Երկար, շատ երկար նախաբան էի մտածել այս թեմայի համար: Թեմայի ընթացքն ուղղորդող խոսքեր մշակել... բայց որոշեցի այդ ամենը մոռանալ ու պարզապես դնել շարժումից ծնված մի քանի ստեղծագործություն հենց քաղաքականություն բաժնում: Թեման ինքն իրեն կստանա իր ընթացքը...
Ավելացվել է 58 վայրկյան անց
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ
Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: Նախասրահում կիսախավար էր: Հենվեց դռանը, խոր շնչեց տան, ի՛ր տան յուրահատուկ հոտը՝ մոմած հատակի, սենյակային ծաղիկների, խոհանոցի, հազիվ զգացվող օծանելիքի, կախիչի ու պատի արանքը խցկած որդու սպորտային կոշիկների քրտնքի ու էլի շատ հոտերի խառնուրդը: Սովորականի պես լույսը չվառեց, գիտեր, որ դեմքը համարյա անճանաչելի էր՝ լարվածությունից, նյարդերի անմարդկային պրկումից, չարության հասնող անզորությունից: Մի կարճ ժամանակ էր պետք՝ ներքուստ հավաքվելու, դեմքի մշտական հանդարտ ինքնավստահությունը վերագտնելու համար... Նախասենյակից սենյակները տանող դռների ետեւում տնեցիների սովորական կյանքն էր: Կինը խոհանոցում է, ըհը, կաթսայի կափարիչը ձեռքից սահեց, բայց հասցրեց բռնել, ու միայն խուլ թմփոց լսվեց: Տղայի սենյակից երաժշտության ձայնն էր հասնում. ինքը մտել է համակարգիչի մեջ, իսկ բիթլզները երգում են երեկվա մասին: Ինքն էր որդուն տվել նրանց ձայներիզը, այդ օրվանից նա միայն «Բիթլզ» է լսում: Ժպտաց կամ ժպիտի նման մի բան դեմքին երեւաց՝ վերջին օրերի մեջ առաջին անգամ: Այդ կիսատ ժպիտից դեմքը ցավեց: Ձեռքը տարավ, շոշափեց... հա, մկանները լարված են, դրանից է:
Աղջկա սենյակում լռություն է, նա, բերանքսիվայր պառկած բազմոցին, կարդում է:
Սա է իրենը, այս փոքրիկ աշխարհի համար է ապրում, իսկ մի քանի ժամից նորից կգնա Հրապարակ, կկանգնի նրանց դեմ-հանդիման ու... Թուլացրեց փողկապը, լույսը վառեց: Հայելու միջից նայողին ստիպեց սրված դիմագծերը հարթել ու մտավ խոհանոց:
- Եկա՞ր... հիմա կճաշենք,- կինը մոտեցավ, թեթեւ գգվեց ու հարցական նայեց:- Ինչպե՞ս անցավ օրդ:
- Սովորականի պես,- դիմացավ կնոջ հայացքին:
- Հա...,- այնքան դժգույն հնչեց կնոջ «հա»-ն, որ տասնութ տարվա մեջ առաջին անգամ ինքը չհասկացավ. դա հա՞րց էր, հաստատո՞ւմ, թե՞ դատապարտված իմացություն:- Հիմա կճաշենք:
Հովսեփը մտավ ննջասենյակ, պիջակը խնամքով կախեց աթոռի թիկնակից, սովորության համաձայն ափը սահեցրեց ուսադիրների վրայով, կարծես մեկ-մեկ հաշվելով աստղերը, գնաց լոգարան: Լվացվեց՝ առանց հայելուն նայելու, դուրս եկավ պատշգամբ՝ երեխաների ծնվելուց հետո սենյակում չէր ծխել: Մայրամուտ էր, վաղը լավ օր է լինելու... Լսողությունը լարեց՝ ոչ, Հրապարակը հեռու է, ձայները չեն հասնում: Խտացող մշուշի մեջ հեռվում ուրվագծվող Հրապարակը ոնց որ կղզի լիներ՝ առանձնացած, ինքն իրենով, անիրական... Կիսատ ծխախոտը շպրտեց, ներս մտավ:
Սեղանին՝ տատից մնացած անգլիական ճենապակե սկուտեղն էր, հատուկ տոլմայի համար, կողքը՝ մորից հիշատակ մնացած բյուրեղապակյա երկարվիզ գրաֆինը: Սա իրենն է. այս սեղանը, գրաֆինը, որ սեղանին է դրվում միայն շաբաթամուտին ու մեկ էլ, երբ հյուր են ունենում: Այս կարգն էլ տատից է՝ սկուտեղի ու գրաֆինի հետ ժառանգած: Սա է իրականը՝ գերդաստանի ավանդական օրենքներով ապրող իր տունն ու ընտանիքը:
- Պա՞, էդ ե՞րբ եկար,- տասնվեցամյա որդու զարմանքի մեջ մանկական ուրախություն կար:
- Տանկով էլ տուն մտնեմ՝ քո համակարգիչն ու բիթլերը կթողնե՞ն, որ գալս իմանաս:
- Ի՞նչ տանկ, տանկի անուն չտաս,- չգիտես ինչու վախեցավ կինը՝ աղամանը ձեռքին անճարակ քարանալով սենյակի մեջտեղում:
- Քե՞զ ինչ եղավ,- չթաքցնելով սրտնեղությունը, Հովսեփը նստեց, իրեն մոտեցրեց գրաֆինը:- Ու չհամարձակվես աղամանը խոհանոց տանել, հազիվ էս մի անգամը, առանց մեր հիշեցման, աղամանը սեղանին էր լինելու:
- Ի՞նչ... էս մի անգա՞մը...,- անկեղծ վիրավորվեց կինը:
- Արամ, ես չէ՝ դու...
- Դե լավ, մամ, պապան չափազանցրեց,- Արամը սպասեց, մինչեւ մայրը, աղամանը ձեռքից բաց չթողնելով, նստեց, անմեղ շարունակեց:- Սա երկրորդ անգամն է:
- Դե, սա արդեն...,- անզոր հերսոտեց, աղամանը դրեց սեղանի կենտրոնում:- Իրականում սա երրորդ անգամն է:
Նրանց ծիծաղից Հովսեփի սիրտը ջերմացավ:
- Լուսինե՞ս ուր է...
- Այստեղ եմ,- աղջիկը սրընթաց ներս մտավ, մոտեցավ, գրկեց հորը, չլմփոցով համբուրեց:- Պապ ջան, եթե իմանաս...
- Ինչքա՜ն եմ կարոտել,- նրա ձայնով շարունակեց եղբայրը:- Օրիգինալ չես:
- Սերը օրիգինալ լինելու կարիք չունի... Լավ ասացի, չէ՞, պապ ջան: Սոված մեռա:
Հովսեփը վերցրեց բաժակը, երեք զույգ աչքեր սպասեցին սովորական կենացին. «Փառք քեզ, Աստված»: Բայց նա հապաղում էր, կարծես առաջին անգամ էր տեսնում հյուրասենյակը, որտեղ իր հարսանիքն էին նշել ու որտեղից ծնողներին վերջին հրաժեշտը տվել, անծանոթ լինելու աստիճան աչքին նոր էին թվում հարյուրհիսունամյա պատի ժամացույցն ու հոր կաղնեփայտ ճոճաթոռը: Հերթով նայեց՝ կինը, որդին, աղջիկը... իրենը, ամենահարազատն ու կյանքից առավել թանկը: Վերջին օրերի դառնությունից կոկորդը քերծվեց, աչքերը խոնավացան, բաժակ բռնած ձեռքն աննկատ դողաց:
- Աստված պահի մեզ... բոլորիս,- ու խմեց: Ու չզարմացավ, որ տնեցիները հասկացան: Ծանր լռությունը խախտեց Հովսեփը:
- Լուսինե, այսօ՞ր ինչ էիր կարդում,- չէր էլ թաքցնում, որ ուշքը գնում է դստեր համար:
- Չէի կարդում, գրում էի:
- Բանաստեղծությո՞ւն,- իր մասին հիշեցրեց Արամը:
- Ռեֆերատ,- միաժամանակ հասցրեց լեզու ցույց տալ, դեմքը ծամածռել ու պատասխանել եղբորը:
- Թեմա՞ն... ինչի՞ մասին է,- Հովսեփը հիացավ նրա՝ արդեն երեւակվող գեղեցկությամբ:
- Պատասխանատվության: Վերջապես խելքը գլխին գրականության ուսուցիչ ունեցան, գրողների ծնված-մեռած թվերը անգիր անելու փոխարեն մտածել է սովորեցնում:- Կինը խոսելու ընթացքում երկու տոլմա դրեց որդու ափսեի մեջ՝ աճող օրգանիզմ է:
- Այսի՞նքն...,- մտովի նշելով, որ կինը ամեն ինչ կամ համարյա ամեն ինչ գիտե զավակների մասին, ուշադիր նայեց աղջկան:
- Դե... ինչ է պատասխանատվությունը... էդ հանգի բաներ, բայց ինձ ուրիշ բան հետաքրքիր թվաց... Ես ուզում եմ ճշտել...,- աստիճանաբար ոգեւորվելով, աղջիկը սովոր շարժումով քաշքշում էր մազափունջը:- Ե՞րբ է պատասխանատվությունը վերածվում...,- փնտրեց բառը, չգտավ:- Մի ուրիշ բան է դառնում:- Ի պատասխան երեք զույգ հարցական հայացքների՝ անցավ շուտասելուկի:- Դե... ասենք, դու անում ես, ինչ պիտի անես, ճիշտ, տեղը տեղին...
- Արհեստավարժ կերպով,- իբր քթի տակ ասաց Արամը:
- Թեկուզ... բայց մինչեւ ո՞ւր, ե՞րբ, ո՞րն է սահմանը...
- Հանգիստ, քանի անգամ եմ ասել, վրա մի տուր,- հյութով բաժակը մեկնեց մայրը:- Շունչ քաշիր:
- Ինչպես թե... Բառն արդեն չի՞ նշում սահմանները...,- Հովսեփը զարմացավ, որ անհամբեր սպասում է աղջկա պատասխանին:
- Քիչ առաջ Աստվածաշունչ էի կարդում, փնտրում էի...
- Էդ ո՞ր օրվա հավատացյալն է,- Արամը հարցն ավելի շատ ուղղեց մորը:
- Թող խոսի,- Հովսեփը ձեռքը դրեց որդու ձեռքին: Դարձավ աղջկան:- Ի՞նչ էիր փնտրում:
- Պա, գիտե՞ս ինչ էր այն հյուսնի անունը, ով Քրիստոսի խաչն էր սարքել:
- Անո՞ւնը... իսկ դա կարեւո՞ր է:
- Չգիտեմ... Ուզում էի իմանալ...
- Ճիշտն ասած, երբեւէ մտքովս չի անցել,- մայրը մտախոհ, պատառաքաղով քչփորում էր կաղամբն ու միսը:- Ասենք, Սիմոն, Դավիթ... Ղուկաս կամ Եսայի...
- Կայեն ու Աբել,- Արամն էր:
- Մաթեւոս կամ Հովսեփ...,- ուսուցչուհու մասնագիտական բծախնդրությունը ստիպում էր հիշել, մտաբերել Աստվածաշնչյան անուններն ու հանկարծակիի եկավ համերաշխ ծիծաղից:- Ի՞նչ է...
- Մամ, ինչ ասի՞ր... Հովսե՞փ,- չարաճճի ժպտաց Լուսինեն:
- Հա, ինչ է որ...,- ու լռվեց, մեղավոր նայելով ամուսնուն:- Ներիր...
- Ինչ ասացիր որ...,- Հովսեփն զգաց, որ ժպիտը չստացվեց:- Նախ՝ ասածդ միայն վարկած է, իսկ եթե այդ հյուսնի անունը իսկապես Հովսեփ էր... Դա ինչ որ բա՞ն է նշանակում:- Լռությունը հարթելու համար նորից փորձեց ժպտալ:- Լուսինե, վերջապես միտքդ ավարտելո՞ւ ես...
- Եթե նրան պատվիրել են ու նա էլ ամուր, շատ լավ խաչ է սարքել, մտքով չի՞ անցել, թե ինչի համար է այդ խաչը:
- Այո՜... չէի կարծում, որ քույրիկիս գեղեցիկ գլուխը լուրջ հարցերով է զբաղված...
- Գուցե լռե՞ս,- ավելի հոր հայացքից, քան խոսքերից Արամը վերջնականապես սսկվեց:- Իսկ դու շարունակիր:
շարունակելի
Էջանիշներ