորելու:

    Փաստորեն, մտածում էի՝ բնակարանի խնդիրը մեկընդմիշտ լուծել ենք: Ուրեմն չէ, առաջիկա ամիսներին սպասվում է յոթերորդ տեղափոխությունը: Գժվել կարելի է: Իսկ մինչ այդ քրֆում եմ բոլոր հարուստներին ու բոլոր նրանց, ովքեր թույլ են տալիս, որ հարուստներն իրենցով անեն աշխարհը:
    Երեքշաբթի օրվա կրակոցները մեր հին փողոցում են եղել։ Մտածում եմ՝ եթե դեռ էնտեղ ապրեինք, լեղաճաք էի լինելու։ Մտածում եմ՝ ինչ լավ է, որ հեռացանք էդ տնից։ Մեզ համար էր լավ։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.08.2017), Mr. Annoying (10.08.2017), Smokie (09.09.2017)

  17. #1104
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ակադեմիական աշխարհի իրարից սարուձոր տարբերվող պահանջներն ինձ արդեն սպանում են, լուրջ եմ ասում։

    Ուրեմն լիքը տեղեր պոստդոկի էի դիմել, բոլորից մերժում ստացա։ Հիմնավորումն էն էր, որ կա՛մ իրենց ուզած մեթոդին չեմ տիրապետում, կա՛մ իմ թեման իրանցինի հետ չի բռնում։ Խելքին մոտ հիմնավորում․ PhD-իս ընթացքում ես TMS-ի մեջ եմ հմտացել, որը ոչ բոլոր տեղերում ա հասանելի, թեմաս էլ՝ լեզու։ Եթե TMS-ով մարմնի ընկալում են անում ասենք, թեմաս չի բռնում։ Եթե ԷՈւԳ-ով լեզու՝ մեթոդս չի բռնում։ Ես իմ նամակներում իրականում գրում եմ, որ շատ արագ եմ նոր բաներ սովորում, որ ուզում եմ ինքս իմ առաջ մարտահրավերներ նետել ու հաղթահարել և այլն։ Բայց իրանց հետաքրքրում ա մենակ երկու բան․ իրանց ուզած մեթոդը գիտե՞մ, թե՞ չէ, իմ թեման իրենց համապատասխանու՞մ ա, թե՞ չէ։

    Էս համակարգչային լեզվաբանության պոստդոկին էլ նորից եմ դիմել։ Դիմելուց առաջ նամակ գրեցի, հարցրի, թե ինչու ինձ հարցազրույցի չէին կանչել։ Ասեցին, որ որտև մենակ ինչ-որ ստատիստիկ ծրագրերով աշխատել գիտեմ, ծրագրավորում չգիտեմ։ Ուրեմն ինձ բացեց, որ իրանք խաբար չէին, որ R-ը ծրագրավորման լեզու ա, PsychoPy-ն էլ Python-ով ա աշխատում։ Նոր դիմումիս մեջ արդեն գրեցի, որ ստատիստիկ վերլուծություններս R-ում ծրագրավորելով եմ արել, էքսպերիմենտներս էլ PsychoPy-ում ոչ թե կառուցել եմ, այլ ծրագրավորել։

    Էսօր էլ հիվանդանոցի գիտական թիմի ղեկավարի հետ էի հանդիպել, որ քննարկենք, թե ինչ պոստդոկ ծրագրերի կարամ դիմեմ։ Ես արդեն հին փորձիցս խերված, համեստի մեջ ասում եմ՝ ուզում եմ TMS ու լեզու անել, թեզիցս բխած նոր գաղափարներ եմ առաջ քաշում։ Ու ի՞նչ ասի, որ լավ լինի։ Ասում ա՝ բավականաչափ ամբիցիոզ չես։ Բա չե՞ս ուզում նոր մեթոդ սովորել կամ թեմաներիդ շրջանակը լայնացնել։

    Դե արի ու գլուխ հանի։ Էս ինչքան բարդ ա մարդկանց համոզելը

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.08.2017), GriFFin (14.08.2017), Mr. Annoying (11.08.2017), Smokie (10.09.2017), մարդագայլուկ (11.08.2017), Նիկեա (11.08.2017), Շինարար (11.08.2017)

  19. #1105
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում մարդիկ կան, որոնց գրառումները չեմ կարդում։ Կամ եթե նույնիսկ կարդում եմ, չեմ պատասխանում, բանավեճի մեջ չեմ մտնում, բայց ոչ որովհետև ասելիք չունեմ։ Թե ինչու բանավեճերի մեջ չեմ մտնում, պատճառները տարբեր են։ Կոնկրետ Ռայադերին ուշադրություն չդարձնելուս գլխավոր պատճառն իր վերաբերմունքն է դիմացինի նկատմամբ։ Մի օր ես հասկացա, որ իր համար մարդիկ ոչ մի արժեք չունեն, ու պետք եղած դեպքում ինչքան ուժ ունի, տրորում է։ Ու կապ չունի՝ այդ մարդու հետ որքան մտերիմ է եղել, քանի տարի է ճանաչում և այլն։ Բոլորի հերթը մի օր հասնում է։ Ու մի օր իմ հերթն էլ հասավ։

    Իսկ երբ իմ հերթը հասավ, ինձ տրորելուց ու վերջին վիրավորանքները հնչեցնելուց բացի փորձում էր մի թեմայի շուրջ բանավեճ ծավալել, որի մասին ակնհայտորեն բան չգիտեր։ Չգիտեր ու ձևացնում էր, թե գիտեր։ Հետո հասկացա, որ Ռայադերի փայլուն ինտելեկտի նկատմամբ հիացմունքը շարունակվում է միայն մինչև այն պահը, երբ նա մուտք է գործում մի տարածք, որից քիչ թե շատ տեղեկացված ես։ Էդտեղից իր բոլոր սիրուն-սիրուն բառերով ու հղումներով հիմնավորված գիտելիքները փուչիկի պես պայթում են։ Իսկ բանավեճն անիմաստ է դառնում, որովհետև քո կոնկրետ պատասխանին ու հիմնավորմանը պատասխանում է մի տոննա վիրավորանքներով ու նոր անվստահելի հղումներով։ Ու հասկանում ես, որ տվյալ անձի նպատակը բնավ բանավեճը չէ, այլ դիմացինին հնարավորինս ստորացնելն ու իր կարծիքով գիտելիքներով փայլելը։ Երբ զանազան թեմաներում Ռայադերը փայլատակում է իր երկարաշունչ գրառումներով ու լիքը շնորհակալություններ ստանում, ես լուռ հետևում եմ երկրպագուների այդ բանակին ու մի հարց տալիս․ այդ մարդիկ իրո՞ք հավատում են գրածներին, թե՞ ձայն չեն հանում՝ վախենալով, որ հաջորդն իրենց վրայով է անցնելու։

    Ակումբում կան նաև մարդիկ, որոնց հետ բանավիճելը հաճելի է, կարծիք լսելը՝ հետաքրքիր, անգամ եթե համաձայն չեմ, ու արդյունքում լիքը նոր բան եմ սովորում։ Ծլնգն էդ մարդկանցից էր։ Ու անկեղծ ափսոսում եմ, որ առողջ բանականությամբ ակումբցիների թիվը մեկով պակասեց։

    Չգիտեմ էլ ինչու եմ էսքանը գրում։ Վերջին օրերին՝ Ծլնգից անկախ ու սկսած ֆեմինիզմի թեմայի տուրուդմփոցից, ինքս իմ մեջ գցում-բռնում եմ՝ մնա՞մ ակումբում, թե՞ չէ։ Իմ ամբողջ կյանքում ինչից էդքան փախել եմ ու ինչի դեմ էդքան պայքարել եմ, մի գիշերում հենց ֆեմինիզմի ու կողքի նորաբաց թեմայում ուղիղ դիմացս դուրս եկավ`գեշ ու զզվելի։ Ու ինքս ինձ անընդհատ հարցնում եմ՝ ինձ պե՞տք է էդպիսի միջավայրում լինել։ Որպեսզի որևէ մեկն իր վրա չվերցնի կամ ենթադրություններ չանի, թե ես ինձ ինչ-որ մեկից բարձր եմ դասում, պարզաբանեմ, որ «էդպիսի միջավայր» ասելով նկատի ունեմ պսևդոինտելեկտուալին բացահայտ աջակցությունն ու սեքսիզմը։

    Հիմա նստած մտածում եմ՝ ինչ կստանամ ու ինչ կկորցնեմ ակումբից գնալով։ Երկու սյունակում էլ, ցավոք, թվարկելու լիքը բան կա։

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.08.2017), laro (03.12.2017), Smokie (10.09.2017), Srtik (18.08.2017), Արշակ (18.08.2017), Դեղին մուկիկ (16.08.2017), Նիկեա (16.08.2017), Ուլուանա (26.08.2017), Ռուֆուս (16.08.2017)

  21. #1106
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց, միևնույն է, չեմ հասկանա, թե ինչու էսքան սիրեցի Ֆինլանդիան: Համակուրսեցիներս հեռանում են՝ հավատացած լինելով, որ այլևս երբեք Յոենսու չեն գա: Իսկ ես վստահ եմ, որ մի օր վերադառնալու եմ:
    Երկու նոր կամրջից բացի վերջին հինգ տարվա մեջ Յոենսուում գրեթե ոչինչ չէր փոխվել: Շտեֆանի մազերն էին սպիտակել։ Հրապարակի ձկան արձանի պոչը պոկվել էր, ռեզինով նորից կպցրել էին։ Իռլանդական փաբի փոխարեն ուրիշ փաբ էր: Մնացած ամեն ինչը նույնն էր։ Անգամ այն գրասենյակը, որն ինձ տրամադրեցին, լրիվ նույնն էր մնացել՝ գրադարակների գրքերի ճշգրիտ նույն հերթականությամբ։

    Գրասենյակը թոշակի անցած պրոֆեսորինն էր։ Եթե հարցնեն՝ աշխարհում ով է ամենահայտնի ֆին նեյրոլեզվաբանը, հաստատ նրա անունը կտան։ Այդ պրոֆեսորն ինձ էլ է դաս տվել, բայց դասի մեծ մասն անցնում էր ռասիստ ու սեքսիստ հռետորաբանությամբ ու միայն մի փոքր մաս տրամադրվում իսկական դասին։ Մի տեսակ զվարճալի է, որ հենց ես եմ նրան փոխարինելու։

    Քաղաքի կենտրոնում եմ ապրելու մի ֆրանսուհու հետ, որին դեռ չեմ տեսել։ Երբ չինացի տանտերս ասաց, որ ֆրանսուհի ռումմեյթ եմ ունենալու, ուսերիցս բեռ ընկավ։ Ընդհանրապես, էնքան էլ լավ բան չէ, երբ տանտերը քեզ հետ նույն տանն ապրում է, որովհետև հաճախ իրավունքներդ սահմանափակում է։ Իսկ էսպես մենք իրավահավասարներ կլինենք։ Կարծեմ տանտերս նկատեց ուրախությունս, բայց ես նրան ասացի, որ տան համար եմ ուրախացել․ այն ավելի լավն էր, քան պատկերացնում էի։

    Ու իրոք ավելի լավն էր։ Կոպենհագենի բնակարանային խնդիրներն էնքան վատ են ինձ վրա ազդել, որ ինձ համար շոկային էր քաղաքի կենտրոնում կահավորված հսկայական սենյակ տեսնելը, դեռ հետն էլ հյուրասենյակ ու խելքին մոտ վարձ։

    Բյուրոկրատական հարցերից հոգիս դուրս եկավ։ Ես ամեն անգամ մոռանում եմ, թե որքան բարդ է նոր պետություն տեղափոխվելը։ Ամեն անգամ մոռանում եմ ու նորից անում։

    Յոենսուում երեկոյան ժամերին կյանքը մեռնում է։ Հիմա քանի որ ուսանողներն էլ չկան, ընդհանրապես ոչինչ չի կատարվում։ Ընթրիքի համար բաց ռեստորան գտնելն իսկական գլխացավանք էր․ յոթից հետո բոլորը փակվում են։

    Հետդարձին գնացքով էի։ Մոռացել էի, թե որքան հարմարավետ են ֆիննական գնացքները․ անվճար վայֆայ, լիցքավորման տեղ, սեղան, ոտքերի համար լայն տարածք։ Գուցե էդքան էլ դաժան չլինի Կոպենհագեն գնալ-գալը։

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.08.2017), Mr. Annoying (18.08.2017), Smokie (10.09.2017), Արշակ (18.08.2017), Նիկեա (19.08.2017), Շինարար (18.08.2017)

  23. #1107
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ գիտական կարիերայի էս փուլում անկախ գրանտների չեմ կարող դիմել, ինչը նշանակում ա, որ պիտի ճարեմ որևէ պրոֆեսորի, որը կհամաձայնի, որ իր մոտ պոստդոկ անեմ, ու կա՛մ անհատական պոստդոկի գրանտ գրեմ, կա՛մ պրոֆեսորին խնդրեմ, որ իր խմբային գրանտի մեջ ինձ ներառի։ Ու քանի որ վաղուց սովորել եմ, որ հաջողության համար պետք ա ուղղակի շատ փորձել, երկու տարբերակն էլ անելու եմ տարբեր գիտական հաստատություններում։ Բայց քանի որ իմ աշխարհագրությունը սահմանափակվում է Դանիայով, իսկ ավելի խիստ լինելու դեպքում նույնիսկ Կոպենհագենով, մոտ ապագայում հիմնական աշխատանքս Ֆինլանդիայում է, իսկ գրանտների դիմումների դեդլայնները մոտենում են, ինձ մնում է միայն դիմումներ գրել ինձ արդեն ծանոթ գիտական խմբերի հետ։

    Այդ ծանոթներից մեկն էլ իմ PhD-ի ղեկավարն էր։ Առաջարկեցի օգնել, որ միասին խմբային գրանտ գրենք, որտեղ Սիլվիան նույնպես կներառվի։ Ղեկավարս, բնականաբար, ուրախացավ, որ իր գործը պիտի ուրիշն անի, էն էլ անվճար։ Ու ես գործի անցա։ Ինձ առաջարկեց օգտվել մի հին գրանտի դիմումից, որը մերժվել էր։ Նոր գրելը հենց հինը կարդալով սկսեցի։ Ու երբ վերջացրի, ամբողջ տեքստից ուղղակի ճչում էր, թե ինչու է դիմումը մերժվել. ոտքից գլուխ տեսական լեզվաբանություն էր, ու տպավորություն էր ստեղծվում, որ ագրամատիզմ ունեցող անձիք գործածվում են լեզվաբանական տեսական պատերազմներում։

    Իրականում ես տեսական գիտությանը դեմ չեմ, չնայած ինքս բնույթով տեսաբան չեմ։ Բայց էդ բոլոր գրանտների դիմումները հազար մարդ է կարդում, ու հաճախ այն դիմումները, որոնք ցույց չեն տալիս, թե մարդկությանն ինչ օգուտ են տալու, մերժվում են։ Դրա համար ղեկավարիս գրեցի, որ էս նոր դիմումը մի քիչ ուրիշ ձևով գրենք. էլի իր տեսությունը, էլի նույն հիպոթեզները, բայց շեշտենք, որ մեզ հետաքրքրում է, թե ոնց են ագրամատիզմ ունեցողներն ինսուլտից հետո վերականգնվում։ Կոպիտ ասած, տեսությունն օգտագործենք մարդկությանն օգուտ տալու համար։ Պատասխա՞նը։ Ասում է՝ եթե ես եմ դիմողը, ուրեմն պիտի արդարացված լինի իմ դիմելը, հետևաբար տեսություն-ֆլան-ֆստան։ Ասում եմ՝ հա, էլի տեսություն, չենք հանում, թափում տեսությունը, բայց ագրատիզմ ունեցողներին օգնելու կոնտեքստում պիտի գործածենք։ Սա թե՝ չէ որ չէ, փողը չեն տա։ Հա բայց ախր սենց տեսությամբ ծանրաբեռնված դիմումը կես տարի առաջ մերժել են։ Իմաստ ունի՞ նորից նույնը գրելն ու սպասելը, որ կֆինանսավորեն։

    Մորթենին պատմեցի, ասում ա՝ insanity is doing the same thing over and over again and expecting different results.

    Էս ակադեմիան շատ դաժան տեղ ա։ Առաջ գնալու համար լավ մասնագետը հերիք չի։ Պիտի նաև դիվանագիտություն սովորես, ինչն ինձ մոտ էնքան էլ լավ չի ստացվում։

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.08.2017), Cassiopeia (21.08.2017), Mr. Annoying (21.08.2017), մարդագայլուկ (21.08.2017), Շինարար (21.08.2017), Ուլուանա (22.08.2017)

  25. #1108
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Լուիզիանայի գրական փառատոնի ժամանակ, երբ Այլին Մայլզն իր «Ամերիկյան բանաստեղծությունն» էր կարդում, իսկ ես երբեմն-երբեմն հեռախոսիս էի նայում ոչ թե ձանձրույթից, այլ սովորությանս համաձայն, մի բան մտքովս անցավ. ինչքան ժամանակ եմ անիմաստ կորցնում ինտերնետներում: Ամեն տարի Լուիզիանայից վերադառնում եմ լիքը նոր բացահայտումներով ու նոր գրքերի տրցակով, որոնք էդպես էլ չեմ հասցնում կարդալ: Ընթացքում դրանց միանում են նորերը, կարդալիք գրքերիս ցանկն անվերջ աճում է, բայց դրանց տրամադրված ժամանակը լավագույն դեպքում նույնն է մնում:

    Անհամբեր սպասում եմ մյուս շաբաթվա ավարտին, որ գլուխս խախանդվի, ու սկսեմ զբաղվել վաղուց հետաձգված գործերով։ Չգիտեմ էլ էդքան բան, որ լցրել եմ սեպտեմբեր, ո՞նց եմ հասցնելու։ Մյուս շաբաթվա հետ կյանքիս մի փուլ ավարտվելու է, սկսվելու է նորը։ Երևի լավ կլինի, որ այդ նոր սկզբի նոր նոր սովորություններ ձեռք բերեմ, մասնավորապես՝ կրճատեմ օնլայն ներկայությունս ու շատացնեմ կարդալուն ու այլ գործերին տրամադրվող ժամանակը: Ի վերջո, գիտեմ, որ կյանքիս ընթացքում չեմ հասցնելու կարդալ ծրագրածս բոլոր գրքերը, բայց ոչ էլ ուզում եմ վերջում փոշմանել, որ էս ու էն բանը չեմ հասցրել անել, որովհետև ժամանակին նախընտրում էի ֆեյսբուքում կամ ակումբում զվռնել։ Վերջերս իմ ԱԴԴ-ն սարսափելի չափերի է հասել։ Նույնիսկ երբ չեմ աշխատում, ուշադրությունս չեմ կարողանում մեկ-երկու րոպեից ավելի կենտրոնացնել:

    Իսկ Յոենսուում երևի կստացվի ուզածս բաներից շատերն անել։ Համենայնդեպս, անցյալ անգամ շատ լավ էր ստացվում։ Այս անգամ, ոնց հասկանում եմ, նույնիսկ ավելի շատ ժամանակ եմ ունենալու, որովհետև էդ քաղաքում ուսանողներից բացի ուրիշ օտարերկրացի չկա, իսկ ես էներգիա չունեմ մի տարվա համար ֆինների հետ մտերմանալու համար։ Ու հիմա աչքերս փակում եմ ու հիշում կյանքիս ամենապրոդուկտիվ ամիսները Յոենսուում: Ուզում եմ վերադառնալ դրան:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (25.08.2017), Smokie (10.09.2017), մարդագայլուկ (26.08.2017), Նաիրուհի (26.08.2017), Նիկեա (25.08.2017)

  27. #1109
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտ մի ամիս առաջ երբ Սանան ներողություն խնդրեց, որ չի կարողանա օգոստոսի վերջին Կոպենհագեն գալ, նաև ասաց, որ պաշտպանությունը նման է հարսանիքի․ լիքը բան ունես պատրաստելու։ Էդ զգացողությունն ունեցա, երբ փարթիի համար տեղ էի փնտրում ու ուտելիք պատվիրում։ Հետո ինչ-որ տեղ նմանվում է ծննդյան օրվա, որովհետև բոլորը կապի տարբեր միջոցներով սկսում են գրել քեզ։ Բայց տարբերվում է ծննդյան օրվանից, որովհետև գրում ու զանգում են մի օր առաջ ու ոչ թե շնորհավորում են, այլ հաջողություն մաղթում։

    Իսկ պաշտպանությանս նախորդ օրը մենք հավաքում էինք մեր նոր պահարանը, և միայն երեկոյան նստել, թեզս եմ կարդում, որ տեսնեմ՝ ինչի մասին է։ Ասում են՝ շատերը պաշտպանության փորձն անտիկլիմակտիկ են համարում, որովհետև սկզբում սարսափում են հարցերից, իսկ հետո պարզվում է, որ ոչ ոք նեղելու մտադրություն չուներ, ու ամբողջ ընթացքն ընդամենը մասնագիտական քննարկում էր։

    Իմ վախը ժամանակի հետ ավելի է մեծանում։ Ուղղակի չեմ պատկերացնում ինքս ինձ երեք ժամ շարունակ լսարանում կանգնած՝ հարյուրավոր մարդկանց առաջ ու օպոնենտների հարցերին պատասխանելիս։ Եղբայրս էսօր գրեց՝ վաղը հարձակու՞մդ ա։ Երևի էդպես էլ տրամադրվեմ․ հարձակում, ոչ թե պաշտպանություն։

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.08.2017), boooooooom (30.08.2017), Cassiopeia (30.08.2017), GriFFin (30.08.2017), Mr. Annoying (31.08.2017), Smokie (10.09.2017), Նաիրուհի (03.09.2017), Շինարար (30.08.2017)

  29. #1110
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին օրերին լրիվ էս երգն եմ


  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (08.11.2017)

Էջ 74 78-ից ԱռաջինԱռաջին ... 2464707172737475767778 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  2. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  3. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 220
    Վերջինը: 05.01.2014, 14:27
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •